«Հուսով ենք, որ սա կլինի խուժան ու փողոցային խոչընդոտի առաջին ու վերջին փորձը». Գործարարն այսօրվա միջադեպի մասին

    • Հարցազրույց - 10 Օգոստոսի 2017, 19:00
«Չոր մարքեթինգ»-ի հիմնադիր, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերից զբաղվում է նաև բանանի ներկրմամբ, այսօր ահազանգել էր, որ անհայտ անձինք վնասել են իրենց բանանի սառնարանների կոմպրեսորները: Գործարարն այստեղ դիտարվորություն է նկատում՝ կարծելով, որ այդպիսով որոշ անձինք փորձում են խոչընդոտել իրենց կողմից բանանի ներկրումը: Lragir.am-ը խնդրի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց Վահրամ Միրաքյանին:

Պարոն Միրաքյան, ի՞նչ պարզեցին իրավապահ մարմինները:

Փորձագետը եկավ, նմուշառումը վերցրեց, մեր նախնական ենթադրությունը ճիշտ էր, ծծմբաթթու էին լցրել, տարան փորձաքննության: Վնասը դեռ չենք կարող ճշտել, ռադիատորների մեջ են լցրել, մինչև հիմա քայքայում էր: Չեմ կարծում, որ վնասը այդքան մեծ լինի: Բայց ոստիկանությանը դիմելու մեր քայլը ոչ թե վնասի հարցով էր պայմանավորված, այլ զուտ մթնոլորտի հարցն է: Եթե հիմա սա են անում, վաղը կարող է ուրիշ ձև խոչընդոտեն:

Ինչ-որ մարդկանց վրա կասկածներ ունե՞ք, ձեր գործունեության ընթացքում խոչընդոտի հանդիպե՞լ եք:

Խոչընդոտի չենք հանդիպել, դեկտեմբերից ներկրում ենք, բայց տրամաբանությունը ենթադրում է, որ ուզում են մեր գործունեությանը խանգարել, այսինքն՝ բանան ներկրելուն:

Տարեկան որքա՞ն ներկրում եք անում, ոլորտում հայտնի խոշոր ներկրողին մրցակի՞ց եք:

Չէ, պարզ է, որ շատ հեռու ենք այդ մասշտաբներից: Ամսական մոտավորապես 40-50 տոննա բանան ենք ներկրում:

Իրացումը նորմալ ընթանո՞ւմ է:

Այո, ինչքան բերում, այնքան իրացնում ենք: Դե բիզնես է՝ իր խնդիրներով:

Բանան ներկրող շա՞տ ըներություններ կան, որովհետև ՊԵԿ պաշտոնյաներն ասում են՝ դաշտը մրցակցային է, շատ ընկերություններ կան:

Այո, այլ ընկերություններ էլ կան, նախորդ տարվա վերջից սկսած ոնց որ բացվել է շուկան, շատերն են բերում, մարդ կա, ով փոքր ֆորդով Վրաստանից է բերում:

Իսկ մրցակցային վիճակն ի՞նչ ազդեցություն է ունեցել գների վրա, որքանով են նվազել դրանք:

Պաշտոնական վիճակագրության  կողմից վերլուծություն էր արվել, մոտավորապես 30 տոկոսով նախորդ տարվա համեմատ ներքին շուկայում վաճառվող բանանի գները նվազել են: Օրինակ՝ մեր ամենաընտիր բանանի մեկ կիլոգրամը 630 դրամով է վաճառվում: Նման գին անցած և նախանցած տարի Հայաստանում չկար, 800-900 դրամից չէր իջնում գինը:

Որպես նոր ներկրող՝ ի՞նչ եք արձանագրում, վարչապետի հանձնարարությունը, թե ով ինչ ուզի, կարող է ներկրել Հայաստան, կատարվո՞ւմ է:

Մինչև հիմա զգում էինք: Հիմա արդեն սկսել են խոչընդոտներ ի հայտ գալ: Ճիշտն ասած, մենք էլ ենք հավատացել վարչապետին, որ խոչընդոտներ չեն լինի, հենց դրա համար էլ ներկրում ենք:

Իսկ մաքսային մարմինների կողմից վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

Նորմալ է, ոչ մի խնդիր չեն առաջացնում: Ժամանակ առ ժամանակ մաքսայինում լինում են բյուրոկրատական ինչ-որ հարցեր, բայց եթե համեմատենք մեկ կամ երկու տարվա հետ, դրական փոփոխություններն այս ծառայությունում շատ են: Ես եմ զգում դա, մեզ հետ աշխատող բրոքերական գործակալները, տարբեր գործարարներ ասում են, որ դրական փոփոխություներ կան, բայց այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է:

Այս իրավիճակն ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչ եք պատրաստվում անել:

Շարունակելու ենք բանան ներկրել, հուսով ենք, որ սա կլինի առաջին ու վերջին ապօրինի, խուժան ու փողոցային խոչընդոտի փորձը: Իշխանությունների կողմից, անկեղծ ասած, արձագանքը միշտ էլ ադեկվատ է եղել, տարբեր տեղերից միշտ արձագանքել են, հիմա էլ արձագանքեցին, թե ինչով կարող են օգնել ու խոչընդոտները լուծել:

Ամենաընթերցվածը