Իսրայելը գիտի, որ Հայաստանն Իրանի դեմ որևէ քայլ չի անի

    • Հարցազրույց - 13 Նոյեմբերի 2017, 09:49
Մեր զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

Էդվարդ Նալբանդյանը իսրայելական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ զենքի առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, որ զենքի առևտուրն իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների։ Նա նաև ընդգծել է, որ հայ-իսրայելական հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք։

Վստահ եմ, որ հանդիպումների ընթացքում բարձրացվել է Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի հարցը, որն իրոք խնդրահարույց է մեզ համար, քանի որ այն զինատեսակները, որոնք Ադրբեջանին վաճառում են, գլխացավանք են դարձել մեր զինված ուժերի համար, հատկապես անօդաչու թռչող սարքերը։ Վստահ եմ, որ Նալբանդյանը տարբեր մակարդակներում այս հարցը բարձրացրել է։ Բայց այստեղ դիրքորոշումն այն է, որ Իսրայելը պատրաստ է Հայաստանին նույնպես նմանատիպ զենք մատակարարել, սակայն դրանց գինը բավական բարձր է, և Հայաստանին ձեռնտու չէ այդ զենքը Իսրայելից գնել։

Այսինքն՝ այդ զենքերը Հայաստանին ձեռնտու չեն իրենց թանկ գնի պատճառով, իսկ ինչպե՞ս կարելի է հասնել նրան, որ զենք չվաճառվի Ադրբեջանին։

Շատ բարդ է զենք արտադրող պետությանը ստիպել, որ նա զենք չվաճառի այս կամ այն պետությանը, մանավանդ որ Իսրայելը մեզ նույնպես առաջարկել է այն զինատեսակները, որոնք վաճառում է Ադրբեջանին։ Այդ առումով Ադրբեջանի և Իսրայելի ռազմական հարաբերությունները բավականին խորն են, անգամ ավելի բարձր, քան տնտեսական ու քաղաքական հարաբերությունները։ Գիտեք, որ Ադրբեջանը նույնպես Իսրայելում դեսպան չունի, և մշտապես խոսակցությունը կա, որ քաղաքական հարաբերությունները այնքան բարձր մակարդակի վրա չեն, որքան ռազմական համագործակցությունը։ Ընդհանրապես, Ադրբեջանը կարող է զենք գնել մի քանի պետություններից, որոնցից մենք չենք կարող գնել։ Օրինակ՝ Թուրքիայից, Պակիստանից պարբերաբար Ադրբեջանը զինատեսակներ է ձեռք բերում, այս երկու պետությունների հետ էլ մեր հարաբերությունները շատ վատ են, մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ և բնականաբար չենք կարող զենք ձեռք բերել։ Ընդհանրապես աշխարհում շատ քիչ պետություն կա, որոնցից Հայաստանը կարող է զենք ձեռք բերել՝ ի տարբերություն Ադրբեջանի։

Իսրայելի վարչապետը Էդվարդ Նալբանդյանի հետ խոսել է տարածաշրջանում սեփական ռազմական ներկայությունը հաստատելու Իրանի փորձերի և դրանց բացասական հետևանքների մասին։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ նման հիշատակում չկար։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդ մասին չի նշվել հայկական պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նորմալ պրակտիկա է, որ ամեն պետություն շեշտադրում է հանդիպման այն հատվածը, որն իր տեսանկյունից ավելի նպատակահարմար է։ Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ Նեթանյահուի խոսքի այդ հատվածը չկա։ Հանդիպման ժամանակ տարբեր երկրների ղեկավարներ կարող են այնպիսի տեսակետներ հայտնել, որոնք մյուս կողմի համար անընդունելի են կամ նպատակահարմար չեն, դրա համար այս դեպքում էլ չեմ ուզում որևէ խնդիր տեսնել։ Բնական է, որ Իսրայելը պետք է իր վարչապետի խոսքը մեջբերեր, Հայաստանն էլ՝ իր նախարարի խոսքը։ Բնականաբար, Իսրայելը շատ լավ գիտի, որ ցանկացած պարագայում Հայաստանն Իրանի դեմ որևէ բացասական քայլ կամ բացասական գործողություն անել չի կարող։

