Իրանը հայկական կողմին է փոխանցել ամենակարեւորը

    • Հարցազրույց - 07 Դեկտեմբերի 2017, 19:00
Մեր զրուցակիցն է իրանագետ Վարդան Ոսկանյանը

Պարոն Ոսկանյան, Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր հարցազրույցում հայտարարել է՝ չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ընդհանրապես սահմանի բացման ի՞նչ հնարավորություն կա այս փուլում։

Նախ՝ նման հարցազրույցի հայտնվելն իրանական առաջատար թերթերից մեկում՝ «Շարղ» օրաթերթում, որը որպես կանոն ներկայացնում է նախագահ Ռոհանիի քաղաքական թիմի տեսակետները, չափազանց կարևոր և ինչ-որ առումով նույնիսկ նշանակալի երևույթ է: Սա ցուցիչ է առ այն, որ իրանական կողմն ազատ հարթակ է տրամադրում հայ քաղաքական գործիչներին, նաև Արցախը ներկայացնող հայ քաղաքական գործիչներին սեփական տեսակետներն արտահայտելու համար: Ինչ վերաբերում է կոնկրետ հայտարարությանը, ապա ակնհայտ է, որ Արցախի և Իրանի սահմանը չափազանց կարևոր նշանակություն ունի աշխարհքաղաքական առումով թե հայկական կողմի և թե Իրանի համար:

Եթե մենք դիտարկելու լինենք խնդիրը մեր շահերի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ այդ սահմանը թեև փակ, բայց այդուհանդերձ կարևոր անվտանգային նշանակություն ունի մեզ համար: Եթե դիտարկենք իրանական տեսանկյունից, ապա կրկին նրա անվտանգային նշանակությունը չափազանց մեծ է, որովհետև այդ սահմանի առկայության պայմաններում է, որ զգալիորեն կրճատվում է Ադրբեջանից դեպի Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներ թե քարոզչական ազդեցությունը, թե այլ բնույթի ներգործությունների հնարավորությունը, որոնք իրականացվում են թե Ադրբեջանի կողմից և թե երրորդ ուժերի կողմից, որոնք օգտագործում են Ադրբեջանի տարածքը հակաիրանական գործողությունների նպատակով:

Ակնհայտ է, որ այդ սահմանը պաշտոնապես փակ է, բայց որոշակի փոխհարաբերություններ երկու կողմերի միջև կան: Իրանական կողմը չի կարող բացահայտորեն արտահայտվել այդ սահմանի բացման վերաբերյալ կամ չի կարող բացահայտ կերպով պաշտպանել դա՝ հաշվի առնելով Իրանի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունները և դիվանագիտական զանազան նրբություններ, բայց պարզ է, որ այդ սահմանի ունեցած ներուժը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում շատ կարևոր է թե մեզ և թե իրականական կողմի համար: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, պետք է խոսենք հայ-իրանական սահմանի մասին: Անշուշտ, դրա մի հատվածը ՀՀ-ի հետ սահմանն է, մյուս հատվածը՝ Արցախի Հանրապետության հետ սահմանը, բայց իրականում մենք ունենք մեկ միասնական հայ-իրանական սահման, եթե մի կողմ թողնենք դիվանագիտական նրբությունները: Եվ այդ սահմանը, փառք Աստծո, գործում է թեկուզ ՀՀ հատվածքով, բայց այդուհանդերձ գործում է բավական ակտիվորեն:

Հնարավո՞ր է սահմանը փակ պահելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Իրանը փորձում է չեզոքություն պահպանել:

Ակնհայտ է, որ Իրանի չեզոք դիրքորոշումը հնարավորություն է տալիս հարաբերություններ ունենալ թե Երևանի, թե Բաքվի հետ, և սա, անշուշտ, մեծացնում է իրանական կողմի մանևրի հնարավորությունն արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Իրանցիները նաև ցանկություն ունեն ավելի մեծ ներգրավվածություն ունենալու, բայց այս պահի դրությամբ գործում է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, և այդ ձևաչափը կարծեք թե փոփոխության ենթակա չէ, որովհետև վտանգ կա, որ ձևաչափի փոփոխության պայմաններում այնտեղ կարող է հայտնվել Թուրքիան, որն ակնհայտ կողմնակալ դիրքորոշում ունի:

Իրանական դիվանագիտական մակարդակում չեզոքությունը մեզ համար չափազանց կարևոր է, և կա անտեսանելի հատված, որի մասին իրանցիները չեն բարձրաձայնում. համաձայն դրա՝ Իրանին ձեռնտու է Արցախում ներկայիս ստատուս քվոյի պահպանումը կամ առնվազն արցախա-իրանական սահմանի ողջ երկայնքով ներկա իրավիճակը, և իրանցիները շահագրգիռ չեն, որպեսզի այդ սահմանը փոփոխվի հօգուտ ադրբեջանական կողմի: Սա Իրանի դիրքորոշումն է, որը երբեք դիվանագիտական մակարդակով չի բարձրաձայնվի, բայց իրականության մեջ փորձագիտական մակարդակով և տարբեր այլ խողովակներով իրանցիները այս կարծիքը փոխանցում են:

2012-ին թեև տրվեց Մեղրիի հէկ-ի հիմնարկեքը, մինչև այս պահը դրա շինարարությունը դարձյալ կառավարության օրակարգում չէ: Ինչո՞ւ:

Մեղրիի հէկ-ի շինարարության հետ կապված թիվ մեկ հարցը կապված է ֆինանսավորման հետ, հէկ-ի շինարարության աշխատանքները և դրա գործարկմանը վերաբերող ամբողջ գործընթացը սկսվել էր այն ժամանակ, երբ Իրանը հայտնվել խստագույն պատժամիջոցների ռեժիմի տակ, և քանի որ իրանական կողմն էր հանդես գալիս որպես հիմնական ֆինանսավորող, այդ ֆինանսավորումը չեղավ: Բայց վերջին շրջանում ակտիվացել են նաև այդ հէկ-ի շինարարության շուրջ խոսակցությունները և գործողությունները: Վարչապետի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ այդ խնդիրը նույնպես արծարծվեց և դրա մասին տեղեկատվություն եղավ: Եվ այս իմաստով հայ-իրանական սահմանը օրինակելի սահման է, որովհետև ոչ միայն տնտեսական հարաբերություններ են այդ սահմանի միջոցով իրականացվում: Գիտեք՝ հատուկ կարգավիճակ է շնորհվել նաև Նորդուզի սահմանային անցակետին իրանական կողմից: Այնտեղ կա ազատ տնտեսական գոտի, և մեր կողմից էլ շուտով ազատ տնտեսական գոտու առաջին փուլը կգործարկվի:

Այս սահմանը կարևոր քաղաքական նշանակություն ունի երկու կողմերի համար էլ, և կա մի շատ նշանակալի հանգամանք՝ այդ սահմանը Իրանի ցամաքային ամենաանվտանգ և ամենաապահով հատվածն է, որովհետև, փառք Աստծո, որևէ միջադեպ ՀՀ անկախացումից ի վեր չի գրանցվել, որը կխոչընդոտեր երկու երկրների հարաբերություններին: Նման միջադեպեր չեն գրանցվել նաև արցախյան հատվածում՝ բացառությամբ ապրիլյան դեպքերի, երբ ադրբեջանական կողմից սադրիչ գործողություններ իրականացվեցին՝ իրանական կողմի արկակոծում և դրա մեղքի բարդումը հայկական կողմի վրա, որը հաջողությամբ չպսակվեց:

Ամենաընթերցվածը