Մարդկանց, ովքեր փորձում են անտարբեր չմնալ, նրանց քարկոծելը ավտորիտարիզմին աջակցելու գործելակերպ է

    • Հարցազրույց - 12 Ապրիլի 2018, 19:32
Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունց, «Freedom House»-ի զեկույցի համաձայն` ժողովրդավարության ոլորտում Հայաստանն այս տարի նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը։ Ինչպե՞ս եք գնահատում։

«Freedom House»-ն այն եզակի հեղինակավոր միջազգային կազմակերպություններից է, որի գնահատականները կարևորվում են միջազգային հարաբերություններում և նաև միջպետական մարմիններում առանձին երկրների նկատմամբ քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակ։ Այն հիմնվում է միմիայն օբյեկտիվ փաստերի վրա։ Ավելին, Freedom House-ի զեկույցները յուրատեսակ ախտորոշիչներ են, որոնք գնահատում են, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ վիճակում է գտնվում ժողովրդավարությունը և ընդհանրապես կառավարման վիճակը, քաղաքացիական հասարակության, տնտեսական ու քաղաքական ազատությունների, մամուլի վիճակը և այլն։ Նա նաև հստակ ունի մշակված մեթոդիկա՝ ախտորոշելու ժողովրդավարության վիճակը։ Այդ առումով կազմակերպությունը դեմ լինելու դիրքերից չէ իր գնահատականները ձևակերպում, այլ նպատակ ունի ազդանշան տալու հնարավոր զարգացումների կամ փոփոխությունների դինամիկայի վերաբերյալ՝ տվյալ երկրների կառավարություններին, հասարակությանը համապատասխան եզրակացություններ կազմելու, իրավիճակը փոփոխելու նպատակով։

Այսինքն՝ սա անկախ դիտարկում է, և «Freedom House»-ի զեկույցները քաղաքական կոնյուկտուրայի տեսակետիից գնահատելը որևէ կերպ արդարացված չէ։ Քննադատողներն ավելի շուտ պետք է ինքնաքննադատաբար մոտենան և քաջություն ու քաղաքական կամք ունենան ճանաչելու, հասկանալու և առերեսվելու իրենց երկրներում խնդիրների հետ և փորձելու քայլեր կատարել, որպեսզի ժողովրդավարության վիճակը վատթարացնող գործընթացները կանխեն և ժողովրդավարությանն ուղղված քայլեր կատարեն։ Իսկ դիրքավորվել՝ նպատակ ունենալով արժեզրկել «Freedom House»-ի գնահատականները, ես  համարում եմ իրական վիճակը կոծկելու փորձ, երկրորդը՝ դա ցույց կտա, որ համապատասխան ներկայացուցիչները, հատկապես իշխանությունները իրապես որևէ կամք չունեն ժողովրդավարության զարգացման ուղղությամբ քայլ կատարելու։  Դա ավելի հատուկ է ավտորիտար պետությունների քաղաքական վերնախավին։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը ավտորիտար երկիր դառնալու վտանգի առջև է կանգնած, նաև նշվում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք բավական հետընթաց է արձանագրվել, նաև հատուկ ուշադրության է արժանացել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգումը։

Շատ տեղին դիտարկում է, որովհետև նույն անձի կողմից անընդհատ իշխանության գլուխ գտնվելու միտումը, այսինքն՝ երկու անգամ նախագահ լինելուց հետո կառավարման համակարգի փոփոխության արդյունքում նաև երրորդ անգամ իշխանության գլուխ լինելը հանդիսանում է ավտորիտար երկրին բնորոշ գործընթաց ու վարքագիծ, այն, ինչ տեսնում ենք Ադրբեջանում, Բելառուսում, Միջին Ասիայի պետություններում, Ռուսաստանում, թեև վերջինիս կողմից դա արվում է քողարկված։ Բոլոր դեպքերում, նույն անձի կողմից իշխանությունը ձեռքում պահելու այդ միտումը ավտորիտարիզմին բնորոշ հատկություն է։ Եվ այն, որ 10-ամյա նախագահության արդյունքում հենց այդ գործընթացն է սկսվում Հայաստանում, դա ոչ միայն ավտորիտարիզմի ամրագրում է նշանակում, այլև հանդիսանում է յուրատեսակ ամփոփումը նախորդ տարիների զարգացումների, որոնք իրենց ուղղությամբ ու բովանդակությամբ հանդիսանում են ոչ ժողովրդավարական։

