Խնդիրը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ որ նա իր ՀՀԿ-ով չկարողանա վարչապետ նշանակել

    • Հարցազրույց - 09 Օգոստոսի 2017, 18:05
Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ, Ժառանգություն կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը

Դավիթ, նախորդ տարվա ՊՊԾ գնդի գրավումից և Սարի թաղի հայտնի դեպքերից հետո Հայաստանում քաղաքացիական հասարակության, նաև կուսակցությունների կողմից պայքարի մասով պասիվությունէ նկատվում: Ինչի՞ հետ եք սա կապում:

Քաղաքացիական պայքարի մասով այդ պասիվությունը որոշակիորեն օբյեկտիվ է, որովհետև շատ բարձր նշաձող էր սահմանվել: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները որոշակի դիրքորվորվում են, վերաիմաստավորում են իրենց գործողությունները: Իհարկե, չեն կարող բոլորը միևնույն պատճառն ունենալ, այնուամենայնիվ որոշակի օբյեկտիվ պատճառներ կան: Ինչ վերաբերում է քաղաքական պայքարի պաստիվությանը, սովորաբար Հայաստանում ընտրություններից հետո ակտիվ հետընտրական պրոցեսներ են տեղի ունեցել, բայց այս անգամ դա չեղավ: Սա որոշակի չափով դարձյալ կարող եմ կապել «Սասնա ծռերի» գործողությունների հետ, որովհետև ավելի բարձր նշաձող էր սահմանվել. կամ պետք է այդ նշաձողը գերազանցեին, կամ էլ քաղաքացիների կողմից պասիվ արձագանքներ կարող էին լինել: Բայց կարծում եմ, որ այս պասիվությունը երկար չի տևի, քանի որ խնդիրները ոչ միայն չեն պակասել, այլև շատացել են: Կարծում եմ, որ աշնանից որոշակի քաղաքացիական ու քաղաքական ակտիվ պրոցեսներ կարող են սկսվել:

Իսկ որքանո՞վ են այդ պասիվության վրա ազդեցություն ունեցել ճնշումները, բռնություներն ու ձերբակալությունները:

Դրանք և բացասական ազդեցություն են ունենում, և դրական: Անձերից է կախված, ոմանց վրա հակառակ էֆեկտն է ունենում, որ երբ ճնշում են, սկսում են ավելի շատ պայքարել: Իսկ ընդհանուր առմամբ իշխանության քաղաքականությունը դա է, որ մարդկանց վախեցնելով, հալումաշ անելով, նոր խնդիրներ ստեղծելով՝ ստիպեն կամ արտագաղթել, կամ պասիվանալ և այլն: Այլ հարց է, թե քաղաքական ու քաղաքացիական ուժերն այդ քաղաքականության դեմ ինչ քաղաքականություն են մշակում: Ես այս պահին տեսնում եմ, որ չկա մշակվող քաղաքականություն, բայց դրա անհրաժեշտությունը իրականում կա:

Իսկ ի՞նչ զարգացումների հիման վրա եք կանխատեսում, որ աշնանից ակտիվացում կնկատվի:

Նախ, հակազդեցություն է տեղի ունենալու, ինչը մինչև հիմա չի եղել: Իսկ հակազդեցությունը տեղի է ունենում միշտ, ցանկացած իրավիճակում: Երկրորդ, գոնե քաղաքական ուժերը հայտարարում են, որ 2018 թվականից առաջ դիրքավորվում են: Եվ ես կարծում եմ, որ այդ դիրքավորումները որոշակի ակտիվության կբերեն: Ինձ համար անընդունելի է, որ քաղաքական ուժերի մի մասը սկսում են պայքարել, որ զուտ Սերժ Սարգսյանը չլինի 2018 թվականի վարչապետը: Այսինքն՝ պետք է անել այնպես, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև Սերժ Սարգսյանի ենթակաները չլինեն վարչապետ: Իսկ նման դիրքորոշումներն օգնում են ներիշխանական շահերի սպասարկմանը: Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է լավ հասկանան, որ պայքարը պետք է տարվի իշխանական քառակուսուց դուրս:

