Ինչու են դանդաղում հայ-իրանական նախագծերն ու տնտեսական կապերը

    • Հարցազրույց - 14 Հուլիսի 2017, 18:22
Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը

Վերջին շրջանում ինտենսիվացել են Իրանի կողմից ԼՂ խնդրին գնահատականները: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Մասնավորապես Իրանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հուլիսի 4-ին ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձություններին՝ նշելով, որ երրորդ կողմերը ցանկանում են նպաստել տարածաշրջանում լարվածության աճին:

Իրանի համար միշտ էլ անցանկալի է եղել իր սահմանների մոտ լարվածության օջախների առաջացումը: Այժմ Իրանի գրեթե բոլոր հարևան երկրներում իրավիճակը այս կամ այն չափով անկայուն է, որն ուղղակի և անուղղակի անդրադառնում է նաև Իրանի վրա: Իրաքում, Աֆղանստանում, Քաթարում, Թուրքիայում տեղի են ունենում ռազմական բախումներ կամ պատերազմ, և Իրանի հյուսիսում ևս մեկ լարվածության օջախի առաջացումը, բնականաբար, մտահոգում է Թեհրանին: Հայաստանը և Ադրբեջանը միասին Իրանի հետ ունեն 660 կմ սահման, և իր սահմանների մոտ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում այդ երկրի շահերից: Դրա համար Իրանը փորձում է մեղմացնել լարվածությունը, զգուշացնում կողմերին, իսկ ավելի կոնկրետ Ադրբեջանին, որ երրորդ երկրների միջոցով տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելn անթույլատերի է:

Իրանի էներգետիկայի փոխնախարարի հետ քննարկվել է «Մեղրի» ՀԷԿ-ի նախագիծը: Խոսվել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի, գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների ծրագրի մասին: Հայաստան-Իրան ծրագրերը մինչև ո՞ւր կարող են խորանալ, որքանո՞վ դրանք կյանքի կկոչվեն, որքանով Ռուսասատանը չի խոչընդոտի:

Հայաստանը ներկայում Իրանի հետ փորձում է կյանքի կոչել մի շարք էներգետիկ նախագծեր, և կարծես թե մեր երկրի իշխանությունները Իրանի հետ էներգետիկ նախագծերն իրականացնելու համար վարում են դրանք Ռուսաստանի շահերի հետ զուգամիտման քաղաքականություն, որպեսզի այդ նախագծերը չհակասեն, այլ բխեն Ռուսաստանի շահերից: Այս տեսանկյունից Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման համար խոչընդոտներ չկան. Ռուսաստանը դեմ չէ դրան, քանի որ դա ՀՀ-ով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներ ապահովելու հնարավորություն է տալիս: Նախատեսվում է, որ մոտակա ժամանակներս այդ նախագիծը վերջնականապես կյանքի կկոչվի: Իսկ ահա «Մեղրի» ՀԷԿ-ի հարցով իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, քանի որ դեռևս 2012թ. էր տեղի ունեցել ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքի արարողությունը, սակայն այնտեղ մինչև այժմ էլ լուրջ աշխատանքներ կարծես թե չեն արվում: Նախատեսվում էր, որ իրանական կողմը ամբողջությամբ իր միջոցներով կկառուցի 2 ՀԷԿ-եր, մեկը Հայաստանի, մյուսը` Իրանի տարածքում և 15 տարվա ընթացքում այդ ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան կտեղափոխվի Իրան, իսկ դրանից հետո Հայաստանն ինքը կտնօրինի Մեղրիի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան: Թե ինչու իրանական կողմը չի կառուցում այդ ՀԷԿ-ը` պարզ չէ, մեր էներգետիկ ոլորտի պաշտոնյաների կողմից նորմալ բացատրություն չի տրվում:

Էնեգետիկայի նախարարը հայտարարել է, որ Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի հարցում դեռ մի շարք խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Նա նաև նշել է, որ նախագիծը կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում չկա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիրներ են խոչընդոտում, որոնց մասին նախարարը նշել է՝ չմանրամասնելով:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստան-Իրան երկաթգծի նախագիծը ավելի շատ քաղաքական, քան տնտեսական նախագիծ է: Այն իրականություն չի դառնում, որովհետև տնտեսապես շահավետ չէ 3-4 մլրդ դոլար ներդնել մի նախագծի մեջ, որը համապատասխան ֆինանսական շահույթներ չի բերելու ներդրողներին: Հայաստանի իշխանությունները փորձեցին այդ նախագծի իրականացման համար ներգրավել ԵՏՄ-ին, մասնավորապես այդ հարցը ԵՏՄ գագաթնաժողովներից մեկի ժամանակ բարձրացրեց Սերժ Սարգսյանը, չինական ընկերություններին, բայց ապարդյուն: Ոչ ոք առայժմ մտադիր չէ ներդրումներ անել մի նախագծի մեջ, որի ֆինանսական արդյունավետությունը կասկածելի է:

Փորձագետները նշում էին, որ Իրանի պատժամիջոցները հանելուց հետո հայ-իրանական հարաբերություններում բեկում կլինի: Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ այդ բեկումը չկա, ավելին, Իրանն ավելի շատ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանի հետ, քան Հայաստանի: Որտե՞ղ ենք թերացել, ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել հարաբերությունները զարգացնելու համար:

Իրականում հայկական ապրանքների մուտքը Իրան խիստ սահմանափակ է, քանի որ մեր հարևան երկիրը վարում է հովանավորչական տնտեսական քաղաքականություն, պաշտպանում է իր արտադրանքը և դժվարացնում օտարերկրյա ապրանքների մուտքը իրանական շուկա: Բացի դրանից, մեր կողմից արտահանվող ապրանքների մեծ մասը հետաքրքիր չէ իրանական կողմին: Օրինակ` Հայաստանը արտահանում է կոնյակ, գինիներ, սակայն, Իրանում, կրոնական նկատառումներից ելնելով, արգելվում է ալկոհոլային խմիչքների ներմուծումը: Նույնը նաև հակառակ պարագայում` իրանական ապրանքների մեծ մասը հետաքրքիր չեն Հայաստանի համար: Բացի դրանից, երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում մեծ խոչընդոտ են երկկողմ բարձր մաքսատուրքերը: Հուսով եմ մինչև տարեվերջ ԵՏՄ Բարձրագույն Տնտեսական Խորհուրդը և Իրանը համաձայնության կգան ազատ առևտրի ռեժիմի կնքման հարցում, որի դեպքում կզրոյացվեն մաքսատուրքերը: Հուսով եմ մինչև տարեվերջ կյանքի կկոչվի նաև Սյունիքի ազատ տնտեսական գոտու նախագիծը: Եթե այս նախագծերը իրականացվեն, ապա երկու երկրների տնտեսական հարաբերություններում դրական մեծ առաջընթաց տեղի կունենա: Շատ կարևոր է, որ Հայաստանը վերջապես սկսի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու՝ Սյունիքի և Վայոց Ձորերի հատվածի կառուցումը, որի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ իրանական ապրանքների համար տարանցիկ երկիր: Սակայն, չգիտես ինչու, ճանապարհի այս հատվածների կառուցումը նույնիսկ չի էլ սկսվում: 

Ամենաընթերցվածը