Ռուսական ալիքները փակելու լավ առիթ է. Դա կառողջացնի հայերի արժեքային համակարգը

    • Հարցազրույց - 05 Դեկտեմբերի 2017, 18:46
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը: Բրյուսելում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատկերացնում, թե ինչ է անելու 2018-ի ապրիլից հետո։ Հնարավոր է՝ իսկապես նա վարչապետ չդառնա՞:

Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչը պետք է խանգարի Սերժ Սարգսյանին, որ նա շարունակի ամենաբարձր պաշտոնը վայելել Հայաստանում։ Նա մարտի 1-ով անցել է իշխանության, ընտրություններ է կեղծել, անգամ մարդկային զոհեր են եղել՝ հանուն ինչի՞։ Հիմա ինչ-որ տարօրինակ սեթևեթանքներ են, ներքաղաքական դաշտում արհեստական լարում է մտցվում, բայց և իրական պատճառ չի երևում, թե ինչու Սերժ Սարգսյանը, ով այդքան խախտումների գնով բացել է իր ճանապարհը դեպի Հայաստանի ղեկավար, պետք է հրաժարվի իր այդ «ձեռքբերումներից»։

Վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներով հակաքարոզչություն է տեղի ունենում ոչ միայն Հայաստանի, այլև մասնավորապես ՀՀԿ-ի դեմ, որտեղ Նժդեհին ֆաշիստ են որակում, Հանրապետական զինանշանը քննադատում։ Հնարավո՞ր է, որ Կրեմլին այլևս ձեռնտու չլինի ՀՀԿ-ական իշխանությունը, և Հայաստանում իշխանափոխության խնդիր դրվի Մոսկվայի կողմից։

Սերժ Սարգսյանին լարված վիճակում պահելու և նրան մշտապես պաշտոնանկության սպառնալիք ստեղծելու քաղաքականությունը վաղուց է վարվում Մոսկվայի կողմից։ Իհարկե, դա չի նշանակում, թե նրանք դժգոհ են, թե ինչպես է Սարգսյանը պահում իրեն, պարզապես ցանկանում են, որպեսզի նա երբեք իրեն ապահով վիճակում չզգա և միշտ հավատարմության նոր ապացույցներ մատուցի։ Կարծում եմ՝ հիմա նման մի կամպանիա է տարվում։ Իհարկե, կա նաև անհրաժեշտությունը ռուս ժողովրդին բացատրելու, որ իրենք բարկացած են ԵՄ հետ Հայաստանի ստորագրած պայմանագրից, չնայած այդ փաստաթուղթը ստացել է Կրեմլի բոլոր վիզաները, անգամ, ըստ որոշ տեսակետների, այդ քայլը կատարվել է Մոսկվայի դրդմամբ։

Ընդհանրապես այսպիսի հակաքարոզչությունը հակառուսական տրամադրությունները կխորացնի՞:

Ես կարծում եմ, որ քարոզչությունն ուղղված է ռուսական լսարանին, և այն, որ Հայաստանում նույնպես նայում են ռուսական հեռուստատեսություն և բարկանում, դա երկրորդական երևույթն է։ Կարծում եմ՝ հիմա լավ առիթ է պարզապես անջատելու ռուսական ալիքները, մանավանդ որ հակահայ քարոզչությունը ամենահիմնականը չէ, որ այդ ալիքները սփռում են։ Մարդատյաց գաղափարախոսությունը, շովինիստական սարսափները, կեղծ լուրերը, որ տարածվում են այս ալիքներով, լուրջ խեղումներ են առաջացնում Հայաստանում։ Ասեմ, որ հայկական ալիքներ չունեն այն ճարտարությունը, որ նման սարսափները արժանահավատ ձևով մատուցեն, և ռուսական հեռուստատեսությունն արգելելը կարող է նշանակալիորեն առողջացնել հայերի արժեքային համակարգը։

Իսկ ինչ վերաբերում է նման հակահայ քարոզչության ազդեցությանը, ապա կարծում եմ, որ հետո էլ ռուսները մի երկու հաղորդում կցուցադրեն մեծ հայերի մասին, ու մենք կրկին կհալվենք ու կհուզվենք մեծ ռուս ազգի հայասիրությունից։ Այնպես որ, եթե հիմա չօգտագործենք առիթները այդ ալիքները փակելու, ապա հետո չենք էլ մտածի այդ ուղղությամբ։

Քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում Հայաստան -ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվելու ի՞նչ հնարավորություն ունի, թե սա նպատակ ուներ ուժեղացնել Սերժ Սարգսյանի դիրքերը:

Կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը երկու նպատակ էր հետապնդում. միմիկրիայի ենթարկել Հայաստանի կոռուպցիոն համակարգը՝ ցույց տալու, որ այն ի վիճակի է գնալ դեպի եվրոպական արժեքներ, և այդ ճանապարհի համար Եվրոպայից փողեր վերցնել։ Իհարկե, համակարգը չի փոխվի, ինչպես գողացել է, այնպես էլ կշարունակի գողանալ, սակայն որքան ես եմ տեղյակ, ԵՄ-ն բարեփոխումների համար գրանտները իշխանություններին տալիս է պայմանականության սկզբունքով, այսինքն, եթե կանեք առաջին էտապը, նոր կստանաք երկրոդ էտապի համար անհրաժեշտ փողերը։ Այս տեսանկյունից շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Եվրոպայի ոգևորությունը սառի։

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն այնպես է ամայացրել Հայաստանի քաղաքական դաշտը, որ ինքն անայլընտրանքային է թվում, և բնականաբար այս համաձայնագիրը ավելի է ուժեղացնում նրա դիրքերը, քանի որ Եվրոպան չի տեսնում այլ գործընկեր, ում հետ կարող է շարունակել աշխատանքը։

Իր հերթին, այս համաձայնագրով քաղաքական ուժերի համար իրական հնարավորություններ են ստեղծվում հզորանալու, և կախված այդ հնարավորություններից, Սերժ Սարգսյանի դիրքերը հետագայում կարող են թուլանալ։

Ամենաընթերցվածը