Սաակաշվիլիի հետ տեղի ունեցածը խոսում է Ուկրաինայի իշխանությունների կոլապսի մասին

    • Հարցազրույց - 06 Դեկտեմբերի 2017, 09:26
Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Պարոն Վասաձե, ինչպե՞ս եք գնահատում Կիևում ընթացող իրադարձությունները, Սաակաշվիլիի գործողությունները։

Ուկրաինայում քաղաքական պայքար է ընթանում։ Տարբեր վարկածներ կան տեղի ունեցողի վերաբերյալ, որոնցից մեկը, առավել հավաստին, այն է, որ իշխանությունները որոշել են նման քայլի գնալ, որովհետև հենց իշխանության ներսում կա պայքար տարբեր խմբավորումների միջև։ Կա նաև վարկած, որ երեկ պետք է ուժի մեջ մտներ հողի վաճառքի վերաբերյալ մորատորիումը։ Կան էլի վարկածներ, բայց իրականում այնքան էլ կարևոր չէ, թե ինչու հանկարծ Ուկրաինայի իշխանությունները որոշեցին ձերբակալել Սաակաշվիլիին։ Ավելի հետաքրքիր է, թե դա ինչպես տեղի ունեցավ։ Ուկրաինայի իշխանությունները գործողություն իրականացրին, որի ժամանակ չեն անջատել նրա ինտերնետը, բջջային կապը։ Բացի այդ, Սաակաշվիին հաջողվեց բարձրանալ տանիք և հավաքել իր կողմնակիցներին։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ձերբակալելուց հետո Սաակաշվիլիին կարողացավ իրավապահների ձեռքից ազատել իր կողմնակիցները։ Դա խոսում է Ուկրաինայի իշխանությունների կոլապսի մասին։

Ինչ վերաբերում է քաղաքական հետևանքներին, դրանք կարող են տարբեր լինել։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, նաև այն, ինչ տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ Սաակաշվիլիին թույլ չէին տալիս մտնել Ուկրաինա, բայց նա մտավ, թույլ է տալիս եզրակացնել, որ Ուկրաինայի իշխանությունները՝ նախագահ Պորոշենկոյի գլխավորությամբ, բավարար և համարժեք տեղեկատվություն չեն ստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ուկրաինայի իշխանությունների ներսում տեղի է ունենում շատ ուժեղ պայքար։

Կա տեսակետ, որ Սաակաշվիլիի մեթոդները Ուկրաինայում կարող են չաշխատել։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

Սաակաշվիլին չունի հատուկ մեթոդներ։ Նրա մեթոդը ցանկացած քաղաքական գործչի մեթոդ է և ոչ միայն հետխորհրդային տարածքում։ Այնպես որ, գուշակել՝ կաշխատեն այդ մեթոդները, թե չեն աշխատի, դա ավելի շուտ ոչ թե քաղաքագիտության ոլորտից է, այլ աստղաբանության կամ սուրճի բաժակ նայելու։ Ոչ ոք չի կարող ասել, որ ուկարինացիները այդ առումով շատ են տարբերվում վրացիներից։

Իսկ  Վրաստանում ինչպե՞ս են գնահատում Սաակաշվիլիի գործողությունները։

Տարբեր են գնահատում։ Վրաստանում չեն կարող միանման գնահատել Սաակաշվիլիի գործողությունները, որովհետև Վրաստանում տարբեր կերպ են վերաբերվում Սաակաշվիլիին։ Նա Վրաստանում ունի կողմնակիցներ և հակառակորդներ։ Դա շատ նորմալ է, որ չկան միասնական Վրաստան, Ուկրաինա, Հայաստան, Ռուսաստան և այլն։ Որքան մարդ կա, այդքան էլ կարծիք կա։ Սաակաշվիլիի գործողություններից առաջ պետք է նախ գնահատել Ուկրաինայի իշխանությունների գործողությունները, որովհետև Սաակաշվիլին հո ինքն իրեն չէ՞ր ձերբակալում։

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն հայտարարել է, որ այն մեթոդները, որոնք աշխատել են Վրաստանում, Ուկրաինայում կարող են չաշխատել, և Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում կարող են երկիրը ներսից պայթեցնել։ Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք։

Երկիրը ներսից կարող են պայթեցնել ոչ թե որևէ մեկի գործողությունները, այլ ոչ արդյունավետ կառավարումը և ուկրաինական օլիգարխների միջև պայքարը։ Ինչ վերաբերում է պատերազմին, հասկանալի է, որ այն գոյություն ունի, բայց միաժամանակ չի կարելի ամեն բան արդարացնել պատերազմով։ Չի կարող պատահել, որ պատերազմն ամեն ինչ արդարացնի, այդպես չի լինում։ Այսինքն՝ ամեն մեկը պետք է կրի իր բաժին պատասխանատվությունը՝ բանակն իր պատասխանատվությունը, քաղաքական ղեկավարությունը՝ իր, ժողովուրդն էլ՝ իր պատասխանատվությունը։ Բայց այդպես լինում է իդեալական հասարակություններում:

Ամենաընթերցվածը