Տեսակետներ կան, որ Հայաստանում քաղաքացիական պայքարը արդյունք չի տալիս, այդ պատճառով էլ քաղաքականացվում է, մարդիկ կուսակցությունների շարքերը համալրելով են փորձում ինչ-որ բան փոխել: Դուք ի՞նչ եք արձանագրում:

Եթե ուզում են քաղաքականությամբ զբաղվել, բնականաբար, պետք է փորձեն քաղաքական պրոցեսներին ներգրավվել, կուսակցական կամ քաղաքական հենքով շարժումների հարել: Եթե նպատակը զուտ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելն է, դա այլ է: Ամեն մարդ ինքը պետք է որոշի, ինքն իր համար պետք է սահմանի խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն և փորձի հասկանալ՝ քաղաքացիական ակտիվությամբ, ենթադրենք, 50 կամ 100 հոգով ինչ-որ խնդրի համար փողոց դուրս գալով՝ որևէ բան կլուծե՞ն, թե չէ: Եթե չէ, այդ դեպքում ո՞րն է ճանապարհը: Մենք գիտենք, որ հիմա կուսակցությունները նույնպես ճգնաժամ են ապրում: Այսինքն՝ նոր լուծումներ են պետք Հայաստանին: Իմիջիայլոց, այդ կուսակցական ճգնաժամն ամբողջ աշխարհով մեկ է, որոշ բացառություններով: Դա նաև ցույց տվեց ԱՄՆ նախագահի ընտրությունը: Նույն խնդիրը կա Եվրոպայում:

Ի՞նչ նոր լուծումներ են պետք:

Իմ կարծիքով՝ նոր լուծումները պետք է քաղաքացիական ու քաղաքական համադրում պարունակեն: Ընդհանուր շարժում պետք է ձևավորվի, լինի որևէ շարժում, որի մեջ կլինեն նաև կառույցների ներկայացուցիչներ՝ քաղաքական և հասարակական:

Այսինքն՝ լայն համախմբո՞ւմ:

Այլ տարբերակ չկա, որովհետև դիմացը կանգնած է մի ռեժիմ, որն իր շահը հստակ գիտակցում է: Իրենք ամենահամախմբվածն են, ՀՀԿ-ն ու դրա շուրջ ձևավորված խումբը տարիներ շարունակ ամենահամախմբվածն է, որովհետև իրենք ունեն կորցնելու շատ բան, քանի որ տարիներ շարունակ երկրի ու քաղաքացիների ունեցվածքը կուտակել են սեփական հաշվեհամարներին: Իրենք գիտեն, որ եթե կորցրեցին, շատ բարդ է լինելու իրենց վիճակը: Մնում է, որ այդ գիտակցությունն ու հասունությունը լինի, որ քաղաքական ու քաղաքացիական շրջանակներում, եթե չկան շատ լուրջ տարաձայնություններ, լինի համախմբում, որպեսզի այս վիճակից դուրս գանք: Այլապես կտեսնենք, որ նոր վարչապետը կրկին կնշանակվի ՀՀԿ-ի կողմից: Իհարկե, շատ տարբերություն կա՝ Սերժ Սարգսյանն է լինելու հաջորդ վարչապետը, թե ոչ, որովհետև իր ղեկավարությամբ տարիներ շարունակ մենք տեսել ենք Հայաստանի ծանրացող վիճակը: Մենք լրիվ նմանվում ենք Ղազախստանին, Բելառուսին ու Ռուսաստանին: Անհրաժեշտություն է, որ Սերժ Սարգսյանը չլինի, բայց խնդիրը ոչ թե պետք է դնել, որ Սերժ Սարգսյանը չլինի, այլ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ով չպետք է կարողանա վարչապետ նշանակել: Կարո՞ղ ենք անել, այլ հարց է, բայց խնդիրը պետք է ճիշտ սահմանել:

Ամենաընթերցվածը