Հայկական դրամի ուղերձը. «Գույք պարտքի դիմացը» տողատակում

  • Հարցազրույց - 17 Հուլիսի 2017, 12:37
Հարցազրույց ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանի հետ:

Պարոն Հարությունյան, նախապատրաստվում է շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության թղթադրամների հոջորդ սերունդը: Ինչ կարծիքի եք  Դուք, որ ասենք Չարենցին ու Թումանյանին, Իսահակյանին ու Սարյանին «փոխարինելու» են գալիս Սևակն ու Սարոյանը, Կոմիտասն ու Այվազովսկին:

Ինչ վերաբերում է Ձեր կողմից թվարկած անձերին, ապա նրանք բոլորն էլ` և նրանց հետ շատերը, այդ թվում և մեր թղթադրամների առաջին սերնդի վրա պատկերված անձինք, առանց կասկածի իրենց լիիրավ տեղն ունեն նույն շարքում, նույն սրահում, նույն ալբոմում և այլն: Այնպես որ այստեղ անձերի մրցակցություն, որպես այդպիսին չկա, և նման անունների պարագայում չի էլ կարող լինել: Առավելևս, եթե անկեղծ լինենք, դրանք այնքան էլ շատ չեն, որ ինչ որ մի մեծի համար հանկարծ տեղ չգտնվի: Լրիվ այլ հարց է, թե որտեղ պետք է տեղ գտնեն ձեր, նաև իմ կողմից թվարկած մեր ազգի ականավոր ներկայացուցիչները:

Խոսքը մեր պետական թղթադրամների վրա նրանց դիմանկարները պատկերելու  մասին է:

Նախ պետք հստակ պարզել, թե ինչ նպատակի են ծառայել նախկինում թողարկված հայկական թղթադրամները, ինչ նպատակի են ծառայելու թողարկվելիք գումարանշանները, այդտեղից էլ ինքնին պարզ կդառնա, թե ինչու է կատարվել դրամանիշների վրայի պատկերների հենց այդպիսի ընտրությունը և ինչով է պայմանավորված դիմանկարների տեր անձերի նման «ռոտացիան»: Իմ ասածը չի վերաբերում տնտեսական բաղադրիչներին, կամ էլ մեր դրամի փոխարժեքին` դոլարի կամ լարիի նկատմամաբ: Խոսքս վերաբերում է դրամանիշի արտաքին տեսքին, նրա «արդ ու զարդին»: Ճիշտ է, տվյալ ազգային արժույթի իրական «քաշն ու կշիռը» որոշվում է նրա իրական արժեքով միջազգային ֆինանսական շուկայում: Բայց չափազանց կարևոր բաղադրիչ է նաև ազգային դրամանիշի արտաքին ձևավորումն ու պատկերազարդումը: Դա միշտ էլ ունեցել է և այսօր էլ ունի խիստ կարևոր քարոզչական նպատակ և ի վերջո գալիս ու հասնում է քաղաքական բնույթի հարցերի զանգվածին: Առաջին`աշխարհի ֆինանսական շուկայում մեր ազգային արժույթի զբաղեցրած տեղի և դերակատարման մասին մենք բոլորս լավատեղյակ ենք և այս ուղղությամբ զրույցը շարունակելն անիմաստ է:

Համամիտ եմ Ձեր հետ, մենք ի սկզբանե հենց այդպես էլ նախատեսել էինք զրույցը վարել հենց երկրորդ հարցի` Ձեր ասած այդ «պատկերազարդման» հարցի  շուրջ:

Շատ լավ, շարունակենք: Բայց հիմա հարցը ես տամ: Ինչ բան է պետակն դրամանիշը, տվյալ պետության փողը: Դուք անշուշտ կպատասխանեք և ինձ կբացատրեք, որ դա տվյալ պետության, նրա անկախության ամենակարևոր խորհրդանիշներից և ցուցանիշներից մեկն է: Եվ որ նրա վրա նույնպես պետք է պատկերված լինեն անկախ պետականության խորհրդանիշներ հանդիսացող պատկերներ: Հատկապես` այնպիսի նորանկախ պետականության պարագայում, որը ձեռք է բերվել ոչ թե առաջին անգամ, այլ նա եղել է նախկինում, ընդհատվել է, և այժմ նորից ձեռք է բերվել: Տրամաբանությունը դա է հուշում: Թվարկեմ մի քանի ցայտուն օրինակներ. Անգլիա.  բոլոր թղթադրամների տիտղոսակողմում` դիմերեսին պատկերված է Անգլիային իր հզորության գագաթնակետին հասցրած Վիկտորիա թագուհին, շրջերեսին` Չարլզ Դարվին, Ջեմս Ուաթ, Ադամ Սմիթ, և այլն: ԱՄՆ. Բոլոր արժեթղթերի դիմերեսին, բացառությամբ երկուսի, պատկերված են ԱՄՆ նախագահները: Իսկ այդ երկու դրամանիշերի վրա ` երկու այլ պետական գործիչների դիմապատկերներն են: Հնդկաստան. հնդկական բոլոր թղթադրամների դիմերեսին տեսնում ենք Մահատմա Գանդիի դիմանկարը, Իրանի  րիալների վրա ` Այաթոլլա Հոմեյնիի, իսկ նախորդ վարչակարգի օրոք` շահ Րեզա Փեհլեվիի պատկերը, Թուրքիայի   լիրաների վրա` Մուստաֆա Քեմալի պատկերը, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա` թագավորների, իշխանների, պետական այլ այրերի պատկերներ, Ֆրանսիա` Հենրիխ Չորրորդ, դը Րիշելյե, Նապոլեոն Բոնապարտ, Մոլդովա` բոլոր դրամանիշերի դիմերեսներին Ստեֆան Երրորդ թագավորի պատկերը, մեր անմիջական հարևան Վրաստանը` Վախթանգ Գորգասար թագավոր, Թամար թագուհի, հասարակական ու քաղաքական գործիչներ Ծերեթելի, Ճավճավաձե, թերևս իմաստ չունի շարունակել:

Այսինքն, դիտելով այլ պետությունների դրամանիշերը, ինչ-որ չափով ընդհանուր պատկերացում ես կազմում նրանց քաղաքական անցյալի, քաղաքական-պետական ներկայի և ամենակարևորը` այդ պետության իշխանությունների և այդ պետության մեջ ապրող ազգի վերաբերմունքի մասին իր պետական - քաղաքական անցյալի և ներկայի, իրենց անկախ պետականության նկատմամբ:

Կանխում եմ ձեր հարցը,- Ադրբեջանի բոլոր մանաթների վրա, անկախ արժողությունից, պատկերված է իրենց պահանջվող տարածքներով Ադրբեջանի քարտեզը: Ինչն, անշուշտ ունի այսօրվա իրավիճակով թելադրված իր քարոզչա-քաղաքական հստակ ենթատեքստը:

Բայց մեզանում, կարծես գերիշխում է մի կարծիք, թե թղթադրամներին պատկերված անձերի միջոցով մենք աշխարհին ստիպում ենք ճանաչել մեզ որպես մշակութային, համամարդքային արժեքներին հաղորդակից ու դավանող ազգ: Այդ միջոցով ենք ստիպում օտարին ճանաչել հայ ազգն ու հայոց պատմությունը:

Նախ մեզանում ինչ է հասկացվում, ասելով «հայոց պատմություն»: Դա պետական միավոր Հայաստանի պատմությունն է, թե հայերի, հայ ազգի, հայ ժողովրդի պատմությունն է: Պետության առումով «Հայաստանի պատմություն» վերնագրով աշխատություններ, առավելևս դասագիրք, որքան որ գիտեմ, առհասարակ գոյություն չունի: Փոխարենը կան մի քանի  իրարից տարբերվող «Հայ ժողովրդի պատմություն»ներ, որոնք թե նախկինում, թե այսօր, գրվել են գրառման օրվա քաղաքաքկան կոնյուկտւրայի պահանջներին ու թելադրանքին համապատասխան ու համահունչ, ինչով էլ որոշվում է նրանց իրական «արժեքը»: Եթե կան իրոք արժեքավոր գործեր, թող ներկայացնեն, իմանանք:

