Մոսկվայից 5-րդ շարասյունին գործելու հրաման են տվել

    • Հարցազրույց - 18 Սեպտեմբերի 2017, 22:10
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Զյուգանովը, անդրադառնալով Հայաստանում հակառուսական տրամադրություններին, նշել է, որ Ռուսաստանից հեռացողների համար վատ վիճակ է ստեղծվում, և հայ ժողովուրդը դա շատ լավ գիտի։ Նրա խոսքով, չպետք է թույլ տալ, որ այդ ուժերը Հայաստանում ազատություն ստանան. «Թույլ չենք տա նրանց ազատություն» ստանալ, կատեգորիկ ասել է նա։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և որը պետք է լինի մեր պատասխանը։

Հայաստանում հակառուսական տրամադրություն ասածը ես չեմ հասկանում, բայց պրոհայաստանյան տրամադրություններն են ուժեղանում։ Սա պատմության մեջ եզակի դեպք է, ու ես դա չէի անվանի հակառուսական տրամադրություն։ Բայց քանի որ իրենք են ուզում այդ արտահայտությունն օգտագործել, թող օգտագործեն։ Բայց սա մեր ժողովրդի համար է շատ կարևոր, որ պրոհայաստանյան (ոչ պրոհայկական, որովհետև Վլադիվոստոկում ապրող հայն էլ է հայ) տրամադրություններն ուժեղանում են, և դա շատ նկատելի էր հատկապես ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո։ Այսինքն՝ հայ ժողովուրդն իր պատմական արմատներին է վերադառնում, հատկապես միջին և ավելի բարձր տարիքի մարդիկ։ Հայաստանում չկա հակառուսական տրամադրություն, իսկ պրոհայաստանյան տրամադրությունները արձագանք են ռուսների ճնշմանը։

Մյուս կողմից, Զյուգանովը բոլշևիկյան ավանդույթով խարդավանք է կիրառում. նա, փաստորեն, 5-րդ շարասյանը գործելու հրաման է տալիս։ Վերջին շրջանում ինչքան կիսամեռել բոլշևիկ կա, ակտիվացել են, խոսում են իրենց դրած ավանդույթներից։ Իսկ իրենց դրած ավանդույթը 1920 թվականին Հայաստանի պետությունը ռուս-թուրքական դաշինքին հանձնելն էր, որն իրականացրել են։ Իսկ շինարարությունը, որ տեղի է ունեցել ԽՍՀՄ տարիներին, Թուրքիայում էլ է եղել, մանավանդ որ իրենց շինածը քանդվում է։ Փաստն այն է, որ իր հայտարարությամբ Ռուսաստանի կոմկուսի առաջնորդը ակտիվացնում է Հայաստանում 5-րդ շարասյունը, որի մասին ինքը ավելի շատ պատկերացում ունի, քան ես։ Սա շատ վտանգավոր է, հատկապես երբ ներկայացվում է հակառուսական կլիշեի տակ։ Դրա համար Հայաստանի ԱԳՆ-ն՝ նկատի ունենալով անցյալ դարից մնացած այդ կերպարը, որը մեռած կոմունիզմն է ներկայացնում, անցանկալի անձ հայտարարի կոնկրետ Զյուգանովին։ Ոչ մեկը, Աստված էլ լինի, Հայաստանի ինքնիշխանության դեմ կոչեր անելու իրավունքը չունի։ Ո՞վ է Զյուգանովն ընդհանրապես։ Բայց նա դրանով մի բան ապացուցում է, որն ուղղված է հայ ռուսուլմաններին։

