Մենք միշտ էլ հասնելու ենք զինվորին օգնության, որովհետև մեր երեխաներն են

    • Հարցազրույց - 07 Դեկտեմբերի 2017, 15:32
Մեր զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել է գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը՝ իր աշխատանքում թերանալու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս կադրային փոփոխությունը։ Իրականում ուզում են ինչ-որ բան փոխե՞լ, թե՞ ավելի շատ իմիտացիոն բնույթ է կրում։

Ես այս իշխանության վերաբերյալ իմ բացասական գնահատականը տվել եմ, որը չի փոխվել։ Նրանց համար արժեքներ գոյություն չունեն, որ պահին ում պետք է կօգտագործեն, ում պետք չի՝ կհանեն։ Այնքան մարդկանց են հանել բանակից, բայց ցավում եմ, որ մարդը բանակում այդքան ներդրում չունի, բայց այսօր հայտարարում է, որ գեներալը իր պարտականությունները չկատարելու համար հեռացվում է։ Իրականում այնքան շատ մարդիկ ու գեներալներ կան, որ իրենց պարտականությունները լավ չեն կատարել, մենակ այս մե՞կն էր, գոնե այդ մարդու անցած ճանապարհը պետք է հարգեին։ Եթե ինչ-որ մեկը կարող է քաղաքական դիվիդենտներ շահելու համար մարդու անցած ճանապարհը անտեսել, ես ինչ կարող եմ ասել։

Ընդհանրապես, վերջին մեկ տարվա ընթացքում բանակում տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում։

Ես երջանիկ կլինեի, որ բոլոր տեսակի փոփոխությունները դրական արդյունք տային և նպաստեին զինվորի վիճակի բարելավմանը։ Օրինակ՝ Երևանի փողոցներում սյուներին տեսախցիկներ է տեղադրված, որ մեքենաների խախտումներն արձանագրի, իսկ այդ տեսախցիկներն ավելի շատ կօգնեին առաջնագծում զինվորներին, որ թշնամու նշանառության տակ նրանք չկանգնեն, այլ դիտակետերում նստած տեսախցիկներով հետևին առաջնագծում տեղի ունեցողին։ Եթե մենք կարողանում ենք տեսախցիկներ տեղադրել Երևանում, որ մի քանի անհատներ մեծ շահույթներ ստանան, պետք է ուղղվեին առաջնագիծ։

Բարեփոխումները ոչ թե 1000 դրամով մուրացկանություն անելն է, այլ իրական գումարները տեղ հասցնելն է, նպատակային ծախսելն է։ Իհարկե, մենք միշտ էլ հասնելու ենք զինվորին օգնության, որովհետև մեր երեխաներն են, բայց տա Աստված, բանակը կարողանար բոլոր խնդիրները լուծել և մեր անհրաժեշտությունն ընդհանրապես չլիներ։ Ցավոք այդպես չէ, ինչ անում են, իմիտացիայի տպավորություն է թողնում։ Կարող է անգամ լավ բաներ էլ են անում, բայց արդեն այնքան է կորել հավատը, որ ոչ ոք այդ լավ բանը չի տեսնում։

Դուք նշեցիք, որ Հայկազ Բաղմանյանին լավ չճանապարհեցին, բայց նրա անունն անընդհատ մամուլում շրջանառվում է, որ նա տարբեր բիզնեսներ ունի, նրա անունը նշվում է բանակի հաշվին հարստացած գեներալների ցանկում։ Կարո՞ղ է այս գործընթացը շարունակական լինի։

Բայց Բաղմանյանը միա՞կն էր այդպես։ Մեզ մոտ չեն նայում արժեքներին, մարդու անցած ճանապարհին, երբ արդեն մարդն իրենց պետք չի, հանում են։ Ինչպես ասում են, որ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, այսօր մեր իշխանության համար չկան մշտական յուրայիններ։ Երբ պետք է մարդկանց օգտագործում են, հետո երբ պետք չի՝ կարող են մարդուն ստորացնելով ճանապարհել։ Ես ցավում եմ դրա համար, ես կուզենայի, որ մեր երկրում արժեքները մի փոքր գնահատվեն, ու գնահատվեն մարդու կենդանության ժամանակ։

