Իշխանությունն ավելի հաճախ կխոսի անվտանգության մասին. ԱԺ փոխնախագահ

    • Հարցազրույց - 17 Հուլիսի 2017, 12:49
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանը նախօրեին իր հարցազրույցում նշել է, որ ով կարծում է՝ «Իսկանդերը» հոգեբանական նշանակություն ունի, նա չի հասկանում դրա կործանարար ուժը՝ հակադարձելով Հասանովին։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ քաղաքականից խնդիրը տեղափոխվում է ռազմական հարթություն, երբ արդեն ռազմական բառապաշարով եք հակադարձում հակառակորդին։

 

Նախ պետք է նշեմ, որ Ադրբեջանը զինադադարից հետո, հատկապես որդի Ալիևի կառավարման շրջանում իր զինանոցում մշտապես պահել է ռազմական հռետորաբանությունը, և նման հայտարարությունները նորություն չեն մեզ համար։ Մանավանդ մենք մշտապես բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնել ենք խնդրի ռազմական լուծման անթույլատրելիության մասին, նաև բազմաթիվ անգամներ խոսել ենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանության մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը, մինչև Հասանովի հայտարարությունը, կրկին հիվանդ երևակայության գոհարներ շռայլեց՝ խոսելով Ղարաբաղի պատմական ադրբեջանական տարածք լինելու, որ Ղարաբաղն անպայման պետք է լինի Ադրբեջանի կազմում և այլն։ Բնականաբար, լինում են պահեր, երբ դու նաև քաղաքական հայտարարություն անելիս պետք է ներկայացնես քո հստակ դիրքորոշումը։ Մեկ անգամ չէ, որ հայկական կողմը, Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը հստակ նշել է, որ Հայաստանի  Հանրապետությունը Արցախի Հանրապետության քաղաքացիների, կամ առհասարակ Արցախի Հանրապետության  անվտանգության երաշխավորն է և բնականաբար, եթե այդ անվտանգության համար անհրաժեշտ լինի պաշտպանական մեխանիզմներ գործադրել, դա պետք է արվի, ու սա նոր երևույթ չէ։ Հայկական կողմը երբեք կողմ չի եղել խնդրի ռազմական լուծմանը, բայց հայկական կողմն առաջնորդվում է հին հռոմեական հայտնի ճշմարտությամբ՝ ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Ցանկացած ժամանակահատվածում, ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի նման ապակառուցողական հարևաններ, ավելին՝ Ադրբեջանի նման անվտանգության սպառնալիք մեր տարածաշրջանին, բնականաբար, մենք պետք է մի կողմից ձգտենք խաղաղ կարգավորման դիվանագիտական ճանապարհով, մյուս կողմից երաշխիքներ ստեղծենք Արցախի ժողովրդի անվտանգության համար։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջին երաշխիքը մեր ուժեղ զինված ուժերն են, որի մասին խոսեց նաև ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Ի վերջո, ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ձախողվեց շնորհիվ Արցախի ինքնապաշտպանական ուժերի։  Այսինքն՝ Արցախի բանակը կանգնեցրեց ադրբեջանցիների հարձակումը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ թիվ մեկ երաշխիքը մեր ինքնապաշտպանական ուժերն են, մեր հայոց բանակն է։ Այստեղ զարմանալ կամ փորձել տարբեր գնահատականներ հնչեցնել, թե հայկական կողմը թողել է քաղաքական լեքսիկոնը և փորձում է ռազմական լեքսիկոնով խոսել, այդպես չէ։ Սա ռազմական լեքսիկոն չէ, պարզապես մենք մեր հանրությանը, նաև դրսին ցույց ենք տալիս, որ այո, մենք խաղաղ կարգավորման կողմնակից ենք, բայց ունենալով Ադրբեջանի նման հակառակորդ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։

 

Հաշվի առնելով, որ Հասանովն իր հայտարարություններն արել է Ռուսաստանում, ինչո՞ւ փորձագիտական  կամ քաղաքական մակարդակում Ռուսաստանում չկա գնահատական Հասանովի հայտարարությանը, թե կարելի է  որսալ «Իսկանդերի» հրթիռները։

 

Կարծում եմ՝ Հասանովի հայտարարության նպատակը սեփական դեմքը և իրենց բանակի ապաշնորհությունը փրկել էր։ Այսինքն՝ դա ավելի շատ ներքին լսարանին ուղղված հայտարարություն էր, քան թե արտաքին։ Հասանովների նման հայտարարությունները՝ թե մենք ուժեղ ենք, մենք կազատագրենք, հայերը թշնամի են, ներքին լսարանին ուղղված «սնունդն» է, որից Ալիևի ավտորիտար ռեժիմը սնում է իր հասարակությանը։ Երբ ասում ենք՝ Ալիևը 21-րդ դարի Հիտլերն է, որոշ «խելոք գլուխներ» են հայտնվում, որոնք ասում են՝ ինչպե՞ս ենք մենք Հիտլերին ու Ալիևին համեմատում, Հիտլերը ողջ աշխարհի համար էր սպառնալիք, իսկ Ալիևը միայն Հայաստանի։ Խոսքը չափի մասին չէ, թե ով ինչքան մեծ չարիք է, խոսքը ոճի ու գաղափարախոսության մասին է, խոսքը ֆաշիզմի թշնամանքի քարոզման մասին է, որ այն մեթոդները, այն գործիքները, որոնցով շարժվում էր 1930-ականների նացիստական Գերմանիան՝ Հիտլերի և Գեբելսի գլխավորությամբ՝ սերմանելով եվրոպական բոլոր ժողովուրդների և հրեաների նկատմամբ ատելություն ու թշնամանք, նույն բանն արդեն տարիներ շարունակ անում է Ադրբեջանի ագիտպրոպը՝ Ալիևի գլխավորությամբ։

