Մոսկվան իրեն պահել է սպասքի խանութում հայտնված փղի պես. Վրաց քաղաքագետ

    • Հարցազրույց - 13 Ապրիլի 2018, 18:07
Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Պարոն Վասաձե, ԱՄՆ նախագահ Թրամփը զգուշացրել է Ռուսաստանին, որը խոստացել էր խփել ամերիկյան հրթիռներին։ «Պատրաստվիր Ռուսաստան, դրանք կթռչեն, այնքան գեղեցիկ, նոր ու «խելացի»,-գրել է Թրամփն իր Twitter-ում, ապա ավելի ուշ հավելել. «Ռուսաստանին պետք է մեր օգնությունը տնտեսության զարգացման համար, մեզ համար դժվար չէր լինի այն տրամադրել։ Եկեք դադարեցնե՞նք սպառազինությունների մրցավազքը»։ Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը։

Նրանց համար, ում հետաքրքրում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ԱՄՆ նախագահի Twitter-ը պետք է կարդալ ամեն օր, ընդ որում՝ իրական ժամանակի ռեժիմով։ Դրանում հայելու պես արտացոլվում են ոչ միայն համաշխարհային առաջնորդի վարքի թրենդները, այլև ներքին պայքարը, որն ընթանում է ԱՄՆ վարչակազմում և որը շատ առումներով կանխորոշում է համաշխարհային օրակարգը։ Նախօրեին էլ մենք տեսանք թվիթներ, որոնք առաջին հայացքից կարծես հակասում են իրար, իսկ փաստացի պարզապես փոխլրացնում են։ Ես դրան կավելացնեի ԱՄՆ նախագահի ևս մեկ թվիթ, որտեղ նա գրում է այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքի մեծ մասը գալիս է Մյուլլերի հանձնաժողովից, որը վերահսկում են դեմոկրատները։

Թրենդը բացարձակապես պարզ է։ Արևմտյան իսթեբլիշմենթը չի ցանկանում խոսել ՌԴ ղեկավարության հետ և ուզում է ուժ ցուցադրել։ Շատ առումներով ՌԴ ղեկավարությունը մեղավոր է դրանում։ Այնտեղ ինչ-որ փուլում Արևմուտքի երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, մասնատվածությունը ընկալվեց որպես թուլություն և մանիպուլյացիաների հնարավորություն։ Թե ինչ դրանից դուրս եկավ, մենք տեսնում ենք այսօր։

Որքանո՞վ այս աշխարհքաղաքական կոնյունկտուրան կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես գրում են ԶԼՄ-ները։

Երրորդ համաշխարհային, երկրորդ սառը պատերազմ, սրանք ավելին չեն, քան պատմական համեմատություններ։ Պետությունների միջև պատերազմներ եղել են, կան ու կլինեն գլոբալ մասշտաբով։ Դա մարդկության բնական վիճակն է, և դրանից չես փախչի։ Այլ բան է, որ շատ հաճախ այդ նույն պատերազմները կրում են ոչ պատերազմական բնույթ։ Թնդանոթները, ինչպես հայտնի է, թագավորների վերջին փաստարկներն են, բայց միայն վերջին։

Իսկ եթե դուք նկատի ունեք փոխադարձ հարվածները խոշոր միջուկային տերությունների միջև՝ երաշխավորված փոխադարձ ոչնչացմամբ, ապա դժվար թե բանը դրան հասնի։ Այդուհանդերձ, դրան հավատացող մարդիկ պետք է պատրաստ լինեն ամեն ինչի։

Պարոն Վասաձե, Ձեր կարծիքով Ռուսաստանը վերանայե՞լ է իր քաղաքականությունը Կովկասի երկրների նկատմամբ։ Մասնավորապես, Մոսկվան Հայաստանում դեսպան է նշանակում մի մարդու, որը երկար աշխատել է ԵՄ-ում, ոչ թե մեկին, ում արտաքսել են որեւէ երկրից:

Կովկասում Ռուսաստանի քաղաքականության վերանայումը... եթե ամեն բան այդքան հեշտ լիներ։ Հասկանալի է, որ ՌԴ-ն իր շահերն ունի Կովկասում, թե որքանով են դրանք համընկնում կամ հակասում Հարավային Կովկասի երկրների շահերին, երկար ու մանրամասն քննարկման առարկա է։ Ըստ էության՝ դիվանագետների աշխատանքն այն է, որ լինեն որքան հնարավոր է շատ համընկնումներ և հնարավոր լինի հաղթահարել հակասությունները։ Վերջին գրեթե 30 տարում Կովկասում մետրոպոլիան իրեն պահել է սպասքի խանութում հայտնված փղի պես, որտեղ պետք էր գործել վիրաբուժական դանակով և անեսթեզիայով, նրանք գործել են կացինով։ Արդյունքներն ակնհայտ են և, անկեղծ ասած, դա փոխելու առանձնապես ցանկություն ես չեմ նկատում։

Ամռանը տեղի կունենա ՆԱՏՕ-ի Վեհաժողովը, որի ժամանակ Վրաստանը կարող է ստանալ դաշինքի անդամության «անցողիկ փաստաթուղթ»։ Ձեր կարծիքով՝ այդ առումով Վրաստանն արդեն մոտեցե՞լ է վերջին գծին։

Վրաստանին պետք չէ որևէ անցողիկ փաստաթուղթ, երկիրը վաղուց արդեն ինստիտուցիոնալ կապեր ունի ՆԱՏՕ-ի հետ, ընդ որում՝ թե դիվանագիտական, թե ռազմական։ Բնական է, որ միակ բանը, որ Վրաստանին իսկապես անհրաժեշտ է, լիիրավ անդամակցությունն է, որի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետն է, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն։ Մնացած բոլորը Վրաստանն արդեն իրականացրել է և ունի։ Ինչ վերաբերում է լիիրավ անդամակցությանը, դա կախված է ոչ Վրաստանից և ոչ էլ անգամ Ռուսաստանից։ Այդ հարցի նպատակահարմարությունը որոշվում է Վաշինգտոնում։ Եթե կարիքը լինի, հենց վաղն էլ կընդունեն, բայց, ինչպես երևում է, դեռևս չեն տեսնում նման նպատակահարմարություն։

Ամենաընթերցվածը