Գումբուրդո գյուղում նորից միջադեպ տեղի ունեցավ, միջադեպերի շարանը չի կարող պատահական լինել

  • Հարցազրույց - 06 Հոկտեմբերի 2017, 22:23
Lragir.am-ի զրուցակիցն է ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը

Պարոն Չախալյան, Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումներից հետո տեղեկություններ կան, որ որոշ ուժեր են կանգնած այդ միջադեպի թիկունքում: Դուք ևս նման ենթատեքստով գրառում եք կատարել սոցիալական ցանցում: Ի՞նչ վարկածներ ունեք:

Տարբերակները մի քանիսն են, միանշանակ չենք կարող ասել: Դրա համար կան պատկան մարմիններ, որոնք պետք դրանով զբաղվեն: Տարբերակներից մեկն այն է, որ նախընտրական շրջան է Վրաստանում, ՏԻՄ ընտրություններ են: Շատ հնարավոր է, որ հենց նախընտրական շրջանի հետ կապված որոշ ուժեր փորձում են դիվիդենտներ շահել: Կա նաև տարբերակ, որ թուրք-ադրբեջանական կողմն է փորձում հրահրել այս լարումը: Այս փուլում նորից տեղեկություններ կան, որ հնարավոր է նոր լարում լինի Արցախյան ճակատում: Փորձը ցույց է տալիս, որ որքան Արցախում լարման հավանականությունը մեծանում է, Ջավախքում էլ է իրավիճակը լարվում՝ կապված հայ-վրացական հարաբերություների հետ: Այս պահին էլ գիտենք, որ հանգիստ չէ Արցախում, Ադրբեջանը զորավարժություններ է անում, իսկ փորձագետներն արդեն ասում են, որ ցանկացած պահի կարող ենք սպասել իրավիճակի սրացման:

Իսկ ռուսական գործոնը տեսնո՞ւմ եք այս հարցում:

Տարիներ շարունակ, իսկ դա Սաակաշվիլիից մնաց, ամեն ինչը ռուսների վրա են բարդում: Տաք ջուրը չէր բացվում, ասում էին՝ Ռուսաստանն է մեղավոր, տան լույսը չէր վառվում, Ռուսաստանն էր մեղավոր: Պարզ է, բացառել չենք կարող, բայց այս պահին Ռուսաստանի ինչի՞ն է պետք լարվածությունը: Իմ կարծիքով՝ եթե Ռուսաստանն ուզեր ինչ-որ բան անել, արդեն վաղուց արած կլիներ, այդ ռեսուրսներն ուներ: Դեռ այն ժամանակ կաներ, երբ ռուսական ռազմաբազան այնտեղ կանգնած էր: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այս պահին կուզենար իր դաշնակից Հայաստանին ներքաշել խնդիրների մեջ:

Իսկ դուք ո՞ր տարբերակն եք ավելի հավանական համարում:

Նախընտրական շրջանի հետ կապված միանշանակ կան բաղադրիչնեը: Այնտեղ խաղացողներ կան, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ուժերից կան մարդիկ, շատ մարդիկ կան, որոնց վրա Մերաբիշվիլին մինչ օրս կոմպրոմատներ ունի, մարդիկ կան, որ վախենում են այդ կոմպրոմատների հրապարակումից և պատրաստ են կատարել Մերաբիշվիլիի և Սաակաշվիլիի ցանկացած հանձնարարություն: Դրանց մեջ գուցե լինեն հոգևորականներ, նաև քաղաքական ու մշակութային գործիչներ: Եվ այն էլ նշեմ, որ ազգությունն այստեղ կարևոր չէ: Բայց ամենամեծ շահագրգռվածություն ես տեսնում եմ թուրք-ադրբեջանական կողմից:

Տեղեկություն եղավ, որ այնտեղ հայ ոստիկաններին են հարվածել գյուղացիներին, այսինքն՝ հայ-վրացական բախում չենք կարող սա դիտարկել:

Այո, այստեղ ազգության հարց չկա: Ճիշտ չէր մեկնաբանությունը, երբ ասում էին՝ վրացի ոստիկանները ծեծեցին հայերին: Ուժ է կիրառվել բնակիչների նկատմամբ, այդքանը:

ՏԻՄ ընտրություններում ի՞նչ պայքար է սպասվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տարիներին Ջավախքում մեծամասամբ կարծես ազգությամբ վրացի գործիչներն են ձգտել լինել ՏԻՄ ղեկավարներ:

Վրացական, թե հայկական, դրանք պետք չէ տարանջատել, ավելի շատ դրսից ներդրվածի մասին պետք է խոսել: Եթե մենք սկսենք տարբերակել վրացական ու հայկական կոնֆլիկտային դաշտը, դրանից ոչ մենք ենք շահելու, ոչ էլ իրենք: Օրինակ՝ հիմա եկեղեցու հարցը բարձրացվեց, երեկ հայտարարեցին, որ եկեղեցին վրացական է, այդ թվում՝ մեր հոգևորականները դա հայտարարեցին: Մամուլում տեղեկություն կա, որ նրանց վրա ճնշում է եղել, չեմ կարող ասել՝ այդ ճնշումը եղել է, թե ոչ, բայց միանշանակ ոչ ոք չշահեց դրանից: Այսօր մեզ պետք է տարածաշրջանում կայունություն, խաղաղություն: Առաջին հերթին ոչ թե պետք է մտածենք, թե, հազար ներողություն, քարե շինությունը որ եկեղեցուն է պատկանում, այլ մտածենք, որ բնակիչները մնան այդ տարածքում, կարողանան այդ տարածքում ապրել, այդ եկեղեցում աղոթել: Հարցն ավելի խորքային է, իսկ այսօր մենք կարճաժամկետ մանր-մունր կռիվների հետևից ենք ընկել, բայց երկարաժամկետ կռիվ ասելով՝ մենք չենք պատկերացնում, թե ինչ կարող է լինել:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ցավոք, մեզ մոտ միշտ լարված են անցնում ընտրությունները: Եվ դա նրանից չէ, որ ջավախահայությունն ընտրություն անել չգիտի, քաղաքակիրթ ձևով ընտրությանը մասնակցել չգիտի: Ուղղակի տարիներ շարունակ գործել են ուժեր, որոնք պղտոր ջրում ձուկ են բռնել: Երբ որ ջուրը պղտորված է եղել, իրենք ավելի լավ են կարողացել ձուկ բռնել: Երեկ Խուլգումո գյուղում նորից միջադեպ տեղի ունեցավ, և այս միջադեպերի շարանը բնավ չի կարող պատահական լինել: Վրաստանի ամբողջ տարածքում նորմալ ու խաղաղ ընտրություններ են տեղի ունենում, բայց, չգիտես ինչու, Ջավախքում մի գյուղում օրը մի միջադեպ լինում է: Հետևաբար, ես համոզված եմ, որ սրանք պատահականություն չեն, ուղղակի կան պատկան մարմիններ, որոնք պետք է ճշտեն ու ապացուցեն դա:

Ամենաընթերցվածը