«Ապրիլի 17-ից հետո կխոսենք». Շարմազանով

    • Հարցազրույց - 16 Ապրիլի 2018, 09:22
Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, Երևանում բազմամարդ հանրահավաքներ ու ակցիաներ են տեղի ունենում։ Ինչպե՞ս եք գնահատում։

ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով երթեր, հանրահավաքներ անելու։ Դա իրենց իրավունքն է։ Իհարկե, ես ասել եմ, որ իրենց օրակարգը կեղծ է, բայց իրենց իրավունքն է անել հանրահավաքներ։ Մտահոգվելու ոչինչ չկա, Հայաստանում Սահմանադրությունը պետք է պարտադիր լինի բոլորի համար, և մենք պատրաստվում ենք իրացնել մեր իրավունքը։

Հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ն վերանայի վարչապետի թեկնածուի հետ կապված իր որոշումը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հատկապես, որ Դավիթ Հարությունյանը նշել էր, որ մեկ թեկնածուի հարց չի քննարկվել։

ՀՀԿ-ի 200 հոգուց ավելի անդամ ունեցող խորհուրդը միաձայն, այդ թվում Դավիթ Հարությունյանը հավանություն է տվել Կարեն Կարապետյանի առաջարկին, և առաջադրել ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Հավատացեք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները կներկայացնեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը արդեն խորհրդարանում։

Այդուհանդերձ, հրապարակում հնչող կոչերը, քաղաքացիների բողոքի ցույցերը քննարկվե՞լ են ՀՀԿ-ում։

Ոչ, չեն քննարկվել։

Այսինքն՝ ձեզ համար անակնկալ չէ՞ր, որ մարդիկ հավաքվել են հրապարակում, փողոցներ են փակել։

Այդ մարդիկ իրավունք ունեն հավաքվելու, ամեն մեկն իրավունք ունի։ Այդտեղ ի՞նչ անակնկալ կա։ Ես հիմա չեմ ուզում որևէ գնահատական հնչեցնել, ապրիլի 17-ից հետո կխոսենք։ Բայց կարծում եմ, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։

Այսինքն՝ փողոցներ փակելը արտառոց չէ՞։

Դե իրենց իրավունքն է, ես չէ, որ պետք է գնահատական տամ։ Ոստիկանությունն ու դատախազությունը հայտարարություն են արել, դա իմ լիազորությունների շրջանակում չէ։ Ես որպես ԱԺ փոխնախագահ, ասում եմ, որ մենք հանգիստ գնալու ենք իրականացնենք մեր սահմանադրական իրավունքը։ Մնացածը, թե ով ինչ է ցանկանում, մեզ համար որևէ անակնկալ չէ, որ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են պաշտպանում ՀՀԿ-ին։ Հայաստանում, առնվազն խորհրդարանում կա 4 քաղաքական ուժ, որոնք ունեն իրենց օրակարգերը։ Պարզապես քաղաքացիների մեծամասնությունը մեզ է տվել մինչև 2022 թվականը Հայաստանում կառավարություն ձևավորելու իրավունքը, և մենք պատրաստվում ենք այդ իրավունքը, որն ստացել ենք 2017-ի ապրիլի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իրացնել ևս մեկ անգամ 2018-ի ապրիլի 17-ին։ Ապրիլի 17-ը Հայաստանում իշխանության և ընդդիմության ձևավորման օր չէ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկսում են կոնկրետ գործողություններ, փողոցներ, կամուրջներ կփակեն։ Դուք այս առումով չունե՞ք մտահոգվելու առիթ, թե՞ այս օրերին հրապարակում ոստիկանների գրեթե բացակայությունը, նրանց լռությունը խոսում է այն մասին, որ իշխանությունը որոշել է հնարավորինս չդիմել կոշտ մեթոդների։

Նախ, իշխանությունը սադրանքների չի տրվելու, իրենց շոուներին մասնակից չի լինելու, բացի այդ, իշխանությունը որևէ անօրինական գործողություն չի անելու։ Բոլոր այն գործողությունները, որոնք կլինեն օրինականության շրջանակներում, մեզ համար ընդունելի են, բոլոր այն գործողությունները, որոնք հակասում են Հայաստանի օրենսդրությանը, ընդունելի չեն։ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության մայր օրենքն է, Սահմանադրությունը տվել է մեզ այդ իրավունքը, պատգամավորները ներկայացնում են ողջ ժողովրդին, նրանք կգնան ապրիլի 17-ին և կներկայացնեն իրենց դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է այդ գործողությունների գնահատականներին, ես որևէ ձևով չեմ գնահատում և չեմ էլ պատրաստվում գնահատական հնչեցնել, որովհետև նրանք ցանկանում են սա ներկայացնել որպես իշխանության և ընդդիմության պայքար։

Ինչ վերաբերում է իրենց գործողություններին, ես արդեն ասացի, եթե օրինական կլինեն, դրական կընդունենք, անօրինական կլինի, բնականաբար, լինի իշխանության, թե ընդդիմության մի փոքր հատվածի կողմից, որևէ ժողովրդավարական երկրում որևէ անօրինական գործընթաց չի կարող ողջունվել։

Իսկ հնարավո՞ր է, որ ԱԺ նիստի օրն ու վայրը տեղափոխեք։

Օրը փոխելու իրավունք չունենք, վայրի մասին որևէ քննարկում չենք արել, մտքներովս չի էլ անցել։

Բա ինչպե՞ս պատահեց, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղափոխեցիք Ծաղկաձոր։

Դա որևէ կապ չուներ նախօրեի հանրահավաքի հետ։ Այդ հարցն առնվազն մեկ ամիս առաջ որոշվել էր կուսակցությունում։

Ամենաընթերցվածը