Կոնֆլիկտային իրավիճակները լուծվում են մինչև պատերազմը

    • Հարցազրույց - 10 Հոկտեմբերի 2017, 18:57
Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Պարոն Իգիթյան,ԱԺ-ն վավերացրեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր հիմա պետք այս նախագիծը կյանքի կոչել։

Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ, թե ինչու հիմա և ինչու այդ հարցը, այսինքն՝ արդյոք Հայաստանն ունի՞ լրացուցիչ անվտանգության խնդիր, գումարած այն բոլոր անվտանգության խնդիրներին, որոնք եղել են՝ կապված ԼՂ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Այսինքն՝ ո՞րն է այն խնդիրը, որը չէր լուծվում Ռուսաստանի հետ նախորդ կապերով, որ հիմա պետք է լուծվի։ Օրինակ՝ կա ՀԱՊԿ, որն ինչ-որ խնդիրների է ուղղված, կա ռուսական ռազմաբազա Հայաստանում, որը երկարացրել է իր ներկայությունը մինչև 2049 թվականը, որտեղ նաև նշված է, որ կողմերը համատեղ պետք է լուծեն նաև Հայաստանի անվտանգության հարցը, կան հայ-ռուսական տարբեր ռազմական համաձայնագրեր։ Այսինքն՝ ի՞նչ անվտանգության հարց պետք է լուծվի, արդյոք դա ուղղվա՞ծ է Ադրբեջանի կողմից սպառնալիքներին։ Եթե այդպես է, ապա իհարկե դա կյանքի չի կոչվի, քանի որ Ռուսաստանը բազմիցս ցույց է տվել իր «հավասարակշռված» վերաբերմունքը թե Ադրբեջանին, թե Հայաստանին, և եթե հաշվի առնենք այն զենքը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, և ոչ միայն վաճառում է, այլ նաև սովորեցնում է, թե ինչպես էֆեկտիվորեն օգտագործել այդ զենքը ԼՂ-ի և Հայաստանի դեմ։ Եթե այս խնդիրը փորձում ենք լուծել այս նոր համաձայնագրով, Ռուսաստանի հետ համատեղ բանակով, ապա իհարկե չի լուծվելու այդ հարցը։

Ես կասեի հակառակը, սրանով Հայաստանը կորցնում է ճկունությունը սեփական ռազմական ուժերի օգտագործման առումով նաև արցախյան ճակատում։ Իսկ եթե այն ուղղված է Թուրքիայի աճող ագրեսիվության դեմ, մենք տեսնում ենք, որ թեև մի քանի տարի առաջ Էրդողանը հայտարարել էր, որ բոլոր հարևանների հետ պետք է ունենալ հանգիստ և լավ հարաբերություններ, այսօր պարզվում է, որ դա միայն Թուրքիա-Ադրբեջան հարևանությանն է վերաբերում, իսկ այլ հարևանների հետ Թուրքիան ունի բավական ագրեսիվ հարաբերություններ։ Բացի այդ, Անկարան աջ ու ձախ օգտագործում է իր զորքը իր սահմաններից դուրս։ Եթե մեր իշխանությունները որոշեցին, որ Թուրքիայի ագրեսիան արդեն սպառնալիք է Հայաստանի համար, այստեղ էլ կասկածներ կան, քանի որ նոր համաձայնագիրն այդ հարցը չի լուծում երկու պատճառով. առաջին՝ պարզ չէ, թե պատերազմի ընթացքում ինչպես նա պետք է գործի, երկրորդ՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այսօր ավելի բարեկամական են, քան հայ-ռուսական հարաբերությունները։ Որպես փաստ կարող եմ բերել U-400-ի վաճառքը Թուրքիային, համատեղ հայատարարությունները և գործողությունները Սիրիայի ճակատում, ջերմ տնտեսական հարաբերությունները, քաղաքական հանդիպումները, համբույրները: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ինչ-որ ձևով հայ-թուրքական հնարավոր ռազմական լարվածության մեջ կարող է օգտագործել այս գործոնը։ Ճիշտն ասած, կասկածելի և ես կասեի՝ նույնիսկ վտանգավոր համաձայնագիր է։

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է համարում C-400-ի տեխնոլոգիայի փոխանցումը Թուրքիային։ Ռուս-թուրքական այս մերձեցումից ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ պետք է սպասի Հայաստանը։

