Սերժ Սարգսյանը օլիգարխիկ խմբերին չափազանց ձեռնտու քաղաքական գործիչ է

    • Հարցազրույց - 13 Հունվարի 2018, 11:19
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, Սերժ Սարգսյանը ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպմանը ասել է, որ ակնկալում է` Հայաստանի չորրորդ նախագահ ընտրվի խորհրդարանի ընդարձակ մեծամասնությամբ: Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը։ Տեսակետ կա, որ ապրիլից առաջ ամրապնդում է իր դիրքերը։

Սերժ Սարգսյանը նախագահի ծիրանին փոխարինում է վարչապետի ծիրանիով՝ մնալով նույն աթոռին։ Այսինքն՝ երկու ժամկետ պաշտոնավարել է, հիմա էլ փոխել է սահմանադրության տեսքը, ինչպես ասում է Արիստոտելը՝ բովանդակությունը մնում է նույնը, ձևը փոխվում է։

Շատերը նշում են, որ քաղաքական գործիչն այսքան երկար չպետք է շարունակի պաշտոնավարել, որ նոր ավյուն է պետք, մինչդեռ ՀՀԿ-ականներն ասում են, որ նրա պոտենցիալն ունեցող երկրորդը չկա։ Ինչպիսի՞ն է ձեր տեսակետը։

Անշուշտ, կան քաղաքական գործիչներ, ովքեր մնում են մինչև կյանքի վերջ, ինչպես օրինակ, Ադենաուերը Գերմանիայում, ով Հիտլերից հետո Գերմանիան դարձրեց այս Գերմանիան։ Նրանք սահմանված օրենքը չեն խախտում։ Խոսքը պետության ինստիտուցիոնալ զարգացման մասին է։ Հիմա եթե մեր սահմանադրությունն ընդունել են մի ժամանակ և սահմանել են երկու ժամկետ, այդ երկու ժամկետը փոխվում է, և նորից օգտագործում են հնարավորությունն այլ կերպ, դա  արդեն իսկ ինստիտուցիոնալ զարգացում չէ։ Սա նշանակում է, որ ավտորիտար ռեժիմը հարմարվում է եղած նոր իրավիճակին՝ պահպանելով ամեն ինչ նույնությամբ։ Այնքան ղեկավարներ են եղել, որ մնացել են շատ երկար, բայց նրանք սահմանադրությունը չեն խախտել։ Այստեղ է խնդիրը։ Այդպես որ լինի, երկու ժամկետից հետո նորից երկիրը կդարձնեն  նախագահական, և կստացվի, որ այդտեղ ձևականորեն որևէ խախտում չկա և նույնությամբ կշարունակեն։ Տվյալ պարագայում ձևը իշխում է բովանդակությանը։

Որքանո՞վ են հնարավոր կատակլիզմներ մինչև ապրիլ։

Մենք ներքին և արտաքին այնպիսի իրավիճակում ենք, որ կատակլիզմները կարող են անակնկալի ձևով մատուցվել, ինչպես եղավ ապրիլյան պատերազմը։ Ասում էին՝ պատերազմ չի լինելու, բայց եղավ։ Ներքին իմաստով դա նույնպես կարող է լինել։ Նոր տարվա սննդամթերքի գերբեռնումից հետո մարդիկ դեռևս թանկացման ազդեցությունը չեն զգում, և ինձ թվում է՝ իշխանությունը դրա համար էլ հիմա է քննարկումներն սկսել։ Բայց տասը օրից, երբ պաշարը կվերջանա, մարդիկ կզգան թանկացումները, և կարող է ընդվզում սկսվել։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ են գրում «Ելք»-ի մասին, «Ելք»-ի գործողությունները շատ բան պայմանավորում են։ Եթե կարողացան լավ կազմակերպել գործողությունները, անշուշտ, գործընթացը միանշանակ դեպի պիկ կգնա։ Մարդիկ դեռ տաք են, չեն զգում։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը կարծեք թե չեն շտապում միանալ «Ելք»-ին։

Եթե ինձ ցույց տաք Հայաստանում քաղաքական ուժեր, ես կպատասխանեմ։ Հայաստանի քաղաքական ուժերը, ըստ էության, շահերի խմբեր են։ Քաղաքագիտության մեջ այդպիսի տերմին կա՝ շահերի խմբեր, որոնք քաղաքական աստառի տակ թաքնված՝ իրենց կորպորատիվ շահերն են իրականացնում։ Ես չեմ տեսնում քաղաքական ուժ։ Իսկ «Ելք»-ի գործողությունները ես ողջունում եմ, որովհետև ինչ-որ բան պետք է արվի, դա պետք է արվի ոչ միայն ժողովրդի համար, այլ նաև իշխանության, քանի որ իշխանությունը լճացել է։

