«Տեսանելի ապագայում Հայաստանը նույնպես կմիանա Թբիլիսի-Կարս երկաթուղուն»

    • Հարցազրույց - 23 Հոկտեմբերի 2017, 18:38
Մեր զրուցակիցն է Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն

Պարոն Ցինցաձե, ինչպե՞ս եք գնահատում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը, որը նախատեսված է այս ամսվա վերջին։

Երկաթգծի ցանկացած կատարելագործում կամ նոր ճյուղի գործարկում, որը նպաստում է մարդկանց միջև փոխհարաբերություններին, իհարկե, դրական է, բայց պետք է այնպես անել, որ նոր երկաթուղին օգտագործվի Հարավային Կովկասում բոլոր ապրողների շահերի համար։ Ես հասկանում եմ Հայաստանի հետաքրքրությունը այդ խնդրի վերաբերյալ։ Ես հույս ունեմ և շատ լավ կլիներ, եթե դա օգտակար լիներ և Հայաստանին, և Ադրբեջանին, և Վրաստանին։ Իսկ մնացածը քաղաքական գործիչների խնդիրն է, որոնք, ցավոք, քայլեր անելիս ինձնից խորհուրդ չեն հարցնում և ապագայի վերաբերյալ իրենց պլաններն ինձ հետ չեն քննարկում։

Ձեր կարծիքով՝ այդ երկաթուղու գործարկումը որքանո՞վ կխորացնի Հայաստանի շրջափակումը։

Ընդհանրապես, Հայաստանի շրջափակումը չի նպաստում Վրաստանի բարեկեցությանը։ Մեր շահերից է բխում, որ Հարավային Կովկասի երեք պետություններում չլինեն տուժողներ, չլինի շրջափակում և չլինեն որևէ տարաձայնություններ։ Բայց, ցավոք, աշխարհը կատարյալ չէ։ Ինչ վերաբերում է Հայաստանի շրջափակմանը, ես կարծում եմ, որ կան նաև այլ միջոցներ մեղմացնելու համար այդ անհարմարությունն ու դժվարությունը՝ կապված շրջափակման հետ։ Ամենագլխավորն այն է, որ լուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև Աբխազիայի, Մերձդնեստրի հակամարտությունները։ Սրանք հարցեր են, որոնք արդեն տասնամյակներ օդում կախված են և տարեցտարի ավելի ու ավելի են բարդացնում փոխշահավետ, փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու հնարավորությունը։ Սա արդեն հարց է ուղղված քաղաքական գործիչներին։ Ելնելով նրանից, որ ձեզ մոտ՝ Հայաստանում, օրինակ, դեղամիջոցները, բենզինը անհամեմատ էժան են, քան Վրաստանում, մեզ մոտ նախանձ է առաջացնում։ Երևի պետք է ապրել նման մեկուսացման մեջ, որի արդյունքում մեզ մոտ էլ 3-4 անգամ կէժանանային բենզինը կամ դեղերը։

Իսկ հնարավո՞ր է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման արդյունքում  Հայաստանը կարողանա ավելի հեշտ ապրանք ներմուծել Թուրքիայից։

Ես ուզում եմ նշել, որ Հայաստանի համար փակ չէ Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհը դեպի Թուրքիա։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այդ հնարավորությունը և կօգտագործի։ Առավել ևս, որ մեր երկրների միջև, մեր ղեկավարների միջև ոչ մի տարաձայնություններ կամ վիճելի խնդիրներ այդ ոլորտում գոյություն չունեն։

Որքա՞ն է հավանականությունը, որ Հայաստանը ևս կօգտվի այդ երկաթուղուց։

Քաղաքական գործիչներն ասում են՝ երբեք մի ասա երբեք, այնպես որ, տեսականորեն, ես իհարկե վստահ եմ և ոչ մի կասկած չունեմ, որ տեսանելի ապագայում, իհարկե, Հայաստանը նույնպես կմիանա այդ նախագծին։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարի կնքման օրը։ Ձեր կարծիքով՝ պատահակա՞ն են ընտրել այդ ամսաթիվը, թե այստեղ դիտավորություն կա։

Ես կարծում եմ՝ պատահաբար է այդպես ստացվել, որովհետև երկաթուղու գործարկումն առանց այդ էլ մի քանի տարի ձգձգվեց, բացումը նախատեսված էր շատ ավելի առաջ։ Բայց, իհարկե, սկզբունքորեն ես չեմ կարող բացառել, որ պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները որոշել են ճանապարհի բացումը կապել ինչ-որ ամսաթվի հետ։  

Պարոն Ցինցաձե, ինչո՞վ ավարտվեց Գումբուրդոյի եկեղեցում շուրջ տեղի ունեցած միջադեպը և դա ի՞նչ հետք կարող է թողնել թե Ջավախքի հայերի վրա, թե հայ-վրացական հարաբերություններում։

Ցավոք, աշխարհն այնպես է կառուցված, որ նույնիսկ ամենամոտ, պատմական հարևանների միջեւ, որոնք դարերի ընթացքում միշտ ապրել են բարեկամության մեջ, միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է լինում, լինում են նաև տարաձայնություններ, բայց հենց դրա համար էլ գոյություն ունեն իշխանություններ, գոյություն ունի քաղաքականություն, դիվանագիտություն, որ անհապաղ արձագանքեն և մարեն լարվածության նման  օջախները։ Ես ավելի քան վստահ եմ, որ նման ցավալի միջադեպերը ոչ մի կերպ չեն կարող ստվերել միջպետական հարաբերությունները։ Լինում են տարբեր տեսակի միջադեպեր, օրինակ՝ իմ երիտասարդության տարիներին ֆուտբոլում մեկ Հայաստանն էր հաղթում, մեկ՝ Վրաստանը, լինում էին տհաճ միջադեպեր, բայց այդ ամենն անցնում էր, իսկ հայ-վրացական հարաբերությունները գնալով խորանում ու ամրապնդվում էին։ 

Ամենաընթերցվածը