Կառավարությունը սխալ գործած կլինի, եթե ուսանողների հետ ընդհանուր հայտարարի չգա

    • Հարցազրույց - 11 Նոյեմբերի 2017, 10:26
Մեր զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը

ԵՊՀ ուսանողները այս օրերին պայքարում են ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: ԱԺ ամբիոնից նախագծին դեմ արտահայտվեցիք: Հիմա ինչո՞ւ չեք միանում նրանց:

Ազգային ժողովում մեր ելույթները արդեն իսկ նշանակում է, որ մենք միացել ենք և սատարում ենք ուսանողներիին: Մեզ ոչինչ չի խանգարում նրանց հետ լինել նաև պայքարի այլ հարթակներում: Ակնհայտ է, որ ԵԼՔ-ի պատգամավորներից շատերը քաղաքականություն են մտել նաև փողոցային պայքարի միջոցով և արդյունքում: Մեր համակիրներից շատերն են հիմա պայքարող ուսանողների շարքերում: Միևնույն ժամանակ, մենք ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ «չքաղաքականացնելու» ցանկություն կա, անկախ այն հանգամանքից, որ մենք հասկանում ենք՝ պայքարը միևնույն է քաղաքական է: Ուսանողները շատ լավ գիտեն, որ մենք ամեն պահի պատրաստ ենք կանգնելու իրենց կողքին՝ թե ֆիզիկապես, թե ԱԺ ամբինից:

Ուսանողները հանդիպել են Կարեն Կարապետյանին, ով ընդունել է ուսանողներին երկու նախարարների՝ Վիգեն Սարգսյանի և Լևոն Մկրտչյանի հետ միասին: Նրանք մերժել են կառավարության առաջարկը՝ ընդգրկվել այդ օրենքից բխող նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:

Ուսանողները խելամիտ են վարվել, քանի որ նրանց առաջարկը պարզ է՝ վերականգնել տարկետման իրավունքը: Դրա համար հատուկ աշխատանքային խումբ կազմելու անհրաժեշտություն չկա: Եթե կառավարությունը ցանկություն ունի կատարել այդ փոփոխությունը, ուսանողների անմիջական մասնակցություն աշխատանքներին չի պահանջվում:

Ի՞նչ եք կարծում, այս պայքարը այլ բուհերի ուսանողներին նո՞ւյնպես ոտքի կհանի: ՀՀԿ-ն ասում է, որ հանրապետական ուսանողներ չկան այդ պայքարում:

Իհարկե այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ ևս կարող են միանալ պայքարին, և ՀՀԿ-ն այստեղ կապ չունի: Այլ բան է, որ ակնհայտորեն որևէ պայքարում ՀՀԿ-ական ուսանողներ՝ իրենց սեփական որոշմամբ, հայտնվել չեն կարող, անկախ այն հանգամանքից՝ կո՞ղմ են, թե դեմ:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ որևէ ցույց և դասադուլ իրեն հակառակը համոզել չեն կարող: Իշխանությունը գնում է մինչև վերջ, սա ինչի՞ կարող է հանգեցնել:

Ես շատ կուզենայի, որ նախորդների սխալներից դասեր քաղեին մեր իշխանավորները: Սա ինձ հիշեցնում է պարտադիր կուտակայինի դեմ մեր պայքարը, երբ թերագնահատելով շարժման ուժը, կառավարությունը չէր գնում կոմպրոմիսի: Սա կարծես դեժավյու լինի: Արդյունքում ունեցանք տապալված կուտակային համակարգ, որը հիմա մասնակի կիրառմամբ գործում է այն պայմաններով, որոնք մենք առաջարկել էինք կառավարությանն ուղղված մեր առաջին նամակում:

Ի՞նչ եք կարծում, այս նախագիծը հետ կկանչվի՞: Ինչ փոփոխություններ եք ակնկալում։

Չեմ կարող ասել՝ հետ կկանչվի, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ կառավարությունը սխալ գործած կլինի, եթե ուսանողների հետ ընդհանուր հայտարարի չգա: Այդ պարագայում կտուժի հասարակությունը՝ ստանալով բացասական ազդակ առ այն, որ կառավարությունը հաշվի չի առնում երկրի ամենակարևոր հատվածի՝ ուսանողների, կարծիքը և վերաբերմունքը: Ես գտնում եմ, որ տարկետման իրավունքը պահպանելով որևէ վնաս մեր երկրի պաշտպանությանն ու գիտությանը չի հասցվում, սակայն այն վերացնելով կարող ենք վնասել գիտությանը, և այդ իմաստով՝ նաև մեր երկրի երկարաժամկետ պաշտպանությանը:

Ամենաընթերցվածը