Անպայման վարչապետի ընտրություն կլինի

    • Հարցազրույց - 11 Հունվարի 2018, 22:15
Մեր զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, այս տարվա սկզբից թանկացումների ալիք սկսվեց, ու «Ելք» դաշինքը դրա դեմ բողոքի երթ է կազմակերպում։ Հիմա, ի՞նչն է խանգարում, որ դուք, այդքան մտահոգված լինելով այդ խնդրով, չեք միանում «Ելք»-ի նախաձեռնությանը։ 

Մերժելու խնդիրը չէ այստեղ։ Այն ժամանակ, երբ մենք բարձրացնում էինք այդ հարցը, որևէ մեկը, այդ թվում «Ելք»-ը, չարձագանքեց մեզ որպես ընդդիմություն։ Իհարկե, մենք հարգում ենք ցանկացած ուժի նախաձեռնություն, դա կլինի երթի տեսքով, ԱԺ-ում հարցեր բարձրացնելու տեսքով, բայց այսօր, եթե մենք իմանանք, որ այդ երթը կնպաստի խնդրի լուծմանը, մենք կմասնակցենք, բայց մենք չենք մասնակցի մի գործընթացի, որը տեսանելի չէ, որ կբերի դրական արդյունքի։

Այսինքն՝ դուք չեք կարծում, որ երթը այս փուլում արդյունավետ պայքարի միջոց է թանկացումների դեմ երթերով, հանրահավաքներով պայքարը։

Իմ կարծիքով՝ այո։

Սերժ Սարգսյանը թանկացումների թեմայով խորհրդակցություն հրավիրեց և հորդորեց հնարավորության սահմաններում զսպել գնաճը։ Կարծում եք՝ դա այս փուլում հնարավո՞ր է։

Կարծում եմ՝ եթե հետևողական լուրջ աշխատանք տարվի, որոշ մեղմացում կլինի, որովհետև դա պայմանավորված չէ միայն միջազգային շուկաներում ապրանքների գների բարձրացմամբ, կան նաև ներքին խնդիրներ։

Դրանք պայմանավորված են նաև Հարկային օրենսգրքի փոփոխություններով ու ԵՏՄ շուկայով։ Չե՞ք կարծում, որ ժամանակն էր Հայաստանը դուրս բերել ԵՏՄ-ից և նման թանկացումներից զերծ մնալ։

Մենք այդ հարցին բազմիցս պատասխանել ենք։ Այսօր հիմնավորված փաստարկ չկա, որ ԵՏՄ-ից դուրս գալուց հետո մեր վիճակը դեպի դրականը կգնա։

Ինչպե՞ս պետք է հասնենք Հայաստանում այս խնդիրների վերացմանը կամ գոնե կանխմանը։ Ապրիլին նոր կառավարության ձևավորումն ու նոր վարչապետի նշանակումը հույս ներշնչո՞ւմ են, որ դրական միտումներ կլինեն՝ հաշվի առնելով, որ այս կառավարության գործունեությանը դուք դեմ եք և սպառված եք համարում այն։

Ես մի բան գիտեմ, որ մեր ժողովուրդը չի կարող և արժանի չէ այսպես ապրելուն։ Հարկավոր է մտածել և միասնական ուժերով այս վիճակից դուրս գալ։

Միասնական ասելով նկատի ունեք նաև իշխանության հետ համագործակցելո՞վ։

Ոչ, բայց եթե իշխանությունը լավ քայլ է անում, իհարկե, մենք կողջունենք։ Եթե ընդդիմություն ենք՝ չի նշանակում, որ իրավիճակին պետք է միայն վատ անկյունից նայենք։ «Ծառուկյան» դաշինքը դեռ նախընտրական շրջանում, երբ ներկայացնում էր իր ծրագրային 15 կետերը, հիմնավորում էր, որ այս կետերը կատարելու դեպքում էականորեն կփոխվեր ժողովրդի կենսամակարդակը։

Հիմա դուք դնելո՞ւ եք վարչապետի փոփոխության խնդիր։

Հիմա մնացել է ընդամենը երեք ամիս։ Անպայման վարչապետի ընտրություն կլինի։ Մենք բազմիցս ասել ենք, որ մենք վարչապետի թեկնածու չունենք, մենք չենք գնա մի ընտրության, որտեղ նախապես գիտես, որ պարտված ես, որովհետև չունենք ԱԺ-ում անհրաժեշտ ձայների քանակը։ Դա հիմնականում քաղաքական մեծամասնության խնդիրն է, քաղաքական մեծամասնությունը կներկայացնի իր թեկնածուին, մենք կքննարկենք և մեր դիրքորոշումը կհայտնենք։

Պարոն Գրիգորյան, դուք ավելի շատ խորհրդարանական, թե՞ արտախորհրդարանական պայքարի կողմնակից եք։ Արդյունավետության տեսակետին արդյոք խորհրդարանի հարթակը բավարար է։

Դուք շատ լավ գիտեք, որ «Ծառուկյան» դաշինքը և հատկապես ԲՀԿ-ն և խորհրդարանի ներսում է իր պայքարը տարել, և խորհրդարանից դուրս։ Մեզ համար շատ կարևոր է արդյունքի հասնելը։

Սերժ Սարգսյանը որպես վարչապետի թեկնածու Ձեզ համար ընդունելի կլինի՞՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականները հետևողականորեն պնդում են, որ հենց նրան են տեսնում վարչապետի պաշտոնում։

Քանի դեռ առաջարկություն չի եղել, իմաստ չունի դրա մասին խոսել։ Գուցե քայլերը տանում են դրան, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն, բայց քանի դեռ կոնկրետ անձի մասին չի խոսվել, դրանք բոլորը նախնական կարծիքներ են։

Ըստ էության, «Ծառուկյան» դաշինքը չունի ոչ վարչապետի թեկնածու, ոչ նախագահի և ավելի շատ դիտորդի կարգավիճակո՞ւմ է։

Ոչ, կարծում եմ՝ վերջին 6 ամսվա աշխատանքը դրա մասին չի վկայում։ Այդ աշխատանքը ցույց է տվել, որ անհրաժեշտության դեպքում մենք կարողացել ենք միշտ մեր ժողովրդին հուզող հարցերը բարձրացնել։

Դուք բարձրացրել եք հարցերը, բայց արդյոք ականջալո՞ւր է եղել իշխանությունը, կառավարությունը։

Դուք շատ լավ գիտեք, որ որտեղ կարողացել ենք, այնտեղ պայքարել ենք. և առաջարկություններ են անցել, և օրենսդրական նախաձեռնություններ են անցել։

Իշխանափոխության պահանջ երբևէ դնելո՞ւ եք։

Հետագա գործառույթները ցույց կտան։

Ամենաընթերցվածը