ԵԽԽՎ-ում դեռ շատերը կան, ովքեր ներգրավված են ադրբեջանական կոռուպցիոն սխեմաներում

    • Հարցազրույց - 07 Հոկտեմբերի 2017, 13:10
Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը

Տիկին Հովհաննիսյան, ԵԽԽՎ-ում ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո Ադրբեջանին առնչվող զեկույցներից մեկի հեղինակ բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացավ: Տեղեկություն եղավ, որ նա ևս ներգրավված էր այս կոռուպցիոն սխեմաներում: Հաշվի առնելով նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը, կարո՞ղ ենք ասել, որ հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ հետագայում էլ ադրբեջանամետ դիրքորոշմամբ հանդես եկող պատվիրակները կարող են կասկածվել Ադրբեջանի հետ գործարքների մեջ:

Իրականում իրավիճակը հետևյալն է՝ Խորհրդարանական վեհաժողովում շարունակում են լինել մարդիկ, ովքեր գոնե մենք 100 տոկոս վստահությամբ կարող ենք պնդել, որ այս կամ այն կերպ ներգրավված են ադրբեջանական կոռուպցիոն սխեմաներում: Սակայն, ինչպես նկատում ենք, հետևանքները՝ թե երկրի ներսում իրավապահ համակարգի առաջ հաշվետվողականության տեսքով, թե քաղաքական պատասխանատվության հրաժարականների տեսքով վրա են հասնում այն ժամանակ, երբ առկա են լինում հստակ ու կոնկրետ ապացույցներ, երբ այդ մասին լինում են հստակ հրապարակումներ: Կարծում եմ՝ բոլոր դեպքերում իրավիճակն այնպիսին է, որ նվազագույնը շատերն ավելի զուսպ ու զգոն են իրենց պահելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհի ուշադրությունն ի վերջո կենտրոնացած է այդ կառույցի վրա: Եվ կառույցն ինքն իր մեծամասնություն կազմող անդամների ջանքերով փորձում է մաքրման գործընթաց առաջ տանել: Այս տեսանկյունից պետք է ակնկալել, որ որոշ պատվիրակներ ավելի զգոն կլինեն: Բայց դա ամենևին չի նշանակում, որ ստեղծված իրավիճակը չի ենթադրում, որ պետք է անընդհատ աշխատանք տանել սեփական տեսակետների տարածման կամ տեղ հասցնելու գործում:

Ագրամունտի հեռանալով ի՞նչ է փոխվում:

Ագրամունտի գնալով իրականում մի գործընթացի տրամաբանական ավարտ ենք ազդարարում, որտեղ ինքը Խորհրդարանական վեհաժողովում նշանավորում էր կոռուպցիայի և ադրբեջանամետության մի ամբողջ շրջան: Թեև ինքը ամենակարկառուն ներկայացուցիչներից էր, բոլոր դեպքերում միայնակ չէր: Վեհաժողովում շարունակում են մնալ այդպիսի պատվիրակներ, որոնք այս կամ այն կերպ առանցքային դերակատարումներ ունեն այս կամ այն պաշտոններում կամ դիրքերում: Բայց Ագրամունտի գնալը նշանավորում է պատասխանատվության անխուսափելիության վերահաս լինելն այդ մարդկանց համար, և նրանցից յուրաքանչյուրն իր գործողություններում այլևս չի զգա իրեն այնքան ազատ, որքան զգում էր: Բայց, կրկնում եմ, դա ամենևին չի նշանակում, որ կարելի է զգոնությունը կորցնել և մտածել, որ ոչինչ չանելով կամ քիչ ջանք գործադրելով՝ կարելի է հասնել մեծ արդյունքի: Ես դա ասում եմ՝ նկատի ունենալով այս պահին գոյություն ունեցող մի շարք փաստական և իրավական իրողություններ:

Հայկական պատվիրակությանն ի՞նչ աշխատանք է սպասվում օրերս մեկնարկող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:

Իրականում բուն Հայաստանին առնչվող զեկույց չկա այս նստաշրջանի օրակարգում, բայց կան երկու զեկույցներ, որոնք մեր հետաքրքրությունների տիրույթում են: Դրանցից մեկը վերաբերում է Ադրբեջանի մոնիթորինգային պարտավորություններին: Երկրորդը հրաժարական տված Ալան Դեստեքսի զեկույցն է, որը վերաբերում էր դեռևս 2014 թվականին, երբ Ադրբեջանը նախագահում էր Եվրոպայի խորհրդում, այդ ժամանակահատվածում մարդու իրավունքների առումով արված հետևություններին: Այս զեկույցներում կան գնահատականներ ու կոչեր, կա նաև վեհաժողովի հայտնած մտահոգությունը, որ ադրբեջանական լվացքատան հետ կապված այդ հրապարակումների հիման վրա պետք է ուսումնասիրություններ ու հետաքննություն իրականացվեն:

Եվ մի զեկույց ևս կա, որը ես անձամբ կարևորում եմ: Դա Պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի զեկույցն է, որը ԳՐԵԿՕ-ի երաշխավորությունների համատեքստում ըստ էության կանոնակարգային մի շատ կարևոր հարցի է վերաբերում: Մասնավորապես, պետք է քննարկման առարկա դարձնենք հետևյալ հարցադրումը՝ ի՞նչ անել կամ ինչպե՞ս վարվել այն զեկույցների հետ, որոնք զեկուցողները, պարզվել է, կոռուպցիոն սխեմաների մեջ են ընդգրկված եղել և նրանց վերաբերմունքն իրականում եղել է դրա համատեքստում:

Ամենաընթերցվածը