Մյուսը`այդ ականավոր անձերի միջոցով ներկայանալ աշխարհին որպես մշակութային ազգ և ստիպել օտարին ճանաչել ու հարգել մեզ որպես իրոք այդպիսին: Ասեմ Ձեզ, մի շարք երկրների թղթադրամների վրա` հիմնականում սկանդինավյան և հետխորհրդային բալթյան երկրների թղթադրամների վրա իրոք մեծամասամբ պատկերված են մշակույթի և գիտության գործիչներ, բայց` տարբեր պատմական շրջաններում ապրած և ստեղծագործած: Այնպես որ, նրանց միջոցով իրոք հնարավոր է պատկերացում կազմել պատմության տարբեր ժամանակահատվածներում տվյալ պետության և նրա տիտղոսակիր ազգի կողմից մարդկային քաղաքակրթությանն ու առաջընթացին արած ներդրման մասին: Էլ չեմ խոսում վերը թվարկված և նրանց տիպի թղթադրամների մասին, որպեղ արվեստի, գիտության և հումանիտար այլ ոլորտների գործիչներ թղթադրամների վրա իրենց տեղ են գտել պետական ու քաղաքական այրերի հարևանությամբ` այն է` թղթադրամի շրջերեսին:

Իսկ որն է տարբերությունը մեր պարագայում:

Եկեք չզլանանք, և աչքի առաջ բերենք մեր ` ՀՀ թղթադրամները:

«Առաջին սերունդ» 1993-1995 թթ. նմուշի թղթադրամներ:

Սրանք, թերևս, կարելի է համարել ամենահաջողվածները: 10, 25, 50, 100, 200 արժեքներով թղթադրամների վրա պատկերված են Սասունցի Դավիթի արձանը, զարդաքանդակներ ուրարտական շրջանից, միջնադարյան պաշտամունքային կառույցներ, այսօրվա Հայաստանի հայտնի շինություններ: 500 դրամանոցի վրա պատկերված է Տիգրան Մեծի մետաղադրամը`արքայի պատկերով, 1000 դրամանոցի վրա- Մեսրոպ Մաշտոցի արձանը, 5000-ի վրա` Գառնու հելենիստական տաճարն ու Անահիտ աստվածուհին: Իմ անձնական կարծիքով` բավականին համեստ, առանց ինչ-ինչ հավակնությունների, բայց միաժամանակ ներկայանալի և հետն էլ` բավականին երկար պատմական ժամանակահատվածում տեղավորվող նմուշների հավակածու: Օտարը, ցանկության դեպքում, կարող է որոշակի պատկերացում կազմել հայ ազգի և հազարամյակների խորքերում եղած նրա պետականության մասին:

«Երկրորդ սերունդ» 1998-2015 թվականների նմուշի թղթադրամներ: 50 000 և 100 000 հազարանոցներն առընչվում են քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, և դա համարենք օրինաչափ: Մյուս թղթադրամների ` 50, 100, 200, 500, 1000, 5000, 10 000, 20 000 –ների վրա  տեսնում ենք, համապատասխանաբար, Արամ Խաչատրյանին, Վիկտոր Համբարձումյանին, Ալեքսանդր Թամանյանին, Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին: Ում համար է այս սերնդի թղթադրամների պատկերազարդման նման ընտրությունը: Մեզ համար: Բայց մենք դրանց բոլորին շատ լավ գիտենք, ոմանց էլ տեսել ենք դեռևս իրենց կենդանության օրոք: Բայց աչքաթող չանենք մի օրինաչափություն.երկրիդ, պետությանդ ու ազգիդ պատմության հետ այս թղթադրամները որևիցե առընչություն ու աղերս այլևս չունեն: Թղթադրամներիդ վրայից անհետացել են էպոսիդ հերոսը, անհետացել են հելենիստական շրջանի աստվածուհիդ ու տաճարը, հայկական պետականությունն իր հզորության գագաթնակետին հասցրած հզոր արքան, գրերիդ ստեղծողը: Փոխարենը,…երևի անիմաստ է հերթական անգամ նշել, որ մեր հանճարների հանդեպ և ոչ մեկը ոչ մի առարկություն չի կարող ունենալ, բայց… Ինչ է նշանակում թղթադրամի մի ամբողջ սերունդ ներկայացնել հիմնականում  Խորհրդային երկրում և Խորհրդային կարգերի օրոք ապրած (թեև որոշ դեպքերում ռեպրեսիաների ենթարկված) անձանց մի կուռ փաղանգով: Ինչ է սա, գովք խորհրդային կարգերին ամբողջ աշխարհի առաջ: Ասում են, թե այս անձանց միջոցով ճանաչել տանք մեզ, մեր պատմությունը: Որ պատմության մասին է խոսքը: Հայերն, ինչ է բացի Խորհրդայինից, այլ պատմություն չունեն, բացի խորհրդային 70 տարուց ուրիշ ժամանակներում չեն ապրել: Ոչ ոք չի վիճում, որ խորհրդային տարիներին, իրոք, հայ ազգը աննախադեպ քանակությամբ ու խտությամբ բարձորակ և հաճախակի` նաև հանճարեղ այնքան ներկայացուցիչներ տվեց մարդկային գործունեության բոլոր բնագավառներում(ներառյալ նույնիսկ քրեական ոլորտը), ինչն աննախատեպ երևույթ էր:  Բայց միաժամանակ այդ նույն փաստը մտորելու առիթ է տալիս, քանի որ գալիս է ապացուցելու չափազանց տխուր և վտանգավոր, բայց ակնհայտ մի իրողություն. Հայը ինքնադրսևորվում, հասնում է ստեղծագործական բարձունքների, երբ, թեև ապրում է օտարի լծի տակ, բայց փոխարենն ազատված է լինում իր համար չափազանց անհարմար մի պարտականությունից` ունենալ սեփական պետություն, ապահովել նրա միջոցով սեփական ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը: Այնպես որ, բացի հաց ու կոշիկ գնելուց, իրենց մյուս նպատակին ծառայելու առումով 1998-2015 թվականների նմուշի ՀՀ թղթադրամները ես անձամբ համարում եմ մի քանի քայլ ետ: Չհամարեք կատակ, բայց նայեք այդ հետընթացի տարեթվերը և երևի ինքներդ էլ կսկսեք քայլ-քայլ համոզվել, որ «դրամա-քաղաքական» այս հետընթացը միանգամայն տեղավորվում է «Գույք Պարտքի դիմաց» եվ Հայաստանի ֆորպոստացման հակահայկական և հակահայաստանյան գործարքի, բոլշևիզմի վերակենդանացման և փառաբանման փորձերի  տրամաբանության շրջանակների մեջ: Ընդորում, անձամբ ես մազաչափ չեմ կասկածում, որ նախաձեռնությունը եկել է հենց հայկական կողմից:

