Այլ ռազմական գործիչ լիներ Զաքիր Հասանովի փոխարեն, ինքնասպան կլիներ

    • Հարցազրույց - 15 Հուլիսի 2017, 08:39
Մեր զրուցակիցն է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, Սերժ Սարգսյանը նախօրեին իր հարցազրույցում նշել է, որ ով կարծում է՝ «Իսկանդերը» հոգեբանական նշանակություն ունի, նա չի հասկանում դրա կործանարար ուժը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյոք ինչ-որ պահի հնարավոր է «Իսկանդերը» գործի դրվի։

«Իսկանդերը», իսկապես, կործանարար զենք է։ Ավելին ասեմ, այդ «Իսկանդերների» առկայությունը հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոն, որովհետև մենք գործ ունենք ագրեսոր երկրի հետ՝ ի դեմս Ադրբեջանի։ Բնական է, որ այդ պետության հետ խոսել այլ լեզվով, քան զսպիչ ներուժ ունենալը, անհնար է։

Ագրեսոր ու հանցագործ այդ պետությունը հասկանում է միայն ուժի լեզուն։ Ադրբեջանում հատկապես վերջին շրջանում անընդհատ խոսում են, թե ինչ զինատեսակներ ունեն և փորձում են սեփական բնակչության վախը քաշել՝ հայտարարելով, թե «Իսկանդերները» երբևիցե չեն կարող կիրառվել, որ դրանց առկայությունը միայն հոգեբանական խնդիր է, նրանք չարաչար սխալվում են։ Այնպես է ստացվել, որ միգուցե, դժբախտաբար, բայց այդ մրցավազքը բերում է կայունության։

Որքան կործանարար լինեն այդ զինատեսակները հայկական կողմի մոտ, այնքան խաղաղ է լինելու իրավիճակը տարածաշրջանում։ Աստված մի արասցե, եթե Ադրբեջանն ստացավ չնչին անգամ առավելություն, նա անմիջապես կօգտվի այդ հնարավորությունից, եթե նույնիսկ այդ առավելությունը վիրտուալ է, ինչպես դա եղավ ապրիլին։ Նրանք չէին պատկերացնում, որ իրենց բոլոր ագրեսիվ նկրտումները ձախողվելու են և իրենք կրելու են պարտություն։ Բայց բոլոր դեպքերում մեր նման զենքերը զսպիչ ազդեցություն ունեն Ադրբեջանի համար։

Հասանովը «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմում օգտագործվել է իրենց բանակի 15-20 տոկոս ուժերը, ռեզերվներն ու կենտրոնական ենթակայության հրետանին չեն մոտեցրել ռազմաճակատին, իսկ Հայաստանը դրան այնպես է արձագանքել, կարծես թե պատերազմ էր սկսվել։ Նա նաև նշել է, որ Հայաստանն է նախահարձակ եղել ապրիլյան պատերազմին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Այդ հարցազրույցը, իրոք, շատ հետաքրքիր է և ևս մեկ անգամ շատ բաներ է բացահայտում Ադրբեջանի վերաբերյալ։ Նախևառաջ, եթե այլ ռազմական գործիչ լիներ Զաքիր Հասանովի կամ Իլհամ Ալիևի փոխարեն, պետք է հիմա ինքնասպան լիներ։ Նրանք երևի չեն նայել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ խորհրդային, գերմանական կամ այլ երկրների զորավարներ կրելով այսպիսի պարտություններ, այդքան զոհ տալով, չեն կարողացել իրենց վրայից հանել բարոյական պատասխանատվությունը և ինքնասպան են եղել։ Բայց մենք տեսնում ենք, որ ինքնասպան լինելու փոխարեն Ադրբեջանում շարունակում են թալանել սեփական ժողովրդին և սպանել սեփական քաղաքացիներին։

