«Ոչ մի երկիր նման զիջումների չի գնա»

    • Հարցազրույց - 17 Հուլիսի 2017, 11:16
Մեր զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը

Պարոն Ստեփանյան, Պրահայում հայտնի է դարձել, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև քննարկվել է 2011 թվականին կնքված առևտրային միջանցքների մասին պայմանագրի կյանքի կոչման հարցը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սա այլընտրանքային ճանապարհ է դիտարկել և հույս հայտնել, որ Աբխազիայով և Հարավային օսիայով հաղորդակցությունը կվերականգնվի: Մինչդեռ Վրաստանի վարչապետի վարչապետի հատուկ ներկայացուցիչը ի պատասխան հայտարարել է, որ չկա որևէ խոսակցություն, որը թույլ կտա Հայաստանին հուսալ առևտրային միջանցքի բացման հարցում: Ինչպե՞ս եք գնահատում իրար հակասող այս հայտարարությունները:

Դիտարկելով, որ այս թեման տարին առնվազն մեկ անգամ բարձրացվում է, և դրանց վերաբերյալ մեկնաբանությունները շատ նման են իրար, թե վրացի, թե հայ պաշտոնյաների դեպքում, կարելի է արձանագրել, որ սկզբունքորեն ոչինչ չի փոխվում: Հայկական կողմը պնդում է, որ այդ թեմայի շուրջ բանակցություններ, այնուամենայնիվ, ընթանում են, և կա հնարավորություն, որ Աբխազիայով անցնող երկաթուղին աշխատի հայկական ապրանքների համար, վրացական կողմը հերքում է բանակցությունների փաստը: Նայած, թե մենք ինչ ենք հասկանում բանակցություններ ասելով. բանակցությունների որոշակի ձևաչափ գոյություն ունի, բայց դրանք գոյություն ունեն ավելի շատ ռուս-վրացական որոշակի ուղղությունների կարգավորման ուղղությամբ, քան տարածաշրջանային համատեքստում: Թեև ասեմ, որ ռուսական կողմը բարձրացնում է Աբխազիայի միջանցքը բացելու հարցը, սակայն վրացական կողմում այդ հարցը չի քննարկվում: Հիմա սա որքանո՞վ կարելի է համարել երկխոսություն՝ Աբխազիայով անցնող երկաթուղային միջանցքը բացելու շուրջ: Վրացական կողմի համար չկան այն պայմանները, որոնք թույլ կտային Վրաստանին քննարկել այդ հարցը, սկզբունքորեն չկա այն գինը, որը Վրաստանը կստանար միջանցքը բացելու դիմաց: Եթե միջանցքը պետք է բացվի, ապա դա պետք է համապատասխանի Վրաստանի պետության շահերին, իսկ դա նշանակում է, որ պետք է կատարվեն այն պայմանները, որոնք դնում է Վրաստանը: Ժնևյան բանակցությունների ձևաչափով, նաև ֆորմալ շփումներում ամենասկզբունքայինը Վրաստանի համար վրաց-ռուսական սահմանի վերահսկողությունն է աբխազական կողմից: Բնականաբար, դա անընդունելի է թե ռուսական կողմի համար, թե աբխազական: Քանի դեռ չի գտնվել բանաձևը, որ վրաց սահմանապահները կանգնեն այնտեղ, այդ խնդիրը կարծում եմ մոտակա հեռանկարում չի լուծվելու:

Տեսակետ կա, որ սա Ռուսաստանի բլեֆն է, որի խոստումով Հայաստանին մտցրել են ԵՏՄ ու այդ բլեֆը դեռ շարունակելու են խաղարկել: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

