Չեմ կարծում, որ ճգնաժամը պատերազմական գործողությունների կհանգի

    • Հարցազրույց - 14 Նոյեմբերի 2017, 18:59
Մեր զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը

Պարոն Գանդահարյան, Լիբանանի վարչապետի հրաժարականի հայտարարությունը, Սաուդիան Արաբիայից և այնտեղից Իրանին ուղղված քննադատությունները, ըստ Ձեզ, ինչո՞վ են պայմանավորված:

Նախ պիտի ասել, որ Լիբանանի վարչապետի հրաժարականը հանկարծակիության գործոնով անակնկալի բերեց ոչ միայն լիբանանյան հասարակությունը, այլ նաև պետությունը անգամ ամենաբարձր օղակներում։ Լիբանանը հաղթահարել էր ներլիբանանյան քաղաքական առճակատումների փուլը, ընտրել հանրապետության նախագահ, հաջողվել էր նշանակել վարչապետ, նշանակել կառավարություն և անցել հանգուցալուծումների շղթայի։ Այս դրական ընդհանուր մթնոլորտում վարչապետի հրավիրվելը Րիադ և այնտեղից նաև հրաժարական տալը հանկարծակի էր։ Պարզ է, որ Րիադի և Թեհրանի միջև կա լարվածություն, հատկապես դա թեժացել էր Յեմենում իրականացվող ռազմական գործողություններով. ժամանակակից քաղաքագիտությունը տարածաշրջանում արձանագրվող իրադարձություններին տալիս է վերահսկելի քաոս բնութագրումը, իսկ դրա համար ամենից պարարտ ենթահող է սուննի-շիա բևեռացումը։

Որքանո՞վ է հավանական, որ նա իր կամքին հակառակ է հրաժարական տվել:

Չի կարելի բացարձակ հաստատում անել։ Համենայնդեպս դիտարկումները կենտրոնանում են մինչ հրաժարականը տիրող դրական մթնոլորտի մասին, վերլուծում են հնչած հռետորաբանությունն ու օգտագործված բառապաշարը և ըստ այնմ եզրահանգումներ կատարում։

Վարչապետը հայտարարել է, որ առաջիկայում կվերադառնա։ Որքանո՞վ եք դա հավանական համարում։

Կարող է վերադառնա, բայց քաղաքական խնդիրը այն է՝ կվերստանձնի՞, թե ոչ վարչապետությունը։ Լիբանանյան հիմնական բոլոր կողմերը պահանջում են վերադարձը և վերստանձնումը։ Չնայած ինքն ասել էր կվերադառնա և հրաժարականը սահմանադրականորեն կներկայացնի։

Սաուդյան Արաբիա-Իրան սրվող հակամարտության հետևանքով Լիբանանում որքանո՞վ է հնարավոր ճգնաժամը խորանա, և սա ինչի կհանգեցնի՝ հնարավոր պատերազմի՞։

Քաղաքական ճգնաժամ կարող է լինի, բայց չեմ կարծում, որ պատերազմական գործողությունների կհանգի։ Լիբանանում դրսևորվում է քաղաքական կամք չներքաշվելու առճակատումների։ Հանրապետության նախագահից մինչև քաղաքական դաշտը բաղկացնող ուժեր բոլորը հնչեցնում են զգոնության կոչեր և լիբանանյան գերիշխանությունը պահպանելու սկզբունքներ։

Ամենաընթերցվածը