Դա ամենավատ սցենարը կլինի, ուր են տանում մեզ, ուր են տանում մեր երկիրը...

    • Հարցազրույց - 12 Հունվարի 2018, 10:23
Մեր զրուցակիցն է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ, Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը

Պարոն Կյուրեղյան, երեկ հացադուլի մեջ գտնվող «Սասնա Ծռերի» անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի աջակիցները բողոքի ցույց անցկացրին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ: Դիմեցիք Մարդու իրավունքների պաշտպանին, բայց մեծ ակնկալիքներ չկան, Ձեր սպասումները չարդարացան։ Ի՞նչ ելք եք պատկերացնում ստեղծված իրավիճակից։

Լուծումը գտնվում է իշխանությունների ձեռքում։ Իշխանությունները կարող են ինչպես ուզեն, այնպես էլ ավարտեն։ Այսինքն՝ հացադուլավորների պահանջն այնպիսի տրիվիալ պահանջ է, որ չբավարարելն ու այսքան սրելը լրիվ արհեստական է։ Կոնկրետ Արմեն Բիլյանի առողջությունն անհամատեղելի է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցի պայմանների հետ և նա դիմում է, որ իրեն տեղափոխեն։ Այդ խնդիրը դժվար չէ լուծել, ու ես չգիտեմ, թե ինչու է այսպես արվում։ Եթե տեղի ունենան այնպիսի իրադարձություններ, որ տղաների առողջությունն ու կյանքը վտանգվեց, չեմ ուզում այլ բառեր ասել, դա շատ տխուր հետևանքներ կարող է ունենալ ամբողջ Հայաստանի համար։ Դա պետք է հասկանան բոլորը։ Այն ժամանակ, երբ «Հաց բերողի» նկատմամբ վերաբերմունքի հետևանքով նման բան կատարվեց, սա մի փոքր այլ դեպք է, այստեղ կարող են լրիվ այլ հետևանքներ լինել։ Այն ժամանակ «Հաց բերողն» ազատության մեջ էր, իսկ հիմա լրիվ այլ դեպք է։ Եթե մարդը առողջական խնդիր ունի և պահվում է մի խցում, որն անհամատեղելի է, դա դանդաղ մահ է իր համար։ Այդ մարդիկ դիմել են հացադուլի՝ ապրելու իրավունքի համար և չբավարարել այդ պահանջը՝ ելնելով ինչ-որ ամբիցիաներից, քաղաքական նկատառումներից, արդեն ուրիշ թեմա է և նման վարվելակերպը երկիրը տանում է լրիվ այլ ճանապարհով։ Աչքներիս առաջ դանդաղ մահապատժի են ենթարկվում երկու հայ մարդ։ Մենք որպես հայ քաղաքացի՝ պարտավոր ենք ձայն բարձրացնել։

Հունվարի 1-ից թանկացումների ալիք է սկսվել, և Սերժ Սարգսյանը հանձնարարել է ստուգել, թե որքանով է դա ագահության արդյունք, որքանով՝ օբյեկտիվ իրականություն։ Նաև «Ելք»-ն է պատրաստվում բողոքի երթ իրականացնել թանկացումների դեմ։ Ձեր կարծիքով՝ այս թանկացումների ֆոնին հնարավո՞ր է հանրային մոբիլիզացիա։

Մենք որոշում ենք ընդունել, որ այս պարագայում, երբ վտանգված է երկու մարդու կյանքը, մենք ճիշտ չենք համարում այլ թեմաների շուրջ խոսել։ Այսօր մեզ համար առաջին խնդիրն այդ երիտասարդների կյանքն է, ընդհանրապես այնպես անել, որ յուրաքանչյուր դատապարտյալի, կալանավորի համար չլինեն այդպիսի պայմաններ։ Մենք մտածում ենք, որ կապ չունի՝ մարդը հանցանք է գործել, թե չի գործել, քաղբանտարկյալ է, խղճի հալածյալ է, թե ոչ, նրա կյանքը և առողջությունը պետք է երաշխավորված լինի պետության կողմից։ Ցավոք, մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ տիրում են ասիական բիրտ բարքեր, ինչը հարիր չէ մեր ժողովրդին։ Այստեղ պետք է լուծումներ գտնել, և այդ լուծումները իշխանության ձեռքում են։ Նրանք պետք է այնպես անեն, որ ապահովվեն յուրաքանչյուր դատապարտյալի կյանքի ու առողջության խնդիրները։ Ինձ չի հետաքրքրում, թե խուց չունեն, պայման չունեն և այլն։ Չունեն, բերեք ես իմ տանը կպահեմ իրենց։ Իշխանություն եք, պետություն եք, ապահովեք նորմալ պայմաններ, չեք կարողանում՝ գնացեք, ապահովողները կգան։ Ի՞նչ է նշանակում արդարանալ, թե չունենք պայմաններ։