Զյուգանովի կոչը Բաքվից է հնչել, և իրականության մեջ Ռուսաստանն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Հայաստանի հետ դաշնակից է տակտիկական նկատառումներով։ Իհարկե, սա ռուսուլմանի համար սարսափելի է, իսկ մեզ համար էլ դառն է։ Բայց ավելի լավ է դառը իրականությունը, քան պատրանքը։ Տեսեք ինչու է Զյուգանովն իրեն մեջտեղ գցել. դե Պուտինը չի կարող դա ասել՝ եկեք վերականգնենք 1921 թվականի մարտի 16-ի Աթաթուրքի հետ Մոսկվայի պայմանագրի ստատուս քվոն։ Բայց իրենք այդ ստատուս քվոն են վերականգնում։ Դուգին կոչվածը, Զյուգանով կոչվածը... ընդ որում երկրորդն ավելի է առաջ գնում՝ ասելով՝եկեք շարժվենք սովետական ավանդույթով։ Հայաստանի ԱԳՆ-ն պարտավոր է սրան անպայման արձագանքել, որովհետև Հայաստանում հետնախորշերում բոլշևիկներից մնացած լեշեր շատ կան։ Ու հատկանշական է, որ այդ հայտարարությունը Բաքվից է հնչում, իրենք մնում են Ադրբեջան պետությունը ստեղծող հիմնական ուժ, որը ժամանակին ստեղծվել է Հայաստանի, Իրանի և տեղի բնիկ ժողովուրդների դեմ։ Միաժամանակ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն համագործակցել թուրքերի հետ։

Այստեղ ուրիշ կարևոր բան կա. հայ ժողովրդին արհեստականորեն կպցված է ռուսամոլությունը։ Հո մենք բոլորս դա չե՞նք ուզում, մենք մեր անկախ պետականությունն ենք ուզում։ Իսկ հիմա ամբողջ աշխարհում մեր նկատմամբ ստեղծվում է չափազանց վատ վերաբերմունք այն ուժերի շրջանում, որոնք կարող էին Հայաստանին օգնել ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Այսինքն ռուսները մեզ կրկնակի վնաս են տալիս։ Հատկապես ուզում եմ հիշատակել Մոսկվայում ապրող Պուտինի կողմնակից հայ գործիչներին։ Նրանց արածը խայտառակություն է, ստացվում է, որ աշխարհով մեկ ամենաակտիվ ռուսական կայսրությունը վերականգնողները հայերն են։ Նայեք այդ շարքը՝ Կուրղինյան, Միհրանյան, Շահնազարով և այլն։ Իրենք պետք է չափավորեն իրենց, որովհետև իրենք հայ ժողովրդին և Հայաստանին վնաս են տալիս։

Կարո՞ղ ենք ասել, որ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, նաև ռուսաց լեզվի վերաբերյալ հատուկ հայեցակարգի ընդունման դեմ արձագանքները Մոսկվայի խանդն են շարժել, և հիմա այսպիսի հայտարարությունները այդ խանդի վկայությունն են։

Սա խանդի հարց չէ, նրանք սարսափի մեջ են։ Իհարկե, Հայաստանի տարածքն, իրենց պատկերացմամբ, իրենցն է, հայ-ռուսական չեղած բարեկամությունն իրենց հասկացողությամբ իրենց շահերի համար հայերին շահագործելն է։ Հետևաբար, սա իրենց համար կարող է վատ նախադեպ լինել բելառուսների պարագայում։ Բելառուսները Եվրոպայի կողքին են ապրում, և նրանք կարող են ԵՏՄ կոչված բլեֆը քանդելու շարժումն սկսել։ Տեսեք, ղազախներն ուր են գնում, արդեն կիրիլիցայի վրա են թքում։ Այսինքն՝ այն քաղաքականությունը, որով Ռուսաստանը հանդես եկավ Պուտինի նախագահության երկրորդ շրջանում, ագրեսիվ արտաքին քաղաքականություն, այսօր դա տապալվում է։ Նախ տապալվեց Ռուսաստանում առաջ քաշված «ռուսական աշխարհի» գաղափարը, հիմա էլ ոչ ոք չի խոսում այդ մասին։ Հետո շրջանառեցին «հայրենակիցներ» շարժումը, պարզվեց, որ հայերը, որոնք ոչ մշակույթով, ոչ դավանանքով ոչ մի առնչություն չունեն ռուսական պետականության հետ, հռչակվեցին հայրենակիցներ։ Դա էլ տապալվեց, հիմա այդ մասին էլ չեն խոսում։ Հետո շրջանառության մեջ դրեցին եվրասիականության դուգինյան ֆոկուսը։ Դա գիտական հիմնավորում չունի, դա դոկտրինա է, որը ևս տապալվում է։

