ՀՀԿ-ն իզուր է հանձնվել. Ռուսաստանը շուտով ծնկի է բերվելու

    • Հարցազրույց - 07 Հոկտեմբերի 2017, 12:19
Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, ԱԺ-ն ընդունեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ Ձեզ՝ դա Ռուսաստանի կողմից պարտադրված քա՞յլ էր։ Իշխանությունն այդպես էլ չտվեց պատասխան, թե ում առաջարկով է այս նախագիծը։

Ընդհանրապես Հայաստան ասելով նախ պետք է առանձնացնենք, որովհետև ՀՀԿ-ն իր արբանյակներով Հայաստան չէ, դա Հայաստանից կտրված, Հայաստանին պարտադրված մի կազմակերպություն է, որն արդեն համագործակցում է իր գործատուի հետ, իրար հետ որոշումներ են կայացնում, դաշինքներ են կնքում։ Եվ նրանց չի կարելի ասել Հայաստան։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ հայերս, 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո հասկացել ենք, որ Հայաստանն այլևս ցանկություն չի կարող արտահայտել, նա որպես միջազգային իրավունքի կրող՝ հրաժարվել է իր իրավունքներից։

Եվ իհարկե պարտադրված է այս համաձայնագիրը, կամ նույնիսկ պարտադրված էլ չէ, մեզ է թվում, որ ՀՀԿ-ն այլ բան է ուզում, բայց նրան պատադրում են ինչ-որ բան։ Նրանք հենց դա էլ ուզում են, նրանք չեն ձևացնում, թե իբրև հարմարվում են իրավիճակին, չէ, նրանք, դերասանություն չեն անում։ Նրանք հենց այդպես էլ մտածում են, որ որքան շատ լինի հայկական ինքնիշխանության պակասը, այդքան լավ։ Մեզ մոտ տեղի է ունեցել денационализация, ՀՀԿ-ն Հայաստանը  զրկեց ազգային կերպարից, տարիների ընթացքում իջեցրեց լեզվի կարգավիճակը, десуверенизация՝  սեպտեբերի 3-ին զրկեց սուվերենությունից, деиндустриализация՝ ոչնչացրեց արդյունաբերությունը, «գույք պարտքի դիմաց» վաճառվեցին էներգետիկ և արդյունաբերական ձեռնարկությունները, ՀՀԿ-ն կարողացավ Հայաստանը депопуляция անել, հիմա էլ ինտենսիվ ձևով գնում է демилитаризация, այսինքն՝ հայ ժողովրդին զրկում են ինքնապաշտպանության ռեսուրսից։ Տեսեք՝ լեզվից զրկեցին, արդյունաբերությունը փակեցին, հիմա էլ զինված ուժերն են հանձնում։ Սա ՀՀԿ ծրագիրն է, և ես չեմ կարծում, որ պարտադրվել է։ Այո, ինձ պարտադրվել է, հայ ժողովրդին, հայ հասարակությանը պարտադրված է, 95 տոկոս անկախությունն ընտրած ժողովրդին դա պարտադրված է, բայց չորս տոկոսը, որի մեջ մտնում է ՀՀԿ-ն, նրան դա չի պարտադրվել, նրանք այն ժամանակ էլ են դեմ քվեարկել ՀՀ անկախությանը, նրանք 4-5 տոկոսի մեջ են մտնում և նրանք վերադառնում են իրենց սիրած կարգավիճակին։ Ոչ մի պարտադրանք չի եղել, պարտադրանքը եղել է 5 տոկոսի կողմից 95 տոկոսին։ Հայրենիքը և ժողովուրդը մի տեղում են, հինգ տոկոսը, ովքեր դեմ են Հայաստանի անկախությանը, բարգավաճմանը, հիմա իշխանություն են։

Ի վերջո, ինչի՞ կհանգեցնի ստեղծված իրավիճակը, շարունակ այսպիսի պայմանագրերի կյանքի կոչումը։ Հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը ինչի՞ կհանգեցնի։

Այս ամենը խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի հանձնարարությունները Հայաստանին իներցիայով գնում են։ Ռուսական պետությունը հայտարարված է բորոտ, ցուցակը կազմված է՝ Ռուսաստան-Իրան -Հյուսիսային Կորեա, նույն շարքում են դասել, և թե որքան կդիմանա Ռուսաստանը այդ բորոտությանը, այդ պետությունը վաղը թե ուշ, մեր աչքի առաջ կանգ է առնելու։ Ռուսական իմպերիայի վերականգնման գործընթացն արդեն կասեցվել է, նույնիսկ ՌԴ նախագահը չի կողմնորոշվում՝ ինքը շարունակելո՞ւ է նախագահությունը, թե՞ ոչ։ Մենք մեզ մոտ ենք զարմանում, որ վարչապետը չգիտենք ինչ պետք է անի։

