Աթաթուրքի արած քայլը հարյուր տարի հետո անում է Էրդողանը, ստրկամիտ հայերի ձեռքով

    • Հարցազրույց - 14 Փետրվարի 2018, 10:34
Մեր զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը

Պարոն Մելքոնյան, երեկ հրապարակվեց Գարեգին Բեկչյանի հրաժարականի նամակը։ Արամ Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես Կ.Պոլսի պատրիարքական փոխանորդ։ Ավելին, Աթեշյանն էլ հայտարարում է, որ ինքն անընդունելի անձ չէ համայնքի համար։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։

Նախ և առաջ պետք է ֆիքսել, թե Բեկչյան սրբազանն ինչ առաքելություն ուներ և ինչ էր ցանկանում անել։ Հասկանանք, որ 70-անց այդ հոգևորականը, որն իր կյանքի տարբեր փուլերում տարբեր դիրքերի է հասել և մեծ ծառայություններ ունի մատուցած, այս պարագայում ուներ մի կարևոր առաքելություն՝ նպաստել, որ անցկացվեն պատրիարքական ընտրություններ։ Բեկչյան սրբազանը ոչ նոր կարիերա էր անելու, ոչ էլ ինչ-որ մեծ ամբիցիաներ ուներ։ Բայց, ցավոք սրտի, համայնքի մի մասը և թուրքական իշխանությունները միասնաբար հանդես եկան այդ վաստակաշատ հոգևորականի դեմ ու հանգեցին նրան, որ ի վերջո և համայնքի որոշակի շրջանակների կողմից, և հոգևորականների կողմից, և ամենակարևորը՝ թուրքական իշխանությունների պարտադրմամբ նա ստիպված եղավ հեռանալ։ Նախօրեին նրա հրապարակած նամակն իրոք շատ տխուր էր երեք առումով։ Եվ որպես հոգևորականի նամակ, և որպես անձի, և որպես  համայնքի խնդիրների պատասխանատուի նամակ։ Այդ նամակում սրբազանն, ըստ էության, կիրթ, զուսպ նկարագրել է Թուրքիայում և կոնկրետ համայնքում տիրող իրավիճակը։ Այսինքն՝ ստրկամտության սարսափելի ծավալներ, թուրքական  իշխանությունների դեմ ըմբոստության, համարձակության նշույլների բացակայություն և նաև թուրքական իշխանությունների սցենարը՝ հարված հասցնել ոչ միայն հայ եկեղեցուն, հայոց պատրիարքությանը, այլև հայկական ինքնությանը, որովհետև պոլսահայ համայնքը և նրա ինքնությունը խարսխված են նաև պատրիարքության վրա և նրա շուրջը։ Այս առումով, երբ համայնքի շարքային անդամը, հավատացյալը կորցնում է իր հավատը, իր վստահությունը և պատրիարքության կառույցի նկատմամբ, և գահակալի նկատմամբ, նրան մնում է երկու ճանապարհ՝ կամ ընդհանրապես հեռանալ եկեղեցուց, կամ իրեն այլևս չասոցացնել այդ համայնքի հետ։ Երկու դեպքում էլ  սա տանում է դեպի ձուլում։ Այսինքն՝ սա մեծագույն հարված է հայապահպանությանը։

Կարծում եմ՝ Բեկչյան սրբազանի նամակը շատ կարևոր զուգահեռներ ունի անցյալ դարաշրջանի հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի համանման նամակի հետ։ 1922 թվականին, այսինքն՝ 100 տարի առաջ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ցանկությամբ այն ժամանակվա հայոց պատրիարքը լքեց Թուրքիան, բայց նրան այդ քայլին դրդեցին կրկին համայնքային գործիչները, հոգևորականները, այսինքն հայերի ձեռքով նրան հեռացրեցին։ 100 տարի անց Թուրքիայի նախագահ Էրդողանի ցանկությամբ Գարեգին Բեկչյանը հեռանում է կրկին հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ։ Սա ցույց է տալիս, որ հայ համայնքը և նրա գործիչները որևէ դաս չեն քաղել անցած հարյուր տարվա ընթացքում, միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ թուրքական ձեռագիրը մնում է անփոփոխ, 100 տարի առաջ Քեմալ Աթաթուրքի արած քայլը հարյուր տարի հետո անում է Էրդողանը, 100 տարի առաջ Աթաթուրքին սպասարկում էին ստրկամիտ հայեր, 100 տարի հետո Էրդողանին կրկին սպասարկում են ստրկամիտ հայերը, ովքեր ներկայացնում են համայնքը և իբրև թե այս ամենն անում են համայնքի համար։ Բայց իրականում սրանք քայլեր են, որոնք գծել է թուրքական պետությունը, և նրանք ուղղակի խամաճիկներ են, ովքեր իրականացնում են այդ քայլերը։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ ելք կունենա ստեղծված իրավիճակը։ Մինչև պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահը պետք է մոռանա՞լ ցանկացած ընտրական գործընթացի մասին։