Եթե Բաղմանյանը այսօր կենդանի չլիներ, ինձ թվում է՝ նրա մասին լեգենդներ կպատմեին։ Իհարկե, նա շատ բացթողումներ, վրիպումներ ունի։ Մեր երկրում տիրող բարքերի արդյունքն է, որ զինվորականը ստիպված լինի զբաղվել ուրիշ բաներով։ Եթե օրենքի առաջ բոլորը հավասար լինեին, ոչ մի գեներալ, ոչ մի շարքային, ոչ մի պաշտոնյա իրեն օրենքից վեր չէր դասի և նման բաներ չէր անի, որ պաշտոնից հանելուց հետո նոր բարձրաձայնեին արած թերությունները։ Եթե եղել են նման թերություններ, ինչո՞ւ մինչև հիմա քրեական գործ չեն հարուցել ու չեն դատել։ Թե՞ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են։

Ես միշտ էլ պաշտոն ունեցող իմ մարտական ընկերների մասին քննադատաբար եմ արտահայտվել, բայց երբ մարդուն հանելուց հետո փորձում են կպնել, դա ստորություն է, որովհետև այդ մարդը ճանապարհ ունի անցած։ Ես որպես Բաղմանյանի մարտական ընկեր, գիտեմ նրա արածները, դրա համար կարծում եմ՝ իրավունք չունեին նրա հետ այդպես վարվել։ Այո, գուցե ներսում կան շատ խնդիրներ, եղել են հանցագործություններ, պետք է պատժել, ազատել են աշխատանքից, խնդիր չկա, բայց հրապարակավ նման բաներ հայտարարելն անընդունելի է, քաղաքական դիվիդենտներ են շահում, որ տեսեք, կարող եմ այսպես անել, մնացածներ, դուք էլ իմացեք։

Զինված ուժերում առկա խնդիրները վերհանելու իմաստով կարծում եք՝ առողջարար կլինի, եթե բանակի հաշվին հարստացած գեներալներից ազատվելու այս գործընթացը սկսվի ու շարունակվի։

Մենք միշտ բանակի ներսում գտել ենք մեր թերությունները։ Այսօր բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում, հակառակորդը մեր բոլոր թերությունների մասին իմանում է։ Բանակի թերությունները խոցելի են ու անդառնալի։

Դա լավ է, թող հակառակորդն իմանա ու վախենա, բայց ներանձնային հարաբերությունների, գեներալների կոռումպացվածության մասին խոսելով ավելի շատ հակառակորդին վստահություն ենք տալիս, որ չվախենա և անի քայլեր, որոնք այսօր անում է։ Ամեն րոպե դամոկլյան սրի նման պատերազմի վտանգը մեր գլխին կախված է։

Դա այն նույն թուրքն չէ, որ շան պես վախենում էր մեզնից։ Մինչև Վազգեն Սարգսյանի մահանալը դեպք չի եղել, որ թուրքը մեզ վախեցներ պատերազմով, հակառակը՝ ինքն էր վախենում։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում էր՝ Ղարաբաղում կան զինված, անկառավարելի խմբավորումներ և եթե հարցը քաղաքական ճանապարհով չլուծվի, կարող են ռազմական գործողություններ սկսել, և ես դրանց պատասխանատվությունը չեմ կարող կրել, ադրբեջանցիք վախենում էին։