Երկրորդ, «Freedom House»-ը շատ տեղին է նշում, որ 2008 թվականի մարտի 1-ով մեկնարկած իշխանությունը, հանձինս Սերժ Սարգսյանի, այդպես էլ համակարգային նշանակություն ունեցող խնդիրներին լուծում չի տվել, այդպես էլ իրավական  գնահատական չտրվեց «Մարտի 1»-ի հանցագործությանը, որը ես որակում եմ որպես պետական ահաբեկչություն քաղաքացիների նկատմամբ, բայց որևէ մեկը պատասխանատվություն չկրեց 10 սպանվածների համար զինված ուժերը խաղաղ ցուցարարների դեմ կիրառելու փաստերի հիմքով։ Այս անպատժելիությունը հենց հանդիսանում է ավտորիտարիզմին բնորոշ հատկություն։

Այս օրերին տարբեր ընդդիմադիր քաղաքական ու քաղաքացիական խմբեր փորձում են պայքարել Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է հաջողվելու իրականացնել մի քանի օրվա մեջ՝ հաշվի առնելով, որ վարչապետի ընտրությունը նախատեսված է ապրիլի 17-ին։ Ինչպե՞ս եք գնահատում ընտրված մարտավարությունը՝ շրջափակել ԱԺ շենքը, պատգամավորների տները և թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ նիստին։

Ես մի քանի անգամ ելույթ եմ ունեցել այդ հանրահավաքների ժամանակ, բայց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն կարող անել այն, որը պետք է անեն քաղաքական ուժերը։ Մենք կարող ենք օրակարգում մեր հարցերը առաջադրել, որը միշտ արել ենք։ Խոսքը վերաբերում է և մարդու իրավունքների խախտումներին, այդ թվում համակարգային առումով, և կոռուպցիային, և ընտրություններին, և մամուլի ու խոսքի ազատությանը։ Սա այն հիմնական ոլորտներն են, որոնց «Freedom House»-ն իր զեկույցում անդրադարձել է։ Այդ օրակարգում առաջադրված խնդիրները, որոնք կարևոր են  ժողովրդավարական պետության համար, դրանք իրացնելու պատասխանատուն քաղաքական ուժերն են, որոնք որոշում են կայացնում իշխանությունների հետ միասին։ Նկատի ունեմ Ազգային ժողովն ու գործադիր, նաև դատական իշխանությունը։ Այս օրերին ընթացող բողոքի գործողությունները ես ավելի լավ եմ գնահատում, քան այն պասիվությունն ու անտարբերությունը, որը շատերը որդեգրել են։ Ավելի լավ է դիրքորոշում արտահայտել, անհամաձայնություն ու վերաբերմունք արտահայտել, քան ընդհանրապես լռել այն ապօրինության փաստի վերաբերյալ, որը հիմա կատարվում է Հայաստանում։ Այսինքն՝ անտարբերությունն ավելի մեծ չարիք է, քան ամեն տեսակ քննադատվող գործողությունները, որոնց արդյունքի վերաբերյալ կա կասկած։ Այդ գործողությունների արդյունավետության վերաբերյալ արտահայտվող կասկածները ավելի շատ նպաստում է այն ապօրինությանը, որը Սերժ Սարգսյանի վարչակազմը փորձում է պարտադրել և պարտադրում է ՀՀ-ին։ Այսինքն՝ անտարբերությունն ավելի մեծ չարիք է, քան ապօրինությունների դեմ բողոքը, թեկուզ ոչ արդյունավետ։ Ես կարծում եմ, որ դա արդյունավետ է այն առումով, որ Սերժ Սարգսյանը և ընդհանրապես ցանկացած ավտորիտար վարչակազմ չպետք է իրեն զգա ապահով, որ «իմ դեմ խաղ չկա» մտածելակերպը դարձել է տիրապետող Հայաստանում։ Եթե այդ մտածելակերպը դառնում է մշտական վարքագիծ, դա նշանակում է, որ գործ ունենք բռնապետության հետ։ Այն ուժերը, որոնք մի կողմ են քաշվում և կասկածի տակ են դնում, ավելին՝ քննադատում են բողոքի գործողությունները, ես նրանց բոլորին համարում եմ Հայաստանում կոշտ ավտորիտարիզմի ձևավորման ուղղակի նպաստողներ, ավելին՝ ուղղակի պատասխանատուն եմ համարում Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հետ համատեղ ապագա բռնապետական կարգերի հաստատման մեջ, որոնք որդեգրել են մեկ վարքագիծ՝ հարմարվել եկող կոշտ ավտորիտարիզմի և մեծ հավանականությամբ բռնապետական պայմաններում գոյատևելուն։