Նալբանդյանի հարցազրույցից պարզ է դառնում, որ խոսվել է նաև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Մենք գիտենք, որ այդ հարցը մի քանի անգամ հայտնվել է Կնեսեթի օրակարգում, բայց հետ է կանչվել։ Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բնականաբար, երկու երկրներ, երկու ժողովուրդներ, որոնք իրենց մաշկի վրա զգացել են ցեղասպանության չարիքը, պետք է բացասական վերաբերմունք ունենային այդ չարիքի նկատմամբ, բայց պետք է հաշվի առնենք, որ Իսրայելը Թուրքիայի հետ այնպիսի հարաբերություններ ունի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը գրեթե անհնար է դարձնում։ Պետք է հասկանալ, որ Իսրայելը ցանկություն ունի աշխարհին ցույց տալ, որ ինքը իսլամական ոչ բոլոր երկրների հետ ունի խնդիրներ, դրանով էլ պայմանավորված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նաև Հորդանանի, Եգիպտոսի հետ հարաբերությունների բարձր մակարդակը։ Իսրայելն ուզում է ցույց տալ, որ ոչ թե ամբողջ արաբական կամ իսլամական աշխարհի հետ խնդիր ունի, այլ առանձին պետությունների հետ, որոնք իրականում իրենք ունեն խնդիր Իսրայելի հետ, այլ ոչ թե հակառակը։ Սա բնական քաղաքական գործընթաց է Իսրայելի համար վերջին տարիներին, դրա համար էլ Ցեղասպանության խնդիրը որքան էլ արծարծվի, ճանաչման գործընթաց չի լինելու։ Ընդհանրապես, պետք է հասկանանք, որ այսօրվա այն խնդիրները, որոնք մենք Իսրայելի հետ ունենք, չափազանց բարդ լուծելի են, որովհետև որքան էլ բարձր մակարդակի այցելություններ լինեն, Ցեղասպանությունը մոտ ապագայում չի ճանաչվելու։ Իսրայելը շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառել, և այդ առումով հայ-իսրայելական հարաբերություններում որոշակի խանգարող հանգամանքներ կան։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հայաստանում չկա Իսրայելի դեսպանություն, իսկ Իսրայելում՝ Հայաստանի դեսպանություն։

Սա իրականում բավական բարդ հարց է։ Կարծում եմ՝ կողմերը փորձում են միաժամանակ դեսպանություն բացել և Թել Ավիվում, և Երևանում։ Փաստն այն է, որ 25 տարիների ընթացքում երեք նախագահների և 5 արտգործնախարարների օրոք այս հարցը չի կարգավորվել, սակայն բոլորն էլ նման ցանկություն ունեցել են։ Հայաստանը դեռևս Թել-Ավիվում չունի ռեզիդենտ դեսպան, Իսրայելն էլ Երևանում։

Բնականաբար, օգտակար կարող էր լինել Հայաստանի համար, եթե մենք այնտեղ ունենայինք ռեզիդենտ դեսպան՝  հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին մենք արդեն խոսեցինք, այդ թվում Ադրբեջանին զենքի վաճառքը։ Պետք է նաև հաշվի առնել, որ մենք բավական մեծ համայնք ունենք Իսրայելում, նաև ունենք եկեղեցապատկան հսկայական գույք Երուսաղեմում, որին պետք է նաև տեր կանգնենք։ Կարծում եմ՝ սա ժամանակի հարց է, և երկու կողմերն այս ուղղությամբ աշխատանք տանում են, և միգուցե ռեզիդենտ դեսպանների հարցը հնարավոր լինի ավելի շուտ լուծել, քան Ադրբեջանին զենք վաճառելու կամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը։

Ինչպե՞ս եք գնահատում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը, նաև Ռուսաստան-Ադրբեջան-Իրան միջանցքը, արդյոք դա ավելի չեն խորացնի Հայաստանի շրջափակումը։ Տեսակետ կա, որ դրանք ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նշանակություն ունեն։

Շատ թանկ կնստեր այդ պետությունների վրա, եթե դա միայն քաղաքական նշանակություն ունենար։ Հետևաբար, ես կարծում եմ, որ տնտեսական բաղադրիչն այստեղ բացառել չի կարելի։ Երկրորդ, պետք է հասկանանք, որ բոլոր այս պետություններն իրենց առանձին շահերն ունեն։ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որովհետև դրանով Ռուսաստանը կապվում է Իրանի հետ։ Իրանի համար դա շատ կարևոր է, որովհետև իր արտադրանքը կարող է ավելի հեշտությամբ արտահանել Ռուսաստան, եթե հաշվի առնենք, որ Իրանը ԵՏՄ-ի հետ ցանկանում է ստորագրել ազատ առևտրի պայմանագիր։ Իսկ Ադրբեջանի համար սա ձեռնտու է, որովհետև դառնում է այդ պետություններն իրար կապող երկիր, միաժամանակ մասնակցում է ևս մեկ նախագծի, որով Հայաստանին էլ ավելի է մեկուսացնում տարածաշրջանային տնտեսական բոլոր նախագծերից։ Ուզում եմ շեշտել, որ ԵՏՄ-ն միակ տարածաշրջանային նախագիծն է, որին Հայաստանը մասնակցում է, այլ նման մեծ նախագիծ գոյություն չունի։ 

Ամենաընթերցվածը