Հայաստանցին թանկացումների դեմ պայքարի ավելի արդյունավետ ճանապարհ է գտել

    • Հարցազրույց - 10 Հունվարի 2018, 18:48
Մեր զրուցակիցն է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը

Պարոն Բադալյան, հունվարի 1-ից կտրուկ թանկացումներ են տեղի ունենում, և «Ելք»-ն էլ թանկացումների դեմ բողոքի երթ է նախաձեռնել։ Այս ամենը կարո՞ղ է սոցիալական բողոքի մեծ ալիք բարձրացնել երկրում։

Չեմ կարծում, որովհետև հայաստանցին թանկացումների դեմ պայքարի ավելի արդյունավետ ճանապարհ է գտել, նա ուղղակի հեռանում է երկրից։ Արտագաղթի արդյունքում այդ եռացող զանգվածի ծավալային մասը պակասում է, և Հայաստանում հասել ենք մի այնպիսի իրավիճակի, որ ուղղակի փողոցային երթերի կամ բունտերի համար արդեն համապատասխան զանգված չկա։ Եվ ամենակարևորը՝ հավատ չկա, որ դա կարող է արդյունքի բերել։

Այս անգամ տեսնում ենք, որ «Ելք» դաշինքն է բողոքի երթ նախաձեռնել։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն և արդյունք արձանագրեն։

Բացառված է, որովհետև ցանկացած քաղաքական ուժ կցանկանա դա օգտագործել իր սեփական PR-ի համար։ Ինչո՞ւ պետք է ուրիշները միանան, իրենց ռեսուրսներով աջակցեն, որ «Ելք»-ի PR-ն ապահովեն։ Բոլորն էլ հասկանում են, որ դա կօգտագործվի «Ելք»-ի կողմից՝ իրեն PR անելու համար։ Ցանկացած քաղաքական ուժ, որ մի բան անում է, մտածում է առաջին հերթին սեփական PR-ի, սեփական անունը շրջանառության մեջ դնելու, իր վարկանիշը բարձրացնելու մասին։ Հետևաբար, միացում չի լինելու։ Իհարկե, կարող է որոշակի թվով մարդիկ միանան այդ երթին, բայց դա արդյունք չի տալու։

Ստացվում է, որ Հայաստանում բողոքի ակցիաներով արդյունքի հասնել հնարավոր չէ՞։

Նայած թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն կվարվի, թե ով կլինի իշխանությունը, նայած թե ինչպիսին կլինի ժողովրդի իրավիճակը։ Ամեն ինչ կախված է հասարակության վիճակից։ Եթե հասարակությունը թույլ է, ընդդիմադիր ուժերը նույնպես թույլ են։ Շատ են քննադատում ընդդիմադիրներին, որ ոչինչ չեն կարողանում անել, բայց ընդդիմադիր ուժերը հասարակության պայքարի ցուցանիշներն են և բնականաբար, եթե հասարակության ընդհանուր պոտենցիալը թույլ է լինում, ընդդիմադիր ուժերն էլ են թույլ լինում։ Իսկ թույլ ընդդիմադիր ուժերը ոչինչ չեն կարող անել, որովհետև նրանց պետք է հասարակությունն ուղղորդի, բայց հասարակությունը պայքարի մեկ ձև է ընտրել՝ արտագաղթը, միաժամանակ հավատ չունի այս երկրի հետ կապված ամեն ինչի հետ, այդ թվում ընդդիմադիր ուժերի, դատական համակարգի և այլն։ Նման հասարակությունը սոցիալական բունտեր չի իրականացնում։

