«Արմեն Սարգսյանի հետ հանդիպման փակագծերն առայժմ չենք բացում»

    • Հարցազրույց - 13 Փետրվարի 2018, 10:34
Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

Պարոն Մելքումյան, ի՞նչ մթնոլորտում է անցել Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը։ Բոլոր հարցերը հասցրի՞ք տալ։

Տարբեր, բազմաթիվ հարցեր են քննարկվել՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական, կոռուպցիոն, մշակույթի, կրթության, գիտության, արտագաղթի, աղքատության և այլնի վերաբերյալ։ Հանդիպման փակագծերը չենք բացում։ Ամենատարբեր խնդիրներն ենք քննարկել, բայց բովանդակությունը չենք բացում, որովհետև ինքը նաև պետք է հետո Ծառուկյանի հետ հանդիպի, դրանից հետո մենք պետք է քաղխորհրդի ու խմբակցության համատեղ նիստ անենք, որից հետո միասնական մեր վերաբերմունքը կորոշենք։

Ընդհանուր առմամբ հանդիպումն ի՞նչ մթնոլորտում է անցել։ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխաններ տվե՞ց հնչած հարցերին։

Քաղաքական առումով առայժմ որոշել ենք փակագծերը չբացել։ Այստեղ սպառիչ-չսպառիչի խնդիր չկա։ Մենք տվել ենք այն հարցերը, որոնք պետք է տայինք, նա էլ պատասխանել է այնպես, ինչպես պատասխանել է։

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե ինքն ընտրվի, լինելու է ոչ թե երրորդ հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

Ես հատուկ դրա շուրջ չեմ մտածել, ըստ երևույթին, միտքն այն է եղել, որ նախ, նոր խորհրդարանական երկիր ենք դառնում, երկրորդ՝ այդ տիպի նախագահ, նման լիազորություններով առաջին անգամ է լինելու։ Սա իմ ենթադրություն է, թե որն է եղել միտքը, թե չէ հանրապետությունը հանրապետություն է։

Իսկ ինչո՞ւ «Ծառուկյան» խմբակցությունն այլևս չի մասնակցում ԱԺ ճեպազրույցներին։ Երեկ նորից չմասնակցեց։

Հատուկ բան չկա, օրինակ՝ վերջին անգամ բազմաթիվ գործընկերներով շրջանում ենք եղել։ Անպայման մասնակցելու ենք ճեպազրույցներին, ընդհանուր աշխատանքային կոնտեքստում է, որ չենք մասնակցել, ոչ մի հատուկ պատճառ չկա։ Պարզապես համընկնումներ են եղել։ Երեկ մարզում էինք։

Իսկ ի՞նչ գործով եք այցելում մարզեր։

Մեր տարբեր կառույցների անդամների հետ ենք հանդիպում, համայնքներում տեղի բնակիչների հետ ենք հանդիպում։ Համայնքների խոշորացում է տեղի ունեցել, հիմա էլ միջհամայնքային միավորումներ են ուզում ստեղծել, մենք մեր ծրագրային աշխատանքն ենք կատարում շրջաններում։ Անընդհատ մարդկանց հետ շփվում ենք, քննարկում ենք, ուզում ենք տեսնել մարզերում իրավիճակը ոնց է, ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, մարդիկ ինչ կարծիքներ ունեն։ Այս տարի ձյունը քիչ է, ուզում ենք տեսնել գյուղացին ինչ խնդիրներ ունի, շո՞ւտ է սկսում գյուղատնտեսական աշխատանքները, թե ոչ։

Ձեր կարծիքով, նախագահի թեկնածուի շուրջը «Ծառուկյան» խմբակցությունում դիրքորոշումները միասնակա՞ն են, թե ոչ։

Դեռ վաղ է այդ մասին խոսել, դեռ կքննարկենք։ Թող նախ պրոցեսները գնան, ամբողջական դառնան, որից հետո կխոսենք։ Հստակ ժամկետ չեմ կարող ասել, բայց մոտենում է այդ ժամանակը, շատ չի ձգձգվի։

Ամենաընթերցվածը