Այն ժամանակ բանակն իր բարձունքի վրա էր, կար ժողովրդի սերը, մարդիկ վստահում ու հավատում էին բանակին։ Իհարկե, այն ժամանակ էլ ունեինք թերություններ, բայց ամեն զինվորի կյանքը թանկ էր։ Հիմա զինվորի կյանքը դարձել է ոչինչ։ Ամեն անգամ, երբ խոսում ենք քառօրյա պատերազմի մասին, զինվորների հերոսությունների մասին, պետք է հասկանանք, որ այո, միս ու արյունով հաղթեցինք։ Բանակն իրականում պատրաստ չէր, ոչ թե բանակը հաղթեց, այլ զինվորը հաղթեց, սպայի ու մեր ժողովրդի կամքը հաղթեց։ Պետք է բանակը հաղթի, բանակը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի, իսկ դրա համար պետք է տնտեսություն ունենալ։ Մարդկանց փոխելով ոչինչ չի փոխվի, այսօր տեխնիկայի դար է, պետք է հզոր զենքեր ունենալ։

Դուք նշեցիք, որ հզոր բանակ ունենալու համար պետք է հզոր տնտեսություն ունենալ։ Վարչապետը նախօրեին հայտարարել է, որ մեկ տարի առաջ ասել է, որ տնտեսության վիճակը ծանր է, իսկ այսօր կառավարելի է։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Եթե ասում ենք, որ ՀՆԱ-ն ավելանում է 4-5 տոկոսով, բայց դրա արդյունքում ոչ մի աշխատատեղ չի ավելանում, հակառակը՝ շատ պետական հիմնարկներում կրճատումներ են, փոքր ու միջին բիզնեսը նվազում է, թոշակներն ու նպաստները չեն ավելանում, զուգահեռաբար գները բարձրանում են, ու դա կոչվում է առաջընթա՞ց։ Մենք պետք է գոնե գնաճին համարժեք աշխատավարձերի բարձրացում անենք։

Ինչ վերաբերում է նպաստներին, երբ ես քաղաքապետ էի, ասում էի՝ եկեք մարդկանց ոչ թե նպաստ տանք, այլ մարդուն տանք սերմ, բահ, տարածք, որ առաջարկենք մշակել ու փող վաստակել։ Ոչ թե գյուղացին տանում իր վերջին կովը ծախում է, որ կարողանա անհրաժեշտ տոկոսները լրացնել և նպաստ ստանալ։ Այդպիսի տնտեսվարման պատճառով է, որ այս օրին ենք։ Քանի դեռ ՀՀԿ-ն իշխանության է, այս երկրում ոչ մի լավ բան չի լինելու։ Քանի դեռ այդ քաղաքական թիմը կոռումպացված ձևով աշխատում է, ոչինչ չի փոխվի։

Այդտեղ մարդիկ կան, ովքեր եղել են բոլոր իշխանությունների ժամանակ՝ սկսած կոմունիստներից։ Այնպիսի մի թիմ է ձևավորվել, որ այդ մարդիկ հստակ գիտեն, որ իրենք անփոխարինելի են, ու հանկարծ եթե ինչ-որ առողջ քաղաքացիական հասարակություն ձևավորելու շանս է լինում, անմիջապես ոչնչացվում է։

«Սասնա ծռերը», որոնք իրենց ողջ կյանքում զինվորական են եղել, կյանք են դրել հայրենիքի համար, զինված դուրս էին եկել, որ երկրում մի բան փոխվի։ Արդեն հույսները կտրել էին քաղաքականությունից, ու այսօր նրանց որպես հանցագործների դատում են։ Դե բռնեք բոլորին, ամբողջ ազգին դատեք, գնդակահարեք բոլորին, մինչև վերջ։ Ի վերջո, դանակը ոսկորին է հասնելու։ Ցավոք, մենք միշտ հաղթանակներ ենք տանում ու չենք կարողանում դրանք ամրագրել։

Մենք այսօր արդարադատություն չունենք։ Կարող են մարդասպանին պարգևատրեն, իսկ մարդուն, որը հայրենիքի համար այդքան ներդրում է ունեցել, բայց մի բացթողում կամ վրիպում է արել, տանեն կործանեն։ Սամվել Բաբայանի նման հերոսին տարան առանց մեղքը հիմնավորելու դատեցին։ 6 տարի էլ տվեցին, որ հանկարծ համաներումով ազատ չարձակվի։

Ամենաընթերցվածը