Այնպես չէ, որ պաշտոնյաները եթե ինչ-որ բան անում են, չեն զեկուցում նախագահին

    • Հարցազրույց - 14 Նոյեմբերի 2017, 11:44
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, նախօրեին մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին ազդարարեց Տաշիրը, նաև տեղի ունեցավ «Ռիո»-ի բացումը, ու այդ բոլոր միջոցառումների ընթացքում չկար վարչապետ Կարեն Կարապետյանը, թեև մինչ այդ հենց ինքն էր ներդրումներին առնչվող բոլոր հայտարարությունների հեղինակը։ Կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունը նրան դուրս է դնում գործընթացներից։

Կարծում եմ՝ նման տարանջատումն ու իրերի նման մեկնաբանությունն իրականությունից բավական հեռու է, եթե չասեմ՝ ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Առաջին անգամ չէ, որ նախագահը նման միջոցառումների է ներկա լինում, առաջին անգամ չէ, որ որևէ շինության բացման պատիվը տրվում է Երևանի քաղաքապետին։ Այստեղ ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում։ Ես մի քանի անգամ հորդորել եմ բոլորին ՀՀԿ-ում թևեր, տարբեր կառույցներ չտեսնել։ Հանրապետականը միասնական թիմ է, ՀՀԿ-ի նախագահը հանրապետության նախագահն է, և ես այստեղ որևէ նման բան չեմ տեսնում, թե վարչապետին խաղից դուրս են հանել և այլն։ ՀՀ վարչապետը մեր կուսակցության առանցքային ներկայացուցիչներից մեկն է և պետք չի զարմանալ, որ նման մեծ, գլոբալ ծրագրերի ներկայացման ժամանակ ներկա է լինում Հանրապետության նախագահը, և այդ ծրագրերը ներկայացվում են նրա առջև։ Դա շատ տրամաբանական է։ Ոչ տրամաբանական են այն գնահատականները, թե վարչապետին խաղից դուրս են բերել։ Նա շատ նորմալ, հստակ զբաղվում է իր գործառույթներով։ Մենք մի գաղափարական թիմ ենք, որի ղեկավարը նախագահն է, իսկ վարչապետը այդ թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է։

Այսինքն՝ այն, որ Սերժ Սարգսյանն անձամբ գլխավորեց այդ ամենը, իսկ Կարեն Կարապետյանն ընդհանրապես ներկա չեղավ, Դուք որևէ խնդիր չե՞ք տեսնում, չկա՞ ինտրիգ, չկա՞ կոնֆլիկտ այստեղ։

Մեր երկրում ինչ էլ լինում է, պարոն նախագահն այդ ամենից տեղյակ է և զեկուցվում է նրան։ Այնպես չէ, որ պարոն վարչապետը, քաղաքապետը, ԱԺ նախագահը, փոխնախագահները կամ որևէ նախարար, եթե ինչ-որ բան անում են, չեն զեկուցում պարոն նախագահին։ Նման բան չի կարող լինել։ Այնպես որ խնդրում եմ՝ որևէ արտառոց բան այստեղ չտեսնել։

Եթե հիշում եք, և Տիգրան Սարգսյանի, և Հովիկ Աբրահամյանի, և այսօր էլ Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում բազմաթիվ են եղել նմանատիպ կենտրոնների կամ տնտեսական նախագծերի՝ լինի ճանապարհաշինության կամ կամրջի բացումները, որտեղ մասնակցել է Հանրապետության նախագահը։ Ինչքան կարևորագույն կառույցների բացում է եղել մեր երկրում, հիմնականում հանրապետության նախագահը ներկա է եղել։

Այսինքն՝ 2018 թվականի ապրիլի մասով ամեն ինչ արդեն լուծվա՞ծ է ՀՀԿ-ի ներսում և ինտրիգ այլևս չկա՞։