Պարզ է, որ Հայաստանն այստեղ կորցնում է, հարցը նույնիսկ պատերազմը չէ։ Միջազգային հարաբերություններում կոնֆլիկտային կամ լարված իրավիճակները լուծվում են մինչև պատերազմը, հաշվի են առնվում ռազմական ներուժը, այլ երկրների հնարավոր աջակցությունը: Սրանով է, օրինակ, իրեն հանգիստ զգում փոքր Լյուքսեմբուրգը կամ Կիպրոսը։ Հայաստանն այսօր ունի «մենաշնորհային անվտանգության երաշխիք», դա Ռուսաստանն է, և ինչպես շվեյցարացիներն են ասում, բոլոր հավկիթները Հայաստանը դրել է այդ զամբյուղի մեջ։ Եթե Ռուսաստանի շահերից այլ բան բխի, կամ Կրեմլը մանևրելու կամ խորամանկությունների դիմելու ցանկություն ունենա, ապա հնարավոր է, որ այս անվտանգության երաշխիքը չգործի։ Կրկնում եմ, եթե խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին է։ Բոլոր դեպքերում, սա Հայաստանին զսպաշապիկի մեջ դնելու նման մի բան է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել այն ժամանակ, եթե հանկարծ Հայաստանի իշխանությունը համարձակություն ունենա ըմբոստանալու Ռուսաստանի ճնշումներին ԼՂ հարցում կամ Թուրքիայի հետ կապված որևէ հարցում։

Օրերս Երևանում Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ  Ադրբեջանին ԵԱՏՄ ընդունելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից, քանի որ Հայաստանը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից։ Որքանո՞վ է հավանական Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելը։

Նախ աչքովս ընկել էր Ադրբեջանի պաշտոնյայի  հայտարարությունը, թե այդ ի՞նչ են քննարկում, երբ Ադրբեջանի օրակարգում ընդհանրապես նման բան չկա։ Եվ եթե զուտ վերլուծենք Ադրբեջանի տնտեսական և առևտրային շահերը, ապա ԵԱՏՄ-ն նրան միայն կխանգարի։ Բացի այդ, ԵԱՏՄ-ն ենթադրում է բաց առևտրի տարածք, որն անհնար է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս լարված իրավիճակում, այսինքն՝ նույնիսկ այս պարագայում ԵԱՏՄ-ն չի աշխատելու։

Թող այդ հարցը հասունանա, հետո Հայաստանը կքննարկի՝ վետո դնի, թե ոչ: Ընդ որում, վետո դնելը կապված չէ միայն այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի հանդեպ, սա նաև զուտ տնտեսական հարց է։ Գլազևի հայտարարությունը փիար էր, որ ուզում էր ընդգծել Հայաստանի դերը ավելի շատ, քան իրականում Հայաստանն ունի։

Պարոն Իգիթյան, իշխանությունները հավաստիացնում են, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա: Ձեր կարծիքով, այն կյանքի կկոչվի՞: Շատ փորձագետներ վստահ են, որ այն կյանքի չի կոչվի՝ հաշվի առնելով այն, որ  մինչև հիմա այդ համաձայնագրի տեքստը չկա։

Հայաստանն այլևս ինքնուրույն որոշում չի կայացնում այս կամ այն համաձայնագիրը ստորագրելիս։ Ես համոզված եմ, որ անգամ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության դեպքում Հայաստանն իր վետոն կդնի կամ չի դնի միայն Ռուսաստանի խորհրդով։

Ինչ վերաբերում է սպասվելիք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, ապա, ճիշտն ասած, ես կասեի ոչ թե լավատես եմ, այլ ունեմ տեղեկատվություն, որ Հայաստանն արդեն համաձայնեցրել է բոլոր կետերը Ռուսաստանի հետ: Դա եղել է ոչ թե գաղտնի, այլ բաց տեքստով, երկու կողմերն էլ ժամանակին հայտարարել են, որ նախկին համաձայնագրից հանվել են բոլոր այն կետերը, որոնք կարող էին խանգարել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամությանը։ Ցավալի է ինձ համար, որ այդ համաձայնագրից հանվել է խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծումը ԵՄ շուկայի հետ, դա գոյություն չունի։ Իհարկե, տեքստն ամբողջությամբ  չունենք, բայց վերլուծություններից տեսնում ենք, որ նոր ստորագրվելիք համաձայնագիրն ունի մոտավորապես նույն սկզբունքները, որոնք ունի գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։

Հարցը միայն այն չէ՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, թե ոչ, հարցն այն է, որ այն ընդհանուր գովաբանության մթնոլորտը և բացահայտ հայտարարությունները, թե Հայաստանն այլընտրանք չունի, վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ նշանակում է, որ այսօր Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի փնտրում լրացուցիչ զարգացման հնարավորություն։ Եվ ցավալի է լսել, որ այդ 3,3 կամ 2,2 տոկոս աճը իրենց բավարարում է: Սրանք այն թվերը չեն, որ կարող են Հայաստանը հանել այս ծանր իրավիճակից։

Ամենաընթերցվածը