Թող որևէ եվրոպացի պաշտոնյա կանգնի ասի, որ Հայաստանն է հրաժարվել

    • Հարցազրույց - 18 Հոկտեմբերի 2017, 10:48
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, հրապարակվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը։ Հնարավո՞ր է վերջին րոպեին խոչընդոտների հանդիպենք և կորցնենք, շատերի գնահատմամբ, վերջին հնարավորությունը։

Հայաստանը եթե խոչընդոտի գնար, չէր նախաստորագրի և Հանրապետության նախագահն էլ ՄԱԿ-ի ամբիոնից, դրանից առաջ էլ Բազե համահայկական հավաքի ժամանակ չէր հայտարարի, որ փաստաթուղթը ստորագրվելու է։ Բայց որ ասում եք մեկ օրվա մեջ կամ վերջին պահին, ուզում եմ հստակ հնչեցնել մի գնահատական, որն իրական գնահատական է՝ այն ժամանակ էլ Հայաստանը խոչընդոտ չի հանդիսացել, այն ժամանակ էլ Հայաստանը չի հրաժարվել ասոցացման համաձայնագրից։ Ես բացահայտ ասում եմ, և թող որևէ եվրոպացի պաշտոնյա կանգնի ասի, որ այն ժամանակ Հայաստանն է հրաժարվել։ Նման բան չի եղել։ Իրենք ասացին, որ հնարավոր չէ Եվրասիական միություն մտնեք և այստեղ ազատ առևտուր անեք, մենք այդ ժամանակ ասացինք, եթե այդպես է՝ եկեք քաղաքական մասը ստորագրենք, իրենք հրաժարվեցին։ Ես այն ժամանակ էլ ասացի, որ սա Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջակետ չէ, ստորակետ է, մենք պատրաստ ենք զարգացնել քաղաքական երկխոսությունը։ Պարզապես այն, որ կարող էինք անել երեք տարի առաջ, անում ենք երեք տարի հետո։ Քաղաքական մասով տեքստը մենք պատրաստ էինք այն ժամանակ էլ ստորագրել։ Այն, ինչ արվում է հիմա՝ որոշակի փոփոխություններով, այն ժամանակ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը, և իրենք են հրաժարվել, մենք չենք հրաժարվել։ Եվ ուզում եմ սա ֆիքսենք: Այն, որ ասում են ԵՄ-ի հետ բանակցում էիք, հետո գնացիք ԵԱՏՄ, նման բան չի եղել, մենք երբեք չենք հրաժարվել, և Մոսկվայում էլ սեպտեմբերի երեքին հանրապետության նախագահը Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ ԵԱՏՄ մուտքը չի նշանակում, որ Հայաստանը չպետք է զարգացնի իր երկխոսությունը ԵՄ-ի հետ։ Բայց այս հայտարարությանը հետևեցին մեր եվրոպացի գործընկերների փոքր ինչ էմոցիոնալ գնահատականները։ Սեպտեմբերի չորսին ես ասուլիսով հանդես եկա և ասացի, որ սա վերջակետ չէ Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Նույնն էլ այսօր, ես չեմ կարծում, որ Հայաստանը խոչընդոտ պետք է հանդիսանա։

Իսկ գուցե այս անգամ էլ ԵԱՏՄ-ն խոչընդոտ հանդիսանա, Ռուսաստանի կողմից էլ ճնշումներ լինեն։

Նախ համագործակցության մակարդակը տարբեր է։ Սա և...և չի, ԵԱՏՄ-ի հետ առանձին տնտեսական ձևաչափ է, ՀԱՊԿ-ում՝ ռազմաքաղաքական, Ռուսաստանի հետ՝ առանձին դաշնակցային, ԵՄ-ի հետ՝ քաղաքական համագործակցության: Եթե Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքը պայմանավորված է նախևառաջ Հայաստանի տնտեսական շահով, ապա ըստ իս, այդ համաձայնագրի հիմքը Հայաստանում ԵՄ-ի օժանդակցությամբ ժողովրդավարական պետության կայացումն է, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն՝ մենք կառուցում ենք եվրոպական մոդելի ժողովրդավարական երկիր և այստեղ, այո, ԵՄ-ի աջակցությունը շատ էական ազդեցություն կունենա։ ԵԱՏՄ-ում մենք գնում ենք մեր տնտեսական շահի հետևից, Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ և իրավապայմանագրային բազա։ Մենք շատ դեպքերում խառնում ենք ամեն բան: Մենք պետք է կարողանանք ոչ թե հակադրել, այլ այդ ամենի մեջ տեսնել Հայաստանի շահը։ Իսկ մենք գնահատում ենք մեր բոլոր գործընկերների օժանդակությունը, ովքեր այս տարիների ընթացքում, հույս ունեմ նաև հետո, կօժանդակեն Հայաստանում ժողովրդավարացմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը։

Այսինքն՝ եթե կյանքի չկոչվի այս պայմանագիրը, նշանակում է, որ էլի մեղադրելու եք ԵՄ-ի՞ն։

Ես խոսում եմ փաստերով։ Կան գործիչներ, որ երեք-չորս տարի է՝ ասում են, որ Հայաստանը հրաժարվել է, բայց Հայաստանը չի հրաժարվել։ Հայաստանը խոչընդոտ չի հանդիսացել և ոչ էլ հրաժարվել է, և ուզում եմ դա հստակ լինի։ Այս փուլում ես չեմ տեսնում Հայաստանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատճառներ։

Ամենաընթերցվածը