Մենք 2018-ի ապրիլի հարցով քննարկում չենք արել, լուծման հասնելու համար նախ պետք է քննարկենք։ Դեռ ժամանակ կա, կանենք քննարկում և կտեղեկացնենք հանրությանը։

Սերժ Սարգսյանը վերջերս ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն էր հրավիրել, և 2040-ին չորս միլիոն բնակչություն ունենալու մասին խոսում է արդեն չորրորդ անգամ։ Տեսակետ կա, որ հենց այս թեման էլ լինի 2018-ին կլինի նրա խաղաքարտը։ Ինչո՞ւ հանկարծ սկսեցին մտահոգել ժողովրդագրական խնդիրները, երբ այս իշխանության օրոք 390.000 մարդ արտագաղթել է Հայաստանից։

2018-ի կառավարության ծրագիրը, երբ գա ԱԺ, այն ժամանակ կիմանաք՝ ինչ առաջանահերթություններ է ունենալու 2018-ի կառավարությունը։ Կարծում եմ՝ 2018-ի կառավարության առաջնահերթությունները կլինեն նախագահ Սարգսյանի մայիսի 18-ին ԱԺ-ում արված ծրագրային ելույթի տրամաբանության մեջ։ Ժողովրդագրական խնդիրներով մտահոգվելու բուն պատճառն այն է, որ մենք տեսնում ենք, որ կա լուրջ խնդիր, դրա համար դրել ենք 2040-ի համար հստակ ցուցանիշ՝ անկախ  նրանից՝ ով կլինի իշխանության: Դեմոգրաֆիկ խնդիրները, անվտանգության, տնտեսական աճի խնդիրներն այն երեք կարևորագույն խնդիրներն են, որոնք ցանկացած կառավարության և իշխանության օրոք՝ անկախ նրանից Հանրապետական կլինի, Ելքից թե Ծառուկյան դաշինքից, կամ Դաշնակցական կամ նոր կուսակցություն, առաջնային են մնալու և արդիական են լինելու։

Արդեն մի քանի օր է ուսանողները շարունակում են պայքարը տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Հնարավո՞ր է իշխանությունը գնա կոմպրոմիսի։ Ստեղծված իրավիճակը չի՞ անհանգստացնում իշխանությանը։

Անհանգստացնելը քաղաքական լեքսիկոն չէ, մենք ունենք օրենսդրական նախաձեռնությունը, որը պաշտպանում ենք։ Այո, Վիգեն Սարգսյանի բերած նախաձեռնությունը ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև Ծառուկյան դաշինքն էլ է պաշտպանում, Դաշնակցությունն էլ։ Հանձնաժողովում այն ստացել է դրական եզարակցություն։ Մենք ուսանողների դեմ խաչակրաց արշավանք չենք սկսել, սա ավելի գլոբալ հարց է, ավելի գլոբալ ծրագիր է, որը ներկայացրել է պաշտպանության նախարարը։ Հիշում եմ, որ անցյալ գումարման խորհրդարանում Ժառանգության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան, որտեղ առաջարկում էին ընդհանրապես վերացնել տարկետման իրավունքը, իսկ այս օրենսդրական նախաձեռնությամբ տարկետման իրավունքը ընդհանրապես չի վերանում, պաշտպանության նախարարն առաջարկում է այլընտրանքային ծրագիր։

Իսկ ինչ վերաբերում է միտինգավոր ուսանողներին, դա իրենց իրավունքն է, և ես չեմ ուզում որևէ բան պիտակավորել, դա իրենց կարծիքն է։ Մարդկանց իրավունքն է, աշխարհայացքի խնդիր է, և ես դեմ եմ, որ պիտակավորենք՝ ով դեմ է նախագծին՝ բանակին դեմ է, ով կողմ է՝ հայրենասեր է։ Ամեն մեկն իր կարծիքն ունի։ Մենք գտնում ենք, որ գլոբալ առումով այս նախաձեռնությունը բխում է մեր անվտանգության շահերից և չի խոչընդոտում գիտության և գիտության զարգացմանը։

Ամենաընթերցվածը