Պատասխանեք, վերջապես, մեր ամենաառաջին հարցին:

Այդ փոփոխությունը անձամբ ես դիտւմ ու գնահատում եմ իմ վերը բերված պատասխանի տրամաբանության կտրվածով: Սա, փաստորեն, մի քայլ էլ է հետ: Հայի կարողությունների դրսևորումը նորից տեղավորվել է 20-րդ դարի շրջանակներում. Սևակը , որքան էլ նրան սիրենք, միշտ էլ, Ֆորմալ հարթությամբ, կներկայացվի ավելի «սովետահայ» պոետ, քան Չարենցն ու Իսահակյանը: Կարող է և այդ վտանգը չլիներ, եթե կողքի հետ չգար ազգությամբ հայ, բայց անհերքելիորեն հենց սովետական շախմատիստ Տիգրան Պետրոսյանը: Նամականիշ, կամ հոբելյանական մեկ այլ նմոշ Կոմիտասի պատվին թողարկելը մի բան է: Բայց իմաստը որն է այդ բազմաչարչար ու տաջված մարդուն բերել-հանել թղթադրամի վրա: Իրոք, կարող է մազոխիստ ենք: Այվազովսկու և Սարոյանի կերպարն էլ վիճակը չեն փրկում, այլ ավելի են վատթարացնում: Ամբողջ աշխարհը գիտի, Իվան Այվազովսկին ազգությամբ հայ, բայց հռչակավոր ռուս ծովանկարիչ է, իսկ Վիլյամ Սարոյանն էլ, ազգությամբ հայ, բայց ամերիկացի գրող է:

Հետո:

Հետո էն, որ ստացվում է, պետություն ու պատմություն չունեցող մի ազգ ենք, որի տարբեր ներկայացուցիչներ այս ու այն ուժեղ ու ապահով պետության թևի տակ ծվարած ապրել ու ստեղծագործել են: Ինչ ասեմ, կարող է Այվազովսկու և Սարոյանին «մեջտեղ բերելը» իրականում մեր խորամանկ և աշխարհին հարիֆացնող կոմպլեմենտար դիվանագիտության դրսևորումներից մեկն է: Այսպիսին է իմ կարծիքը: Թև մի քիչ «համաշխարհային դավադրության» երանգներ է պարունակում:

Ամենաընթերցվածը