Հավերժ խոպանչի, գրին քարտ որոնո՞ղ, թե ուզում ենք արժանապատիվ ապրել սեփական երկրում

    • Հարցազրույց - 13 Նոյեմբերի 2017, 18:42
Մեր զրուցակիցն է հասարակական գործիչ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը

Դավիթ, «Հանուն Հայաստան պետության» ճակատը մերժում է գաղութացումը և պատրաստվում է առաջիկայում քննարկել ԵՄ-ի հետ գործակցության հարցը։ Հնարավո՞ր է՝ հստակություն մտնի նաև ճակատի արտաքին քաղաքականության կողմնորոշման հարցում։

Ճիշտ չեմ համարում որոշման հրապարակումից առաջ խոսել հավանական մոտեցումների մասին, այնուամենայնիվ, կարող եմ շեշտել, որ հռչակագիրը ինքնիշխանության կողմնակիցների, ապագաղությաղման ջատագովների համախոհների ստորագրությամբ է հրապարակվել, և այս ընթացքում հնչած դիրքորոշումներից ինձ մի բան է պարզ, որ ճակատի նախաձեռնողներն արտաքին քաղաքականության հավասարակշռված քաղաքականության կողմնակիցներ ենք, մեր մեջ չկան պրոռուսական քաղաքական ուղղվածություն ունեցող գործիչներ:

Այս նախաձեռնությունը քննադատողները նշում են, որ պետք է ոչ թե մեր անհաջողությունների մեջ Ռուսաստանին մեղադրել, իրական խնդիրներից շեղվել, այլ կոնկրետ խնդիրներ վեր հանել և լուծումներ տալ։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։

Իշխանությունը ժողովրդին վերադարձնելուց հետո մեր հիմնական խնդիրը պետք է լինի առհասարակ նոր որակի պետություն ստեղծելը. պետք է ձևավորել մի պետություն, որի քաղաքական դաշտը, իշխանություններն իրենց քայլերը կպլանավորեն ու կիրականացնեն պետության ինքնիշխանության մակարդակը առուվաճառքի սեղանին չդնելով։ Տեսեք, երբ Հայաստանի իրար հաջորդող իշխանությունները մեր անկախությունը, ինքնիշխանությունը գրեթե ամբողջությամբ զիջել են Ռուսաստանին, մենք չենք կարող աչք փակել այս հանգամանքի վրա ու ասենք, դա երկրորդական հարց է։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական դաշտի մեծամասնությունը քաղաքական հարթակի վրա տեղ ունենալու հաջողությունը կապում է Կրեմլին ենթարկվելու հետ, որն ավելի վտանգավոր է, քան ադրբեջանական ագրեսիան։ Այս ուժերը հինգերորդ շարասյուն հանդիսացող, պետության թիկունքում կանգնած Ռուսաստանի գործիքներ են, որոնց մերթընդմերթ Ռուսաստանն օգտագործում է որպես ճնշման լծակներ։

«Հանուն Հայաստան պետության» ճակատը առաջիկայում կհրապարակի ճանապարհային քարտեզը։ Դեկլարատիվ հայտարարություններից բացի, ի՞նչ գործնական քայլեր եք պատրաստվում իրականացնել։

Դեկլարատիվը հռչակագրի տեքստն է, որի մեջ գծում ենք այդ սահմանները, ուղենիշերն ու համոզմունքները։ Իսկ ճանապարհային քարտեզը, բնականաբար, լինելու է ավելի գործնական, մեր պատկերացումներներն են նոր որակի պետությանը հասնելու վերաբերյալ, ավելի մանրամասները, թե ինչպիսին պետք է լինի նոր որակի Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ քայլերի մասին առաջիկայում կխոսենք։

Հանրային մոբիլիզացիան ամենաբարդ խնդիրն է, երբ մանավանդ չկան ընտրական գործընթացներ։ Այս առումով ինչպե՞ս եք մոբիլիզացիա իրականացնելու։ Հանրությունն աջակցելո՞ւ է ձեր այս նախաձեռնությանը։

Եթե մենք կարծենք, որ աջակցություն չենք ունենալու, այդ դեպքում մեր գործունեության իմաստը ո՞րն է, այսինքն՝ ակնկալվում է աջակցություն, բայց մենք չենք ասում՝ մենք լավն ենք, եկեք միացեք մեզ, մենք կոնկրետ քայլեր ենք առաջարկելու հանրությանը և հանրությունն արդեն իր ընտրությունը պետք է կատարի՝ շարունակել մնալ նման կործանարար վիճակո՞ւմ, թե ուզում ենք փոխվի այս ամենը, ուզում ենք ապրել Հայաստանից դուրս այլ պետություններո՞ւմ, թե ուզում ենք մնալ ՀՀ-ում, ուզում ենք, որ լինի հավերժ խոպանչի՞ կամ գրին քարտ որոնո՞ղ, թե ուզում ենք արժանապատիվ ապրել սեփական երկրում։ Այս հարցերի վերաբերյալ պետք է հստակ առաջարկներ ներկայացնենք հանրությանը և փորձենք ճգնաժամ ստեղծել իշխանության համար։ Այդ պարագայում, վստահ եմ, որ հանրությունը կհամախբվի։

Հնարավո՞ր է՝ իշխանությունն իր ներսում ճաքեր տա, ճգնաժամ սկսվի իշխանության ներսում ՝ հաշվի առնելով, որ ապրիլին վարչապետի թեկնածուի հարց կա։

Որևէ բան ես չեմ բացառում, հնարավոր է այդպես էլ լինի, բայց ես չեմ ուզում մտնել իշխանության ներսի խաղերի մեջ։ Ակնհայտ է, որ արդեն վաղուց սկսվել է թևերի միջև հակաքարոզչությունը, և ես չեմ ուզում ժողովուրդը նույնպես մտնի այս խաղերի մեջ։ Մենք պետք է լավ հասկանանք, որ թևերի պայքարը կառավարելի է ու այն չի դառնալու իշխանության փլուզման ճանապարհ։ Այդ թևերից որևէ մեկի հաղթանակը նշանակում է Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգի շարունակություն, Հայաստանի գաղութացման, արտագաղթի շարունակություն և շարունակություն մինչև Հայաստանի կործանումը։ Մենք պետք է հասկանանք, որ մեր հիմնական խնդիրը պետք է լինի բռնազավթած պետական ինստիտուտներից այս իշխանություններին իր բոլոր թևերով դուրս մղումը։

Առաջիկայում Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի։ Ի՞նչ եք կարծում, այդ համաձայնագրի դրույթներն իրականություն կդառնա՞ն։

Ես միշտ եվրաինտեգրման կողմնակից եմ եղել, հավանաբար այս համաձայնագիրը կստորագրվի, բայց դրա կատարման վերաբերյալ ես որևէ ակնկալիք չունեմ, քանի որ մենք գործ ունենք նույն իշխանության հետ, և սպասել, որ այդ իշխանությունը ստորագրելուց հետո դառնալու է ազգային, պետականամետ իշխանություն, կարծում եմ միամտություն է։ Այս համաձայնագրի ստորագրումը արտաքին քաղաքականության մեջ հակակշռի միջոց է, որն ապագայում կարող է լուրջ հնարավորություն դառնալ։ 

Ամենաընթերցվածը