Այնպես որ, Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն առաջին հերթին արված են սեփական ժողովրդի համար՝ կապված հուլիսյան կոմպանիայից հետո, երբ երկրորդ անգամ նրանք ձախողվեցին։ Ձախողվեցին թե ճակատում, թե քարոզչական դաշտում, որովհետև նրանք փորձում էին երեխայի մահը ներկայացնել որպես հայերի բարբարոսության փաստ։ Բայց մենք տեսանք, որ աշխարհի ոչ մի անկյունում, ոչ մի լուրջ միջազգային կառույց Ադրբեջանի այդ քաղաքական հնարքին չգնաց։ Խոսքը սրա մասին է, իսկ ինչ վերաբերում է մեր գնահատականներին, այո, մենք խաղաղ կարգավորման կողմնակից ենք, բայց խաղաղ կարգավորումը չի նշանակում, որ եթե մեզ վրա կրակում են, պետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք, թե երբ են գալիս մեզ մորթեն։ Ոչ, մեր թիվ մեկ երաշխիքը մեր միասնությունն ու մեր բանակն է։

 

Ըստ էության, այն միտքը, որ «Իսկանդերների» ցուցադրությունից հետո նշվում էր, որ դա զուտ ցուցադրության համար է, Սերժ Սարգսյանը փաստորեն հերքե՞ց դա՝ նշելով, որ ցանկացած անհրաժեշտ պահի դրանք գործի՞ կդրվեն։

 

Բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ հասկանում են արտաքին քաղաքականությունից, բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ հասկանում են անվտանգությունից, աշխարհաքաղաքական զարգացումներից և պետական կառավարումից, բոլոր նրանք, ովքեր ասում են, որ այդ զենքերը ցուցադրության համար են կամ միայն ձևական նշանակություն ունեն, շատ հեռու են իրականությունց։ Մենք չենք ասում, որ հենց վաղը «Իսկանդերն» օգտագործելու ենք, բայց «Իսկանդերը» Հայաստանը ձեռք է բերել հարկ եղած դեպքում օգտագործելու այն դեպքերում, որոնց համար այդ զենքը նախատեսված է։ Խոսքը սրա մասին է, և այդ իմաստով, ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը շատ ուղիղ, շատ դիպուկ տվեց իր գնահատականը թե ներքին լսարանին, թե առաջին հերթին մեր արտաքին գործընկերներին։ Ավելին, սա նաև պատասխան էր նրանց, ովքեր կարծում էին, որ Հայաստանը միայնակ չի կարող տնօրինել այդ զենքերը։ Նա շատ պարզ ասաց, որ եթե կարիքը լինի, հայկական կողմը առանց աչքը թարթելու կօգտագործի դրանք։ Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը խոսում է այդ մասին։ Եթե հիշում եք, մինչ այդ էլ «Իսկանդերների» թեմայի մասին խոսվել է, և երբ Արցախում նախագահը խոսել է անվտանգության հայեցակարգի մասին, այդ մասին խոսվել է։ Միգուցե այս փուլում անվտանգության խնդիրներն ավելի առաջնային են մեզ համար, և մենք ավելի հաճախ կխոսենք դրա մասին, բայց երբեք, գոնե ՀՀԿ-ի համար, գոնե պետականության վերջին շրջանումերբեք մեզ համար անվտանգության խնդիրները երկրորդական չեն եղել։ Եթե դուք ժամանակագրորեն նայեք գոնե իմ ելույթները նայեք կառավարության ծրագրերի, բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ-ում, ապա այնտեղ կարմիր թելի նման ուղղակի ներկայացվում է, որ անվտանգության խնդիրներն ամենակարևորն է, և որ առանց անվտանգության մենք չենք կարող խոսել ոչ ժողովրդավարությունից, ոչ սոցիալական քաղաքականությունից, ոչ էլ տնտեսական զարգացումից։ Դա մշտապես ասվել է ոչ միայն իմ, այլև շատ հանրապետական գործիչների կողմից։ Անվտանգության խնդիրներն այսօր էլ, առաջիկայում էլ մեզ համար մնալու են առաջնային։ Դա կապված է տարածաշրջանային զարգացումներից և գլոբալ մեծ տարածաշրջանից՝ Կովկաս և Մերձավոր Արևելք։ Այսօր մենք ունենք երկու հակառակորդ, երկու պետություն, որոնք կոնկրետ թե Հայաստանի, թե տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիք են։ Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է։ Այդ դեպքում մենք  մենք պետք է գնանք մեր անվտանգությունն ամրապնդելու ճանապարհով։

Սերժ Սարգսյանի ներկայացրած թեզը գերագույն գլխավոր հրամանատարի հստակ ազդակ էր, որը կարծում եմ՝ վերջին շրջանի զարգացումներից էր բխում և նաև ապագային էր միտված։

Ամենաընթերցվածը