Դե վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ դա, ցավոք, ավելի շատ բլեֆ է, քան իրատեսական տեղեկատվություն: Այսինքն՝ առաջին քայլին՝ տեղեկատվությունը հասարակական ու քաղաքական շրջանակներում տարածելուն չեն հաջորդում 2-րդ, 3-րդ քայլերը, որոնք կհաստատեն այդ տեղեկատվությունը իրական գործողություններով: Թե ինչ նպատակով է դա արվում, արդեն այլ հարց է, գուցե նման հեռանկարի համար հիմքեր ստեղծելու համար, բայց հավատացեք, Վրաստանում այդ հարցի վերաբերյալ կարծիքն ինչպիսին եղել է, այդպես էլ մնացել է, ոչինչ չի փոխվել: Այն դիրքորոշումը, այն պայմանները, որոնք ունեցել է Վրաստանը 1 տարի առաջ, 4-5 տարի առաջ, դրանք ճիշտ նույնությամբ մնացել են: Վրաստանի համար շարունակում սկզբունքային մնալ հարցը, որ ինքը պետք է վերահսկի այն ողջ ապրանքաշրջանառությունը, որը պետք է կատարվի վրաց-ռուսական սահմանին: Այլ խնդիր է, որ եղել է տեղեկատվություն, որ ֆորմալ առումով հնարավոր է միջնորդական միջազգային կազմակերպությունը կարողանա ապահովել ապրանքաշրջանառության վերահսկողությունը, բայց նույնիսկ այդ դեպքում, մենք չենք տեսնում պրակտիկ քայլեր այդ ուղղությամբ:

Իսկ Թուրքիան և Ադրբեջանը կարո՞ղ են խոչընդոտող գործոններ լինել այս հարցում՝ նաև հաշվի առնելով Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի սերտ համագործակցությունը և Հայաստանի հետ նրանց ունեցած հարաբերությունները:

Բնականաբար, Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Վրաստան հարաբերությունները, հաշվի առնելով այդ երկրների միջև բեռների հոսքը, նաև Ռուսաստան-Վրաստան քաղաքական հարաբերությունների բնույթը, հնարավոր չէ, որ այստեղ չլինի քաղաքական բաղադրիչ: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Վրաստանի հարաբերություններն արդեն վաղուց փորձված մեխանիզմ են, որտեղ Վրաստանը միակ տարանցիկ երկիրն է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ինչը շատ արդյունավետ աշխատում է: Այս ուղղությունը շատ արդյունավետ զարգանում է, ապրանքաշրջանառությունն աճում է, որն իր մեջ ներառում է նաև Եվրոպայից ստացվող բեռների փոխադրումը: Այս համատեքստում առնվազն մոտ ապագայում անհեռանկար են պնդումները, թե Ռուսաստան-Վրաստան-Հայաստան միջանցքը կարող է հակակշռել կամ բալանսավորել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքին, քանի որ այստեղ բացի տնտեսականից դերակատարում ունեն նաև աշխարհաքաղաքական իրավիճակն ու շահերը: Հետևաբար, ավտոմատ կերպով անհնար է լիարժեքորեն իրագործել Վրաստանի տարածքը որպես տրանզիտ Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Եթե այդ միջանցքը չբացվի, հայ-ռուսական առևտրաշրջանառությունը ավելի կքչանա՞:

Եթե անկեղծ, ես չեմ հավատում, որ կան նախադրյալներ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալները նվազեն, որովհետև ինչ կա, դա կա: Գործող երթուղիները, մասնավորապես, Սև ծովի և Վրաստանի տարածքով, նորմալ գործում են, եթե չհաշվենք, որ ձմռան ամիսներին Վերին Լարսը փակվում է: Վրաստանն, ըստ էության, արհեստական խոչընդոտներ չի ստեղծում Ռուսաստանից բեռները Հայաստան հասցնելու հարցում, որովհետև դա չի բխում իր շահերից, սակայն ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, ապա մոտ ապագայում այդ տարածքներով ճանապարհները չեն գործի: Վրաստանը, բնականաբար, գործում է սեփական շահերից ելնելով և չի կարող առաջնորդվել այլ երկրի շահերով՝ ի վնաս իր շահերի: Ոչ մի երկիր նման զիջումների չի գնում՝ ի վնաս իր շահերի, ի վնաս իր պետական ինքնիշխանության: Ես գիտեմ, որ Հայաստանում կան շրջանակներ, որ վիրավորված են Վրաստանից, մեղադրում են, որ նա չի նպաստում աբխազական միջանցքի բացմանը, բայց մենք պետք է հասկանանք, որ տվյալ դեպքում՝ առաջնորդվում է իր շահերով, ինչպես Հայաստանն է այս կամ այն հարցում առաջնորդվում իր շահերով:

Ամենաընթերցվածը