Ըստ նրանց գրած սցենարի՝ այո, քանի որ մինչև Մեսրոպ պատրիարքի մահը որևէ քայլ հնարավոր չէ անել, և Աթեշյանը մնալու է դե ֆակտո գահակալը և իրականացնելու է թուրքական իշխանությունների համար ցանկալի քայլեր, այսինքն՝ շարունակելու է Էրդողանի ընկեր լինելու իր առաքելությունը կատարել, բայց, ամենակարևորը, պետք է արձանագրել, որ պատրիարքի մահ ասվածը շատ հարաբերական է, քանի որ, ըստ բժիշկների եզրակացության, որը նույնպես անտեսվել է, Մեսրոպ Մութաֆյանը վարում է բուսական կյանք, նրա օրգան համակարգը, բացի սրտից, չի աշխատում, նա անկողնային պառկած է, չունի գիտակցություն, չի ճանաչում ոչ մեկին, նա չի  կարողանում խոսել և ոչ էլ ուտել, ոչ քայլել, ոչ շարժվել, նա կոմայի մեջ է, ուղղակի միացված են սարքեր, որոնց օգնությամբ աշխատում է նրա սիրտը։ Եվ այդ մարդուն համարել իշխող պատրիարք, սա ուղղակի ծաղր է և բարոյականության, և բժշկության, և եկեղեցական օրենքների նկատմամբ։ Եկեղեցական կարգն ասում է՝ եթե պատրիարքն անգործունյա է, ուրեմն նրա փոխարեն պետք է ընտրվի նորը, և նա կոչվի հանգստի։ Իսկ բժշկական տեսանկյունից, հիվանդ Մեսրոպ Մութաֆյանին, որի միայն սիրտն է աշխատում, այն էլ սարքերի օգնությամբ, նորմալ մարդ համարելն ուղղակի անբարո է։ Եվ երբ այս սարքերն անջատվեն, Մեսրոպ Մութաֆյանի սիրտն ուղղակի կանգ կառնի։

Հիմա արդեն այս սարքերի անջատումը կապված է քաղաքական նպատակահարմարության հետ։ Ցավոք սրտի, Մեսրոպ Մութաֆյանին որպես գահակալ համարելը քաղաքական պատրվակ է։ Սա թուրքական իշխանությունները, քաղաքական գործիչները միգուցե կարող են հանգիստ անել, բայց ինչպե՞ս են այդ հարցին մոտենում հոգևորականները։ Չէ՞ որ նրանք ի վերջո հոգևորականներ են, և նրանց գործառույթները նաև երբեմն ուրիշ ոլորտում են տեղավորվում։ Մի՞թե նրանք չեն հասկանում, որ սրանով մեղք են գործում՝ խախտելով ու բացահայտ խաբելով ժողովրդին, թե հիմա շարունակում է գահակալ մնալ Մեսրոպ Մութաֆյանը։ Սա ուղղակի ծաղր է։ Ինչպիսի՞ն է հոգևորականների, պոլսահայ համայնքի, գերագույն հոգևոր խորհրդի պահվածքը, որը քվեարկում և վերադարձնում է Աթեշյանին և որն ուղղակի Լինչի դատաստանի է ենթարկում Գարեգին Բեկչյանին, նման կերպ են ճանապարհում և առիթ դառնում նման նամակի հրապարակմանը։ Չէ՞ որ նրանք երդում են տվել եկեղեցում, ինչպե՞ս են իրենք շարունակելու գործել որպես հոգևորականներ և արդյոք նրանք հույս ունե՞ն, որ հավատացյալներն իրենց մոտենալու են որպես հոգևորականներ։