Հայաստանում գիտաքաղաքական շրջանակներում շատ լավ հասկանում են, որ հայ ժողովրդի մոտ հակառուսականություն չկա, այլ կա պետական անկախության, իր մշակույթով ու քաղաքակրթությամբ Եվրոպայի հետ ապրելու ձգտում, որը հազարավոր տարիների պատմություն ունի։ Մենք եվրոպական ժողովուրդ ենք մեր մշակույթով։ Ու դա նրանց սարսափեցնում է։ Ամենասարսափելին Բելառուսի հարցն է, հենց Լուկաշենկոն ընկավ, Բելառուսը թքելու է Ռուսաստանի վրա ու գնա Արևմուտք։ Մի ուրիշ բան էլ կա. եթե Բելառուսը և Հայաստանը դուրս են գալիս ԵՏՄ-ից, Ռուսաստանը, որ ներքին իմաստով մահմեդականանում է, մնում է ղազախների ու ղրղզների հետ։ Այստեղ հիշեք, ռուսական կայսրությունն ուր, Խորրհրդային Միությունն ուր և հետելցինյան Ռուսաստանը որտեղ, որը գնում է դեպի Արևելք ու խավար։ Հայաստանն այս պայմաններում, արժանապատիվ կերպով, ըստ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ պայմանագրի, գոնե ձևի համար մենք դաշնակիցներ ենք, նրանք անընդհատ պետք է մեզ պատասխան տան մեզ հետ կապված քայլերի համար։

Կարծում եք՝ նույնիսկ ԱԳՆ մակարդակո՞վ պետք է պատասխան պահանջել։

Եվ ԱԳՆ-ն՝ որպես գործադիր մարմին, և Ազգային ժողովը որպես օրենսդիր և երկրի գլխավոր պետական մարմին, քանի որ Հայաստանը շուտով խորհրդարանական պետություն է դառնում։ Ռուսներին պետք է հիշեցնել հայ ժողովրդի՝ իրենց պետության մեջ ունեցած դերակատարումը։ Ռուսաստանի սահմանադրական շարժումը նախաձեռնել է իշխան Լոռիս Մելիքովը, ռուսական մշակույթը փառաբանել է Հովհաննես Այվազովսկին։ Քաղաքական իմաստով Լոռիս Մելիքովը շատ ավելի բարձր է, քան անգամ ռուսական ամենամեծ ռեֆորմատոր Ստոլիպինը։ Լոռիս Մելիքովից սահմանադրություն և պետական կառավարման արվեստ էին սովորում, հետո այդ նույն նախարարները շուռ էին գալիս, հետևից ասում էին «արմյաշկա»։ Դիմացից քծնում էին, հետևից ասում՝ «արմյաշկա»։

Սա անընդհատ պետք է ասվի, էլ չեմ ասում հայրենական պատերազմի մասին։ Անընդհատ պետք է ասվի՝ մեր տարածքում պատերազմ չի եղել, հետևաբար դա Հայաստանի հայրենական պատերազմը չէ, բայց հայ ժողովուրդը Ռուսաստանի տափաստանների, Ուկրաինայի, Բելառուսի, Արևելյան Եվրոպայի համար 300 հազար զոհ է տվել։ 1941-ին Բրեստի ամրոցը վերջինը Սամվել Մարտիրոսյանն է թողել։ Իսկ ռուսների արշավանքները Անդրկովկաս ավարտվել են հերթական թուրքական ջարդերով և մեր երկրի փոքրացումով։ Չպետք է թողնել, որ սուտ սովետական պատմաբանների ասածն անցնի։

Մենք բոլորս էլ շահագրգիռ ենք, որ Ռուսաստանի հետ ունենանք նորմալ, դաշնակցային հարաբերություններ։ Դուք Հայաստանի հետ կամ կարող եք լինել դաշնակիցներ և դարավոր պետականության ավանդույթներ ունեցող ժողովրդի հետ հարաբերվել հավասարը հավասարի պես, կամ էլ Հայաստանը գնում է իր պատմական ճանապարհով։ Հայաստանը եղել է, երբ Ռուսաստան չի եղել, Հայաստանը եղել է, երբ Ռուսաստանը եղել է, և եթե վաղը Ռուսաստան չլինի, Հայաստանը մնալու է։ 

Ամենաընթերցվածը