Սերժ Սարգսյանը վարչապետի արձակուրդ մեկնելուց անմիջապես հետո խորհրդակցություն է հրավիրում՝ պարզելու թանկացումներն ագահության արդյունք են, թե օբյեկտիվ իրողություններով են պայմանավորված։ Հնարավո՞ր է լինելու զսպել գնաճը։

Ինչ եք կարծում՝ որպես ֆիգուրաներ՝ ընդհանրապես Հայաստանի վարչապետները որևէ լիազորություն ունե՞ն, թե ոչ։ Ավտորիտար ռեժիմ է, և ռեժիմն առաջին դեմքից կախված՝ կարող է կամայական որոշումներ կայացնել։ Այստեղ ոչ թե վարչապետի դերն է կարևոր, ինչպես հասարակությունը կարծում է, թե իբր նրանից է կախված, բայց նա չէ, այլ  կա այն ստվերային խումբը, որը երկրի իրական տնտեսական տերն է, որոնք կանխավ որոշումներ են կայացնում,  նախագահ, վարչապետ են առաջադրում և այլն։

Մեր երկիրը ինստիտուցիոնալ զարգացում չունի, ոչ ԱՄՆ է, ոչ էլ Ֆրանսիա։ Երկրի տերը օլիգարխները, մտավորական կոչվածները, հավանաբար զինվորական ղեկավարներն են, որոնք երկրի իրական կյանքի իրական տերերն են։ Վարչապետը Հայաստանում որևէ հարց չի կարող լուծել։ Նա պարզապես միջոց է, որի միջոցով նախագահը կառավարում է, իսկ երբ չի ուզում, կողք է ուղարկում։

Կարծում եք՝ այլևս չի ուզում Կարեն Կարապետյանին և կո՞ղք է ուղարկում։

Դժվարանում եմ ասել։ Հակառակը, վարչապետն իր համար լեգիտիմություն է ապահովում, որովհետև, այդուհանդերձ, գոնե արտաքին տեսքով Կարեն Կարապետյանը ժողովրդի մի մասի համակրանքը վայելում է։ Ինչի պետք է նրան չուզի, բա ում պիտի ուզի։ Կարող է այդպես լինել, բայց դա կթելադրի իրադրության փոփոխությունը, իսկ հիմա այդ փոփոխությունը չկա։

Մի խոսքով՝ մենք ունենք նախագահ Սերժ Սարգսյան և կունենանք Սերժ Սարգսյան վարչապետի թեկնածու, եթե ֆորս մաժոր չլինի, իսկ դա անընդհատ կարող է լինել՝ պայմանավորված արտաքին և ներքին իրավիճակներով։ Սպասենք հունվարին ժողովրդի կուտակած սննդամթերքի սպառմանը և գների՝ գրպանին հարվածելու շրջանին և, անշուշտ, «Ելք»-ի գործողություններին։ Նրանք պետք է կատալիզատորի դեր խաղան։ Այս իշխանությունը պետք է մի բան իմանա, որ ցանկացած տնտեսական կամ սոցիալական մեծ միջոցառում Հայաստանում շատ արագ կվերածվի քաղաքականի։

Ի՞նչ եք կարծում՝ նախագահ կընտրվի խորհրդարանի ընդարձակ մեծամասնությա՞մբ։

Հայաստանը՝ որպես օլիգախիկ տնտեսությամբ և քաղաքական օլիգարխիայով երկիր, ունի ներքին փոխհամաձայնություն։ Եվ դրանց մեջ վեճերը չափաբաժնի համար են, բայց ոչ գլխավոր ֆիգուրայի հարցում։ Սերժ Սարգսյանը օլիգարխիկ խմբերին չափազանց ձեռնտու քաղաքական գործիչ է, և ես ենթադրում եմ՝ այս իրականության մեջ ոչ թե ուռճացվում է նրա դերը, այլ, հակառակը, նա այդքան էլ դեր և ազդեցություն չունի, պարզապես այդ խմբերի համար չափազանց ձեռնտու է, որ լինի նման գործիչ, դրա համար էլ ձեռք չեն տալիս։

97-ին երբ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ օլիգարխիային ձեռնտու չէր, ակնթարթում զրկեցին իշխանությունից, թեև գիտեք ինչ հեղնակություն ուներ դրանից մի քանի տարի առաջ։ Ապստամբեցին նրա դեմ, քանի որ չէր բավարարում իրենց պահանջները, իսկ այսօր Սերժ Սարգսյանը լիովին բավարարում է, ոչ սահմանափակումներ կան, ոչ էլ իրական պայքար։ Եվ եթե լիներ Հայաստանում որակյալ քաղաքագիտություն, հենց այս շերտերը կբացեր։

Ամենաընթերցվածը