Հայաստանի ճորտացման ծրագիրն ակնհայտ հնացած է և արդեն չի գործում։ Հայաստանը չի կարելի նվաճել, Հայաստանն ունի դաշնակիցներ, դաշնակից են այն բոլոր պետությունները, որոնք Ռուսաստանին ասում են ոչ իմպերիալիզմին։ Այդ հինգ տոկոսը չգիտի, որ Ռուսաստանը չի կարող իմպերիա դառնալ, իզուր են հանձնվել, նրանք չգիտեն, որ կարող են չհանձնվել։ Նրանք հենց ուզում էին իմպերիայում լինել, ապազգային լինել։ Նրանք չեն հասկանում, որ ԵՄ-ն, ԱՄՆ, ժողովրդավարական այլ երկրներ՝ Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, նրանք Ռուսաստանի դեմը փակել են, այսինքն՝ Հայաստանի անկախության և ազատության դաշնակիցներն են։ Նրանք անընդհատ ասում են մեզ այս մասին։ Ազատ ժողովրդավարական երկրները մեզ ասում են, որ չհուսահատվեք, մենք թույլ չենք տա, որ Լենին-Աթաթուրք դաշինքը վերակնքվի։ Ռուսաստանը չի կարող մեր երկիրը գրավել, դա մեզ չի սպառնում։ Եթե զենք են բերելու Հայաստան, թող բերեն, եթե ատոմակայան են կառուցելու, թող կառուցեն, միևնույն է, այդ ամենը թողնելու են մեզ ու հեռանան։ Նրանք չեն կարող պատերազմ հայտարարել Հայաստանին, խելքները կարճ են։ Նրանք կուզենային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, չեն կարողանում, նրանք չէին էլ տալիս Ղարաբաղը մեզ, մենք նվաճել ենք։ Ռուսաստանը չի կարող վերցնել Հայաստանը և Ղարաբաղն էլ հանձնել Ադրբեջանին, որովհետև ավելի հզոր ուժերը դա արգելում են։ Միացյալ Նահանգները և Եվրոպան ավելի հզոր են, Ռուսաստանը շուտով կենթարկվի, ծնկի կգա, իմիջիայլոց ոչ էլ բարձրացել են, ծնկի վրա մնացել են։

Կարծում եք՝ ռուսաց լեզվի հայեցակարգն էլ պատահակա՞ն չէր։ Ի վերջո, ինչո՞ւ առաջացավ ռուսաց լեզվի հայեցակարգի խնդիր։

Սրանք գավառական քննարկումներ են, աշխարհից կտրված՝ մենք ենք մեր սարերում քննարկումներ են անում։ Սրանք կյանքից կտրված են, նրանք նույնիսկ չգիտեն, որ իրենց մեկ անգամ ներել են, երկրորդ անգամ կարող է չներեն, նրանք կարող է առաջիկայում դատարանի առաջ կանգնեն իրենց որոշումների համար, ծայրագավառին հատուկ որոշումների համար։ Ռուսաստանն իր գործունեությամբ խանգարում է մեծ մասշտաբի ծրագրերին, ազատականացմանը, Մերձավոր Արևելքին ինքը ներկայացնում է իր ծրագիրը, զինում է Բաշար Ասադին, նրանք հեռացնում են, սա պաշտպանում  է։ Կատալոնիան, Շոտլանդիան անկախության են գնում Եվրոպայում, ինքը ուզում է Ուկրաինան միացնել։ Սա խանգարում է առաջընթացին։ Եվ նրանք պատժվելու են, պատժվելու են նաև Ռուսաստանի այս քաղաքական խուլիգանությանն աջակցողները, այսինքն՝ մեր այսօրվա մեծախոսները։  Ռուսաստանում գիտեն ինչ է կատարվում Հայաստանում, պարզապես ժամանակ չունեն արմյաշկաներին իրենց հրահանգը փոխել, նրանց գլուխն այնքան խառն է, իրենց կարևորագույն խնդիրներ ունեն, պետությունը բանկրոտ է գնում, պետական դոտացիա չեն ստանում, բանկրոտ են։ Պատկերացնո՞ւմ եք՝ նահանգապետի հեռախոսային խոսակցությունների փողը չի մուծվում, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի փողը չի մուծվում, երկիրը բանկրոտ է գնում։ Ռուսաստանի շատ պե՞տք է, թե փոքրիկ Հայաստանում ինչ է կատարվում։

Սա հնացած հանձնարարություն է, որ հիմա կատարվում է։ Երբ Պավել Առաջինը հռչակվեց կայսր, կառքով հրահանգը պետք է գնար Հեռավոր Արևելք, Պավել Առաջինը արդեն թագավոր չէր, զոհվել էր, բայց Հեռավոր Արևելքում հավատարմության երդում էին տալիս Պավել թագավորին, մինչդեռ թագավորն արդեն Ալեքսանդր Առաջինն էր։ Հիմա այդպես է, նրանք Ռուսաստանում արդեն մտածում են, թե ինչպես փրկել Ռուսաստանը աղետից, այստեղ՝ Հայաստանում, Սովետական Միություն են կառուցում։ Եվ մի բան էլ, Ռուսաստանն այլևս ծախս չի անում Հայաստանում, քանի որ համարում է, որ իրենը չէ, վաղ թե ուշ կորցնելու են, իրենց ծրագրերում Հայաստան պետությունը որպես ազատության գոտի ապագայի համար չկա, դրա համար էլ ոչինչ չեն անում։

Ամենաընթերցվածը