Ոչինչ, Թուրքիան մի օր այդ դանակով նրանց մեջքին կխփի

    • Հարցազրույց - 11 Հոկտեմբերի 2017, 18:13
Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Պարոն Տեր-Թադևոսյան, Ալիև-Սարգսյան հանդիպման նախաշեմին Ալիևը փորձում է սադրել՝ հայտարարելով, թե բանակցություններն սկսվում են առանց Հայաստանի նախապայմանների, այսինքն՝ առանց վերահսկողության մեխանիզմների ներդրման հարցի լուծման։ Դրան արձագանքել է Սերժ Սարգսյանը։ Ձեր կարծիքով՝ նման կոշտ արձագանքներն ինչի՞ կարող են հանգեցնել։ Ընդհանրապես ինչպե՞ս է իրավիճակը սահմանին։

Ես չգիտեմ, թե այդ հանդիպման ժամանակ ինչ հարց կարող է լուծվել, քանի որ բանակցող կողմերը մի բան ասում են, մեկ այլ բան անում են։ Նրանք միշտ էլ հայտարարում են, որ իրենք խաղաղության կողմնակից են։ Այս խաղի մեջ մտել են նաև հզոր պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը։ Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը, ակնկալիքը միայն այն է, որ լարվածությունը սահմանին նվազի, այլ հարցերի լուծմանը ես չեմ հավատում։ Իհարկե, լարվածության նվազեցումն էլ փոքր հարց չի։ Եթե կարողանան շփման գծում վերահոսկողական մեխանիզմներ դնել, սարքեր տեղադրել, որոնցով Մինսկի խմբի համանախագահները կարող են ստուգել, թե ով է առաջինը հարձակվել, որտեղ և այլն, արդեն մեծ բան է։ Ես չգիտեմ, թե դրա գումարն ով է տալու, բայց եթե այդ հարցը լուծվի թե մեզ համար, թե ադրբեջանցի ժողովրդի համար, որի երեխաները սահմանին կանգնած են, դա մեծ գործ կլինի։

Ավելի շատ ո՞ր երկրից կարելի է աջակցություն ակնկալել անվտանգության ու պաշտպանության հարցերում, թե՞ մենք մեր անվտանգությունը կարողանում ենք պահել։

Որևէ մեկը դրսից դա չի կարող անել, միայն հայկական պետությունները կարող են պաշտպանել ու ապահովել մեր ու Արցախի անվտանգությունը։ Ռուսաստանն այստեղ մի քանի զորավարժություններ անցկացրեց, ու իրենց խոսքով, պատրաստ են պաշտպանել Հայաստանին, բայց ոչ մի խոսք չկա Ղարաբաղի մասին։ Նրանք ասում են՝ մենք Հայաստանի հետ ենք պայմանագիր կնքել, և եթե հարձակում լինի Հայաստանի վրա, իրենք կպաշտպանեն։ Այսինքն՝ եթե Հայաստանի դեմ ոտնձգություն լինի, կարող է օգնել միայն Ռուսաստանը։

Բայց նախօրեին Դմիտրի Պեսկովը կրկին հայտարարեց, որ պատրաստ են C-400 համալիրների տեխնոլոգիա տրամադրել Թուրքիային։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

Տեսեք, Թուրքիան սկսեց ավելի քիչ ցորեն գնել Ռուսաստանից, նաև հանդիպեց Պորոշենկոյի հետ և հայտարարեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի Ղրիմը վերադառնա Ուկրաինայի կազմ։ Դրա համար Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական պայմանագիրը հիմք չունի։ Նրանք դարերով հակառակորդներ են եղել։ Թուրքերը հիմա երազում են մեծ Թուրքիայի մասին, որտեղ իրենց կազմում կլինեն Ղրիմը, Աբխազիան և այլն։ Էրդողանը մի քիչ տարվել է երազանքներով և իրեն նոր Աթաթուրք, թուրքերի հայր է պատկերացնում։ Դրա համար ես ռուս-թուրքական ռազմական համագործակցության հարցում մի փոքր հոռետես եմ, ռուսները թուրքերին վերջին տեխնոլոգիաները չեն վաճառում։

Իսկ ռուս-թուրքական մերձեցումից Հայաստանի համար վտանգներ չկա՞ն։

Թուրքիան արդեն 600 տարի կարողանում է դուրս գալ դժվար իրավիճակներից։ Հիմա էլ Թուրքիան վատ վիճակում է, դրա համար փորձում է Ռուսաստանի հետ բարելավել իր հարաբերությունները, բայց վաղը կարող է նորից երես թեքել ու ամերիկացիների հետ ջերմացնել իր հարաբերությունները։ Նրանք շատ գրագետ դիվանագիտական քաղաքականություն են վարում, իսկ ռուսները դիվանագիտությունը դեռ պետք է սովորեն ու սովորեն։ Շատ ցավալի է, որ ռուսներն այդքան մերձենում են թուրքերի հետ։ Ոչինչ, Թուրքիան մի օր այդ դանակով նրանց մեջքին կխփի։

Հայաստանի տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժություններ ինչպե՞ս եք գնահատում։

Մենք միասին սովորում ենք։ Դա ռեալ ուժ ու ռեալ գործողություն է, միայն թղթի վրա չի։ Դրանով մենք ամրապնդում ենք մեր անվտանգությունը։

Դուք կանխատեսում էիք, որ ամռանը կարող է իրավիճակը սահմանին լարվել, իսկ եթե չլարվի, ապա այս վիճակը երկար կպահպանվի։ Հիմա կարծում եք, որ լարվածություն  կամ պատերազմ չի՞ լինի։

Ոչ, պատերազմ չի լինի, հնարավոր չէ։ Բայց եթե, Աստված չանի, պատերազմ լինի, շատ վատ կլինի մեր ժողովրդի համար, իսկ Բաքվի նավթի վրա նստած Ադրբեջանն ընդհանրապես կվերանա։

Ամենաընթերցվածը