Պետք է նաև պարզել հասարակության սոցիալական կառուցվածքը, թե որքան են կազմում երիտասարդները, գործազուրկները, սոցիալական բողոքի դեպքում ինչ կանեն մարզերի բնակիչները և այլն։ Պարզ դիտարկումները ցույց են տալիս, որ հասարակությունը սոցիալական բունտ իրականացնելու ներուժը չունի այս պահին։ Իսկ թե հետագայում ինչ կլինի, դա կախված է նրանից, թե հասարակությունը սոցիալական ինչ կառուցվածք ու ներուժ կունենա։ Եթե այս քաղաքականությունը շարունակվի, հասարակության ֆիզիկական և տնտեսական թուլացումը շարունակվի, ապա սոցիալական բողոքի ալիք փողոցներում, բնականաբար, չի լինելու։

Հայաստանում ապրիլին սպասվող իրադարձությունները նո՞ւյնպես կատակլիզմների չեն հանգեցնի։ Ընդդիմադիրներն ասում են, որ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետի թեկնածու, հանրությունը կպոռթկա։

Հանրության պոռթկման համար պետք է ունենալ հասարակության էլի այն ցուցանիշները, որոնք կան սոցիալական թանկացումների դեպքում։ Ի՞նչ տարբերություն՝ հասարակությունը թանկացումներից է դժգոհ, թե վարչապետի թեկնածուից, բոլոր դեպքերում դա հասարակության դժգոհության առիթ է։ Եթե դժգոհության այդ առիթը ապրանքների թանկացման տեսակետից չի մղում հասարակությանը ինչ-որ գործողությունների, ապա ինչո՞ւ պետք է քաղաքական առիթը դրան մղի։ Սոցիալական հարցերն ավելի կարևոր են հասարակության համար, քան քաղաքականը, որովհետև երբ գները բարձրանում են, դա ուղղակիորեն խփում է իրենց գրպանին, իսկ հասարակության մի մեծ մասը չի էլ շփվում նախագահի ու վարչապետի հետ ու կարող է դրա մասին շատ չմտածի էլ։ Նման իրավիճակում, երբ չկա հավատ որևէ ինստիտուտի նկատմամբ, երբ մարդիկ մտածում են երկրից հեռանալու մասին, կամ մտածում են՝ ինչպես մի քիչ էլ յոլա գնանք, տեսնենք ինչ կլինի, մի սպասեք, որ սոցիալական պոռթկում կամ բունտ կարող է լինել։

Բայց մենք հիշում ենք, որ հասարակությունը փողոց դուրս եկավ «էլեկտրիկ Երևանի» կամ տրանսպորտի թանկացման դեպքերում։

Դրանք քաղաքական պրոյեկտներ էին, որոնք շատ կարճաժամկետ կազմակերպված միջոցառումներ էին։ Դրանց թիկունքում նաև իշխանական խմբավորումներ կային, որոնք շատ գրագետ կարողանում էին դա ներկայացնել։ Այն մարդկանց, որոնք քաղաքական տեխնոլոգիաներից հեռու են, թվում էր, թե դա հասարակական պոռթկում է։ Իրականում այդպես չէ, դրանք քաղաքական պրոյեկտներ էին, որոնք կարճ ժամանակ անց մարում-գնում էին։ Պոռթկումը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էր, պոռթկումը 1988 թվականի ղարաբաղյան շարժումն էր, Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունն էր, որոնք հարյուր հազարավոր մարդկանց փողոց էին հանում ինչ-որ նպատակի համար։ Պոռթկումը 2008-ի իրադարձություններն էին, որի ժամանակ գնդակահարվեց այդ պոռթկացող հասարակությունը։ Դրանից հետո հասարակության ներուժը գնալով ամբողջովին սպառվեց։

Այսինքն «Ելք»-ի այս նախաձեռնությունն է՞լ չի կարող հաջողություն ունենալ։

Ոչ, չի կարող հաջողել, ուղղակի «Ելք»-ը կօգտագործի այդ առիթը լրատվական դաշտում իր անունը շրջանառության մեջ դնելու համար, հարցազրույցներ կտան և այլն։ Այսինքն՝ դա կօգտագործեն որպես կուսակցական PR տեխնոլոգիա, ինչը նորմալ է։

Ամենաընթերցվածը