Մենք բազմաքայլ պրոցես ենք տանում. ԵՏՄ հարցը չի հաջողվի հանել օրակարգից

    • Հարցազրույց - 30 Սեպտեմբերի 2017, 10:49
Մեր զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյան, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնությունը և փաստորեն միայն «Ելք»-ի ներկայացուցիչը կողմ քվեարկեց դրան։ Սպասո՞ւմ էիք նման արդյունք և ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես քննարկումը, արդյոք իշխանության ներկայացուցիչները կարողացան հիմնավորել ԵՏՄ-ում մնալու հանգամանքը։

Բնականաբար, մենք արդեն ասել ենք, որ որևէ փաստարկ չբերվեց։ Քննարկումը շատ լավ էր, որովհետև դրանով ևս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ իշխանության փաստարկները սին են, և իրենք էլ, չնայած ունեն համապատասխան ջանասիրություն՝ փորձելու պաշտպանել իրենց գիծը, բայց այդ ջանասիրությամբ հանդերձ չեն կարողանում հիմնավորել, թե ինչու ենք մենք ԵՏՄ-ի անդամ և ինչու չպետք է դուրս գանք այնտեղից։ Տվյալ պարագայում նրանք չէին կարողանում հիմնավորել, թե ինչու չպետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ Ըստ էության՝ դա իրենց հնարավորություն կտար ապացուցելու, որ ԵՏՄ-ն շատ լավ բան է, մի բացառիկ կառույց է, որին Հայաստանը վերջիվերջո անդամակցել է։ Այսինքն՝ մենք այդ հանձնաժողովը ստեղծելով՝ նրանց հնարավորություն ենք տալիս մեզ և ՀՀ քաղաքացիներին ապացուցելու, որ իրենք ճիշտ քայլ են արել ԵՏՄ-ին անդամակցելով, բայց ինչպես դուք տեսաք, իրենք դեմ են։ Նաև շատ կարևոր հանգամանք է, որ հանձնաժողովում լինելու է 9 պրոԵՏՄ-ական անդամ և մեկ հակառակ տեսակետն ունեցող, այսինքն՝ 5 ՀՀԿ-ից, 3 «Ծառուկյան» դաշինք-ից, 1 ՀՅԴ-ից և 1 «Ելք» դաշինքից։ Ամեն կերպ իրենք խուսափում են որևէ եզրակացության հանգելուց, որ թեման փակեն։ Հիմնական քննարկումը շատ լավ անցավ, բայց իրենց փաստարկները շատ ճղճիմ, անհիմն էին, շանտաժի ոլորտից։

Այդ քննարկմանը տեսակետ հնչեց, որ նոյեմբերի վերջին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն է ստորագրվելու, և դրանից առաջ ԵՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկումը կարող է խոչընդոտել այդ համաձայնագրի ստորագրմանը, որովհետև Ռուսաստանը կարող է դա ընկալել որպես Հայաստանի քաղաքական կողմնորոշման փոփոխություն և ճնշումներ գործադրել ու թույլ չտալ, որ այդ համաձայնագիրը ստորագրվի։

Եթե պատրվակ են բերում և ներկայացնում, թե մեր նախաձեռնությունը կխանգարի ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքմանը, կարող են հայտարարել՝ մենք պատրաստ ենք կողմ լինել ԵՏՄ-ից դուրս գալուն, եթե դուք հետաձգեք ձեր նախագիծը։ Բայց չկա նման բան, որովհետև իրենք դրան կողմ չեն լինի որևէ պարագայում։ Հետևաբար, այդ փաստարկը, ըստ էության, ֆանտազիայի ոլորտից է։ Ամեն օրինակ բերվում է ցույց տալու համար, թե հիմա պետք չի, կամ ընդհանրապես պետք չի նման հարց քննարկել, նման հանձնաժողով ստեղծել։

Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ հիմա պետք չի նման հարց քննարկել, կարելի էր այն քննարկել նոյեմբերից հետո, նաև Արմեն Ռուստամյանն էր ասում, որ վաղ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքման նախաշեմին այդ հարցի քննարկումը։

Նրանք հայտարարում էին, որ դա կխանգարի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, բայց չէին ասում, որ եթե դա տեղի ունենար այդ համաձայնագրի ստորագրումից հետո, կամ եթե ապագայում մենք նման բան նախաձեռնենք, իրենք կողմ կլինեն։ Նման բան որևէ մեկը չի ասել, և բնականաբար կողմ չեն լինի։ Դա իրենց հիմնական դիրքորոշումն է, որ իրենք ընդհանրապես դեմ են ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը։