Երկրորդը, ես կարծում եմ, որ օրակարգը կարող էր լինել շատ ավելի հարուստ։ Այն, որ իրապես պետք է կանխել նույն անձի կողմից երրորդ անգամ իշխանության գլխավորումը, միանշանակ է և նվազագույն ծրագիրն է։ Բայց դա վերջնականը չի կարող լինել։ Ես կարծում եմ, որ Հայաստանում հիմնական խնդիրը համակարգային կոռուպցիան է։ Բոլոր ավտորիտար ու բռնապետական կառավարման համակարգերում քաղաքական, տնտեսական կառուպցիան կառավարման հիմնական մեխանիզմներն են։ Խոսքը կաշառքի մասին չէ, խոսքն այն մասին է, որ ամբողջ հանրային ռեսուրսները կենտրոնացված են մեկ անձի ձեռքին։ Այդ կոռուպցիայի դեմ պայքարը որպես Հայաստանում կոշտ ավտորիտարիզմի և առավել հավանական բռնապետության հաստատման համար կարևոր պայման, դա պետք է դրվի որպես օրակարգային հարց։

Իրականում «Freedom House»-ը նշում է, որ ձևական են ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ լինելու մասին իշխանությունների հավաստիացումները։ Եվ այս ձևականությունը ի ցույց դնելու խնդիր ունենք, որովհետև միջազգային շատ կառույցների աջակցում են տեղական այսպես կոչված փորձագետները, բայց իրականում Սերժ Սարգսյանի իշխանության սպասավորները, որոնք այնպիսի իմիջ են ձևավորել, որ Սերժ Սարգսյանն ամենարևմտամետն է, որն ամբողջությամբ հակասության մեջ է գտնվում Սերժ Սարգսյանի կողմից գործադիր իշխանությունը երեք անգամ անընդմեջ գլխավորելու ձգտման հետ։ Եվ միջազգային կառույցները պետք է կարողանան համարժեք ձևով արձագանքել, իսկ դրան հասնելու համար մենք պետք է ջանքեր գործադրենք։

Կա խնդիր, որ պետք է օրակարգում դրվի. Դա ռուսական ռազմաբազայի առկայությունն է Հայաստանում, Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամագրումից դուրս գալու խնդիրը, Ղարաբաղյան խնդրի հետ կապված մոտեցումները, սրանք այն հիմնարար հարցերն են, որոնք ֆունդամենտալ նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերականգնման և ավտորիտարիզմի գործընթացը կասեցնելու տեսակետից։ Իսկ այն փորձագետները, որոնք սա նշում են, բայց շարունակում են պնդել, որ Սերժ Սարգսյանն է ամենաարևմտամետը, սա արդեն հանցագործություն եմ համարում ՀՀ-ի ժողովրդավարական կարգերի՝ որպես սահմանադրական բուն կարգի դեմ։ Պետք չէ մնալ անտարբեր։ Իսկ մարդկանց, ովքեր փորձ են անում անտարբեր չմնալ, նրանց քարկոծելը անգործության և ավտորիտարիզմին աջակցելու գործելակերպ է։

Ամենաընթերցվածը