Այն կետերը, որ նշում է «Ելքը», մենք դրանց պատասխանները կտանք

    • Հարցազրույց - 12 Սեպտեմբերի 2017, 18:33
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

Պարոն Բաղդասարյան, «Ելքը» ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել, որ պետք է որդեգրել ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հայտարարության վերաբերյալ։ Ժամանակը չէ՞ սկսել այդպիսի գործընթաց։

Մենք մեր արտաքին քաղաքականության մեջ որևէ կուրսի փոփոխության կարիք չունենք։ Մեր ընտրությունը ճիշտ է կատարված։ Բնականաբար այն, ինչ առաջարկում են մեր գործընկերները, դա իրենց իրավունքն է որպես քաղաքական ուժ կամ անհատներ։ Եվ երբ նրանք արդեն կառաջարկեն, և դա շրջանառության մեջ կմտնի, դրա պատասխանները կտրվեն։ Մենք որևէ անգամ չենք ժխտում մեր համագործակցության զարգացումը եվրոպական ընտանիքի հետ, Արևմուտքի հետ, մենք դա պետք է զարգացնենք։ Ժամանակին, երբ մենք այդ ընտրությունը կատարել ենք, եվրոպական և Արևմուտքի մեր գործընկերները բավական ողջամիտ են ընդունել։ Եվ մենք այն միակ երկիրն ենք, որի հետ քննարկվում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը։ ԵՏՄ անդամ երկրներից միակ երկիրն ենք, որի հետ նման համաձայնագիր է քննարկվում։ Մեր ուղղությունը ճիշտ է, և պարզապես կխնդրեմ մեր գործընկերներին ուշադիր հետևել ԵԱՏՄ մտնելուց հետո մեր տնտեսության վիճակին։ 6,2 տոկոս տնտեսական աճը, որը որևէ ԵԱՏՄ անդամ երկրի մոտ չի հաջողվել, արտահանման հետ կապված մեր ցուցանիշները։ Իսկ այն կետերը, որ նշում է «Ելքը», մենք դրանց պատասխանները կտանք։

Կետերից մեկն էլ վերաբերում է ԼՂ խնդրին, որ ԵԱՏՄ մտնելուց հետո մենք առաջին անգամ տարածքների կորուստ ունեցանք։ Արձանագրո՞ւմ եք, որ անվտանգության երաշխիքն էլ, որով ԵԱՏՄ մտնելը արդարացնում էիք, չարդարացրեց իրեն։

Այն իրավիճակը, որ կա այս մթնոլորտում, համարում եմ լավագույններից մեկը։ 10-15 տարի առաջ, եթե հիշում եք, բոլորովին այլ բաների մասին էր խոսք գնում, որ մեկ-երկու օրվա հարց է մնացել այդ խնդրի՝ ոչ հօգուտ մեզ լուծմանը, բայց այսօր մենք ունենք մի իրավիճակ, որն անկանխատեսելի թշնամու պարագայում, որ որևէ անգամ չի պահում իր պայմանավորվածությունները, կարողանում ենք իրավիճակը պահպանել, և անվտանգության խնդիրները՝ իհարկե դողացող, շատ նուրբ, բայց համենայնդեպս կարողանում ենք պահպանել։ Իսկ ԵՄ մեր գործընկերները պետք է կարողանան հասցեական հայտարարություններով ուղղորդեն ԼՂ հարցում։ Սա ոչ միայն ԵՄ-ին, այլ Մինսկի խմբին է վերաբերում, որի հայտարարություններից մենք շատ ոգևորված չենք։ Իհարկե վերջին երկու հայտարարություններում կարծես թե կային հասցեական գնահատականներ։ Իսկ առանձնազրույցների ժամանակ նրանք նշում են, որ գիտեն ովքեր են անկարգություններ հրահրում, ովքեր են ագրեսիա անում, բայց դա իմանալը բավարար չէ, հարկավոր է այն հանրայնացնել, աշխարհի հանրությանը տեղյակ պահել։

Դուք ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը նշեցիք որպես ձեռքբերում։ Հնարավո՞ր է վերջին պահին, մեկ գիշերվա մեջ դարձյալ որոշում փոխեք, եթե լինի ճնշում։

Դա դուք եք տեսել մեկ գիշերվա մեջ, մեզ մոտ այն եղել է շատ երկար քննարկումների արդյունքում։

Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ իշխանությունն այդպես էլ չարձագանքեց ԱՄՆ դեսպանի՝ 8 մլրդ էներգետիկ ոլորտում ներդրումների առաջարկին։

Ո՞ւր են փաստաթղթերը։ Նախընտրական շրջանում էլ օդում միլիարդների ներդրումներից են խոսում տարբեր ուժեր։ Թող որպես ծրագիր ներկայացնեն, մենք քննարկենք: Ով է խուսափում, որ մեր երկրում ներդրում կատարի, այն էլ ԱՄՆ-ի նման երկիրը։ Առաջարկը բանավոր չի լինում, առաջարկն անում են գրավոր, հետո դա քննարկում ենք։

6,2 տոկոս տնտեսական աճի մասին խոսեցիք։ Կառավարության այս տեմպերը բավարարո՞ւմ են ձեզ։

Մեկ տարվա համար այս տեմպերը բավարար են, բայց եթե մնա այս տեմպերով և ընդհանուր աճ չունենանք, մենք դրա մասին կմտածենք, որովհետև դրված են հիմքերը: Թիմը ձևավորվում է, նպատակները դրված են, և այդ պայմանների դեպքում տեմպերը բավարար են, բայց այս տեմպերը թափ տալ է պետք, ավելի արագացնել։

Հովիկ Աբրահամյանի կառավարությունից թեև ասում էիք, որ դժգոհ չեք, բայց տեմպերը չէին բավարարում։ Հնարավո՞ր է այս դեպքում էլ 2018-ին դնեք վարչապետի փոփոխության հարց։

Հնարավոր բաների մասին մենք կխոսենք ապագայում, իսկ առայժմ գնահատականներ չենք տալիս, և եթե կարդարացնի այս կառավարության գործունեությունը հաջորդ մեկ տարվա համար, մենք յուրաքանչյուր տարվա համար տալիս ենք գնահատական, այս մեկ տարվա կտրվածքով համարում եմ բավարար։

Ծառուկյան դաշինքի հետ կոալիցիա այս փուլում հնարավոր համարո՞ւմ եք։

Նման քննարկում չկա, դրանք լրատվական հետաքրքրություններ են։ Մենք ունենք կոալիցիոն գործընկեր, որի հետ շարունակում ենք մեր գործընթացը։

Ամենաընթերցվածը