Շարժումն անհետեւանք չի մնա, Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հեռանալ

    • Հարցազրույց - 16 Ապրիլի 2018, 14:59
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

Պարոն Զոլյան, ինչպե՞ս եք գնահատում Երեւանում ծավալվող իրադարձությունները, երիտասարդության մասնակցությունը։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, շատերի համար անսպասելի է, քանի որ մինչև վերջերս ակնհայտ էր, որ ընդդիմությունը շատ թույլ է, հասարակության մեջ տիրապետում էր ապատիան, իսկ Սերժ Սարգսյանը շատ լավ ամեն ինչին նախապատրաստվել էր: Թերևս դրա պատճառով է, որ առաջացան բազմաթիվ դավադրության տեսություններ այս բողոքների առումով: Գուցե անհամեստություն կթվա, բայց դեռ անցյալ տարվանից ասում էի, որ Սերժ Սարգսյանի վարչապետության կանխումը կարող է հիմք դառնալ լայն մոբիլիզացիայի համար: Սա իրոք հարմար թեմա է ընդդիմադիր զանգվածին միավորելու համար, քանի որ թույլ է տալիս միավորել տարբեր հայացքների և գաղափարախոսությունների կրող մարդկանց:

Այդ առումով, ես համաձայն չեմ այն քննադատությունների հետ, թե բողոքները հստակ ծրագիր չունեն: Ոչ, միշտ մարդկանց ավելի հեշտ է համախմբել նրա շուրջ, ինչին նրանք դեմ են, այլ ոչ թե նրա շուրջ, թե ինչին նրանք կողմ են: Այդպես է եղել միշտ, ֆրանսիական հեղափոխությունից մինչև այսօր, այնպես որ դա միանգամայն նորմալ է: Ընդհանրապես, այն իրավիճակը, որ այսօր ունենք, շատ արագ է զարգանում, և դա ևս շատ բնորոշ է նման իրավիճակներին: Երբ սկսվում է զանգվածային մոբիլիզացիա, երբ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, իրադարձությունները սկսում են զարգանալ միանգամայն նոր տրամաբանությամբ, և իրավիճակը կարող է տրամագծորեն փոխվել օրերի ընթացքում: Այս առումով, այնքան էլ էական չէ, թե ով է հանդես եկել նախաձեռնությամբ ի սկզբանե, և ինչ ծրագրեր ու նպատակներ ունի այս կամ այն քաղաքական ուժը: Որպես օրինակ, եկեք հիշենք՝ ինչպես էր զարգանում 88 թվի շարժումը: Անգամ, եթե ի սկզբանե այդ գործընթացը վերահսկելի էր իշխանության համար, այսօր արդեն գործում է միանգամայն այլ դինամիկա, և արդյունքները կարող են լինել շատ անսպասելի:

Հետաքրքիր հարց է, թե ինչու իշխանությունը այսօր ավելի խիստ չի արձագանքում: Ամենատարբեր բացատրությունները կան, սկսած նրանից, որ այս ամենը հենց իշխանության պրոյեկտն է, ինչը ինձ թվում է անտրամաբանական, վերջացրած նրանով, որ ռեժիմը խուճապի մեջ է, ինչն ինձ թվում է չափազանցություն: Կարծում եմ, խնդիրն այն է, որ իշխանությունը չի ուզում կիրառել բռնություն, քանի որ դրանով հզոր հարված կհասցվի Սերժ Սարգսյանի լեգիտիմությանը որպես վարչապետ: Տաս տարի առաջ մարտի մեկը լուրջ խնդիրներ ստեղծեց նրա համար, և այժմ իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի այդ սցենարից: Կարծում եմ, իշխանության հաշվարկն այն է, որ երբ Սերժ Սարգսյանի ընտրությունը կայանա, բողոքավորների կամքը կկոտրվի, նրանք կհոգնեն և կցրվեն տներով:

Ի վերջո, եթե չհաջողվեց նպատակի իրագործումը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության տապալումը, վաղն ամեն ինչ կվերջանա՞, թե նոր ալիք է սպասվում։

Վերջնական արդյունքի առումով, իհարկե այսօր, չնայած ամեն ինչին, դժվար է պատկերացնել, որ շարժումը կհասնի իր անմիջական նպատակին: Բայց սա չի նշանակում, որ այն կլինի անհետևանք: Արդեն իսկ նրա արդյունքն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ լեգիտիմությունը կասկածի տակ դրվեց: Եթե հիշում եք, 2017 թ. ընտրություններից հետո բազմիցս ասվում էր, որ հետընտրական զարգացումներ չեղան: Իշխող վերնախավի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ նրանք իրոք ունեն հասարակության աջակցությունը, կամ առնվազն չկա ուժեղ հակազդեցություն: Սա հիմք էր դառնալու, որպեսզի աստիճանաբար ավտորիտար համակարգը կոնսոլիդացվի և իրագործվի միջինասիական կամ ադրբեջանական մոդելը: Ոչ միայն Ռուսաստանը, այլև Արևմուտքը այդ սցենարի հետ խնդիր չունեին, քանի դեռ պահպանվում էր գործընթացի ֆորմալ կողմը: Այս բողոքները ցույց են տալիս, որ իրականում Սերժ Սարգսյանի աջակցությունը շատ ավելի քիչ է, քան ենթադրվում էր, և, երբ նա դառնա վարչապետ, կարճաժամկետ կտրվածքով դա կստիպի նրան ավելի զգույշ լինել և հաշվի նստել հանրության կարծիքի հետ: Իսկ երկարաժամկետ կտրվածքով, դա կարող է հանգեցնել նրա իշխանության թուլացմանը, և ի վերջո նա ստիպված կլինի հեռանալ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թ-ից իրադարձությունների արդյունքում խիստ թուլացավ և 1998 թ-ին ստիպված եղավ հեռանալ:

Բայց իմ ասածն ընդամենը այս պահին ամենահավանական թվացող սցենարն է։ Բավական է, որ կողմերից մեկը կոպիտ սխալ կատարի, և իրավիճակը կարող է շատ արագ թեքվել այս կամ այն կողմ:

Ամենաընթերցվածը