Պարոն Մելքոնյան, հայկական կողմի մեղավորությունը կա՞ ստեղծված իրավիճակում։ Վերջին շրջանում ստեղծված իրավիճակի շուրջ որևէ գնահատական չհնչեց՝ բացառությամբ այն մեկնաբանության, որ փետրվարի 20-ին Գերագույն հոգևոր խորհուրդը դիրքորոշում կհայտնի Պոլսո Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Ես կարծում եմ, որ կար որոշակի հապաղում, և ընդհանրապես այս տարիների ընթացքում այդ հապաղումն անընդհատ տեսանելի էր։ Ամենայն հայոց կաթողիկոսն ունի որոշակի մտավախություն, քանի որ ի վերջո Ստամբուլում կրկին ապրում են իր հոտի ներկայացուցիչները, հայ առաքելական քրիստոնյաներ, ովքեր ամենօրյա վտանգի առջև են կանգնած, թուրքական սպառնալիքի տակ են, և վեհափառը պատասխանատվություն է զգում նաև նրանց նկատմամբ։ Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ թուրքական քայլերը անշեղորեն, ագրեսիվ կերպով գնում էին մեկ նպատակի, ինչին նրանք հիմա մոտավորապես արդեն հասել են, և հապաղումը կարող էր ունենալ բացասական հետևանքներ։ Պետք է հաշվի առնել, որ պոլսահայ համայնքը, ըստ էության, կրոնական համայնք է, և Մայր աթոռի խոսքը շատ մեծ նշանակություն ունի։ Եվ այսքան տարիների ընթացքում հոգևորականների, պատրիարքության տարբեր պատասխանատուների, մամուլի, կոնկրետ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի, օլիգարխների՝ կոնկրետ Շիրինօղլուի և մյուսների քայլերը պետք է ի վերջո ստանային համապատասխան արձագանք: Նաև ի վերջո պետք է հասկանալ, որ Պոլսո պատրիարքությունը ոչ միայն պոլսահայերի, այլ նաև ամբողջ հայության հոգևոր մշակութային ժառանգության մասն է կազմում։ Մեր հապաղումը ունեցավ այդպիսի հետևանքներ։ Փետրվարի 20-ին Էջմիածնում Հոգևոր խորհրդի նիստ է տեղի ունենալու, որտեղ անդրադառնալու են այդ խնդրին, բայց արդեն անդրադառնալու են պոստ ֆակտում, այսինքն՝ ես հույս ունեմ, որ կլինեն հստակ հասցեական գնահատականներ և հոգևորականների գործունեության վերաբերյալ, ովքեր անտեսում էին կաթողիկոսի և Մայր աթոռի և եկեղեցական օրենքները և գերակա էին համարում թուրքական իշխանությունների կամայականությունները, և Բեկչյանի հեռացման  վերաբերյալ, և նաև ապագայի, թե ինչպիսին է լինելու։

Թուրքական իշխանությունները նշել են իրենց սցենարը, Մայր Աթոռը նույնպես պետք է նշի, թե ինչպես է պատկերացնում հետագա ընթացքը՝ ըստ եկեղեցական կարգի։ Եվ Մայր աթոռի հայտարարությունը չպետք է նմանվի Մինսկի խմբի համանախագահների հերթապահ հայտարարությանը, պետք է լինի հստակ գնահատական, կոնկրետ հայտարարություն, քանի որ թուրքական իշխանությունները կոնկրետ վիրավորում են՝ նշելով այսպես կոչված տեղապահ Գարեգին Բեկչյանին այն դեպքում, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բեկչյանին ասում է Պոլսո աթոռի տեղապահ, և այդ մարդուն, ում ընդունում է կաթողիկոսը, չեն ընդունում թուրքական իշխանությունները։ Եվ երբ Աթեշյանն ասում է, որ ինքը վայելում է համայնքի աջակցությունը, սա մասնակի կարող ենք ասել, քանի որ նա վայելում է համայքնի ստրկամիտ հատվածի աջակցությունը, վայելում Ժամանակ օրաթերթի Արա Գոչունյանի, Շիրինօղլուի և մյուսների աջակցությունը: Միգուցե այլ շրջանակների աջակցություն նույնպես վայելում է, բայց կան համայնքի ներկայացուցիչներ, ովքեր չեն ընդունում Աթեշյանին, կա որոշակի դժգոհ խումբ, և տեսնում ենք անգամ պատարագների ժամանակ ինչ է տեղի ունենում: Կիրակնօրյա պատարագն առանց սկանդալի չընթացավ, վերջին պատարագի ժամանակ սասունցի կինը իր բողոքն արտահայտեց բարձրաձայն աղոթելով, և տեսեք թե նրան ինչ արեցին, ոստիկանները հեռացրին, ասինքն՝ Աթեշյանը պատրաստվում է պատարագ իրականացնել հայկական եկեղեցում թուրքական ոստիկանների հսկողության ներքո։ Սա խայտառակություն է, անթույլատրելի երևույթ է, և կարծում եմ Մայր աթոռի գնահատականները պետք է լինեն կոնկրետ։ Համայնքի այն հատվածը, որը դժգոհություն ունի, սպասում է Մայր աթոռի արձագանքին։ Նա չի ճանաչում պատրիարքությանը, չի ընդունում Աթեշյանին, ընդունում է հայ առաքելական եկեղեցուն, և եկեղեցին պետք է տեր կանգնի համայնքի այդ հատվածին՝ նրան տալով կոնկրետ իր մեսիջներ:

Ամենաընթերցվածը