Սա ավելի շուտ բարոյական հայտարարություն է, քան ռազմական։ Նախևառաջ Ադրբեջանը պատրաստվում էր բլիցկրիգի և իր բոլոր ռեզերվները պատրաստում էր հաջողության դեպքում ծավալվելուն, այսինքն՝ ողջ բանակն էր այնտեղ։ Երկրորդ՝ մենք նույնպես մեր ամբողջ զորքերը չենք օգտագործել, ավելին ասեմ, 100-տոկոսանոց, տոտալ մոբիլիզացիա չի եղել մեզ մոտ։ Սա հիշեցում պարոն Հասանովին։ Եվ վերջապես, խնդիրն այն է, որ պարոն Հասանովը և ընդհանրապես Ադրբեջանում վաղուց փորձում են անընդհատ իրենց սխալները բարդել այլ երկրների վրա։ Հիմա նա ասում է, որ իրենք կհաղթեին, որ վերջին պահին զանգել է Ռուսաստանի Դաշնությունը։ Այդ հեքիաթները մենք վաղուց ենք լսել։

Նրանք Արցախյան առաջին պատերազմն էլ են փորձում բարդել ինչ-որ երկրների վրա, մասնավորապես, ռուսական բանակի վրա, այն դեպքում, երբ ռուսական բանակը պատերազմին մեր կողմից և Ադրբեջանի դեմ չի մասնակցել, ընդհակառակը, Խորհրդային Միության վերջին տարիներին, եթե վերցնենք Հյուսիսային Արցախի հայաթափումը, հենց խորհրդային բանակի միջոցով են նրանք կարողացել այդ անմարդկային քաղաքականությունն իրականացնել։ Սա փաստ է։

Խորհրդային Միության նախագահ Գորբաչևի հանցավոր թույլտվության, ամենաթողության հետևանքով մենք կորցրեցինք Հյուսիսային Արցախը։ Հիմա էլ կրկին փորձում են այս ամենը բարդել երրորդ կողմի վրա։ Կա նաև անմարդկային միտք նրա հայտարարություններում։ Երբ Հասանովն անդրադառնում է այն փոքր գյուղին, որտեղ այդ փոքր երեխան սպանվեց, տեսեք չեմ ասում զոհվեց, որովհետև մենք գիտենք, որ դա ալիևյան կլանի մեղքն է, և ընդհանրապես, կան լուրջ հիմքեր փաստելու, որ այդ երեխան սպանվել է թալանի ժամանակ։ Պատահական չէ, որ որևէ պետություն իր հայտարարություններում, ցավակցություն հայտնելով երեխայի մահվան կապակցությամբ, իրոք, դա ցավալի երևույթ է, չի ասել, որ դա հայկական կողմի մեղքն է։

Հասանովը, խոսելով այդ գյուղի մասին, նա չի ասում, որ ցավում է, որ երեխա է զոհվել, նա ասում է, որ գյուղը ստրատեգիական նշանակություն չունի, չի ասում, որ բանակի հիմնական նպատակը բնակչության անվտանգության ապահովումն է, որովհետև նա չի մտածում այդ երեխայի մասին։ Նա մտածում է այլ խնդիրների մասին։ Այս ամենը շատ հետաքրքիր է, եթե վերլուծենք և տեսնենք իրական պատկերը Ադրբեջան կոչված պետության։ Իսկ հայկական կողմը երբեք չի ուրախացել երեխայի մահվան առթիվ և կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք ուրախանում են դրանով, մարդ կոչվելու իրավունք չունեն։

Պարոն Բաբայան, հիմա «Իսկանդերները» Արցախո՞ւմ են, թե ոչ։

«Իսկանդերն» այնքան կործանարար զենք է, որ կարող է Հայաստանի ցանկացած տարածքից խոցել ադրբեջանական ցանկացած թիրախ։ Հետևաբար, անհոգ եղեք, հայոց պետականությունը թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի հատվածում այդ տեսանկյունից ապահով է։ 

Ամենաընթերցվածը