Հաջորդ անգամ հարցը կարող է քննարկվել 2 ամիս ա՞նց։

Ոչ, երկու ամիս հետո չի քննարկվի։ Դա իրենց ռազմավարությունն էր, որ երկու նախագծերը նույն օրն էին դրել, որ արագ մերժեն և ավարտեն քննարկումը, բայց մենք մայր նախագիծը պահեցինք, քանի որ մայր նախագծի հիման վրա էինք բերել նաև հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Հանձնաժողով ստեղծելու նախագիծը ճանաչեցինք արտահերթ, որ շուտ քննարկվի։ Այսինքն մենք հստակ, բազմաքայլ ու մտածված պրոցես ենք տանում։ Իրենք փորձում են արագ դուրս մղել պրոցեսից, մենք էլ թույլ չենք տալիս, պրոցեսն ընթացքի մեջ է։

Այսինքն Ձեր՝ որպես երկրորդ հարցի հիմնական զեկուցողի բացակայությունը այդ ռազմավարությա՞մբ էր պայմանավորված։

Այո, համաձայն օրենքի, եթե հիմնական զեկուցողը չի ներկայանում, նախագիծն ավտոմատ կերպով երկու ամսով հետաձգվում է։

Կարո՞ղ ենք ասել, որ այդ հարցի առումով հիմա ավելի վատ վիճակ ունենք, քան 2014 թվականին, երբ ԵՏՄ անդամակցությանը դեմ եղավ 10-11 հոգի։

Ես այդպես չէի ասի, որովհետև այդ 11 հոգին 130 հոգանոց խորհրդարանում էին, իսկ մենք 105 հոգանոց խորհրդարանում ունենք խմբակցություն, որն ամբողջական հանդես է գալիս ԵՏՄ անդամակցության դեմ, և այդ խմբակցությունն օգտագործում է իրեն տրված բոլոր լիազորությունները նախագծերը ներկայացնելու, քննարկումներ կազմակերպելու, փոխզսպելու և հակակշռելու համար։ Ժամանակին մենք ունեցել ենք, այո, իրավիճակ, երբ «Ժառանգության» անդամները դեմ էին ԵՏՄ անդամակցությանը, բայց այդ խմբակցությունն արդեն քանդված էր։ Իսկ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ունենք կոնկրետ գործող ամբողջական խմբակցություն, որն այլընտրանքային դիսկուրս, քննարկում է բացել և ցույց է տալիս այլընտրանքային տեսլական Հայաստանի զարգացման վերաբերյալ։

Ապագաղութացման ծրագրեր են առաջ քաշում Զարուհի Փոստանջյանը, Ժիրայր Սեֆիլյանը։ Այդ ծրագրերն ավելի խանգարո՞ւմ են, թե՞ օգնում ձեր սկսած գործընթացին։

Ես կասեի, որ մեր նախաձեռնությունից հետո տարբեր հայտարարություններ ու նախաձեռնություններ են եղել։ Հիմնականում բոլորն ամեն ինչ անում են, որ փնովեն, վարկաբեկեն, կապեն իշխանությունների հետ, ամեն ինչ անում են, որ «Ելք» դաշինքի այս նախաձեռնությանը խանգարեն, միաժամանակ հայտարարում են, որ իրենք ևս ապագաղութացման, ընդդեմ ԵՏՄ-ի ջատագովներ են։ Բայց մենք հստակ օրինակ ենք բերում, որ կոնկրետ հիմա կա գործընթաց, քաղաքական օրակարգը «Ելք» դաշինքն է բացել և գործընթացն ընթացքի մեջ է և մնացած կողքից եղած բոլոր միջամտություններն ու հայտարարությունները գործընթացը շեղելու են միտված։ Մենք հանգիստ մեր գործով ենք զբաղվում և բնականաբար այն օրակարգը, որ ֆիքսել ենք, դրանից չենք շեղվելու, գործն առաջ ենք տանելու։

Իսկ եթե ԱԺ-ում անընդհատ մերժվեն ձեր նախաձեռնությունները, այս թեման շարունակելո՞ւ է մնալ ձեր օրակարգում։

Իհարկե, սա բազմաքայլ գործընթաց է, և դեռ երկար ժամանակ իրենք չեն կարող այդ քննարկումը հանել խորհրդարանի պատերից դուրս, որովհետև կա Ելք դաշինք։

Ամենաընթերցվածը