Փաստորեն, այս պահին միակ մտահոգությունը երկու երիտասարդների կյանքը փրկելն է, մնացած խնդիրները երկրորդվե՞լ են այս փուլում։

Այո, ուղեղս էլ չի կարողանում մտածել մնացած խնդիրների մասին։

Մարդու իրավունքներն ու ազատությունները նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի հիմքում են ընկած։ Կարծում եք, որ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինե՞ն և այս իրավիճակից ելք կգտնվի՞։

Ամբողջ աշխարհը գնում է մեկ ուղղությամբ, և չեն կարող բռնատիրության կղզյակները երկար պահպանվեն այս ընթացքի մեջ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես բռնատիրության վերջին կղզյակները փոխում իրենց ֆորմատները։ Հնարավոր չէ, որ ամբողջ աշխարհն ունենա մի տնտեսական կառուցվածք, իսկ ինչ-որ երկրներ շարունակեն հին ձևով կառավարել։ Պատկերացրեք՝ ստրկատիրական կարգերը վերացել են, սկսվել է այլ դարաշրջան, անցել է 100 տարի, բայց որոշ երկրներ մնացել են ստրկատիրական կարգերի մեջ ու փորձում են այդպես էլ շարունակել։ Ի՞նչ է լինում այդ պետությունների հետ. կամ լինում է հեղափոխություն, կամ վերանում են երկրի երեսից։ Հիմա մենք բռնել ենք այդ ճանապարհը, գնում ենք Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի կամ Հյուսիսային Կորեայի ճանապարհով։ Դա ոչ մի տեղ չի տանում։ Ինքը՝ Ռուսաստանը, փոխելու է իր ճանապարհը, և ամեն ինչ փոխվելու է։ Այդ դեպքում ի՞նչ են անելու այն մարդիկ, ովքեր այսօր կատարում են անօրինականություններ։ Թող իրենք մտածեն և իրենց լեզվով ասած «ստավկաներ» անեն։

Երևի ովքեր այս հետևություններին հանգել են, լքել են Հայաստանը, բայց մարդիկ կան, որ չեն ուզում լքել իրենց հայրենիքը, ես չեմ ուզում իմ հայրենիքը լքել, ես ուզում եմ իմ հայրենիքը տեսնել այնպիսին, ինչպիսին աշխարհի առաջադեմ երկերներն ու ազգերն են, որոնք համաշխարհային արենայում հպարտ տեսքով կարող են հանդես գալ և ոչ թե այնպիսի տեսքով, որ բոլորը խղճան։

Այս բոլոր դրսևորումների լուծումն այն է, որ Հայաստանը պետք է ունենա ինքնիշխան, ժողովրդավար, ազգային, ուժեղ պետություն, իսկ դա մեր բոլորից է կախված։ Եթե մենք չենք ուզում նման պետություն ունենալ, ուրեմն մենք ուզում ենք ստրուկ լինել։ Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ի վիճակի է այս խնդիրները լուծել, ուղղակի դա ժամանակի և պահի հարց է, սա ինքն իրեն պետք է լուծվի, պարզապես չեմ ուզի, որ ցավոտ լուծվի այս խնդիրը Հայաստանի համար, ինչպես այն երկրներում, որ մեր աչքի առաջ տեղի ունեցան։ Դա ամենավատ սցենարը կլինի, մենք տարածքների, մարդկային կորուստներ կունենանք, ուր են տանում մեզ, ուր են տանում մեր երկիրը... ես չգիտեմ:

Ամենաընթերցվածը