Ավագանու հանգույցը վաղուց բացված է. Վանաձորի քաղաքապետ

    • Հարցազրույց - 14 Հուլիսի 2017, 09:39
Մեր զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը

Պարոն Ասլանյան, մամուլը գրել է, որ Լոռու մարզում ամեն բան տեղի է ունենում միայն մարզպետի «դաբրո»-ով, որ առանց նրա հավանության՝ ոչինչ չեք կարողանում իրականացնել քաղաքում։ Ինչպե՞ս են Ձեր և մարզպետի հարաբերությունները։

Մարզպետը և կարգին ղեկավար է, և լավ ընկեր։ Նա որևէ անգամ իմ աշխատանքային պրոցեսին խառնված չկա։ Նա իր գործառույթներն է կատարում, և եթե պետք է լինում, բնականաբար, որպես մարզի ղեկավար, քաղաքական թիմի ղեկավար, կարող է նաև ղեկավար ցուցումներ տալ, բայց նման մանր, էժանագին բաները իրականությանը որևէ կերպ չեն համապատասխանում։ Մենք փայլուն հարաբերությունների մեջ ենք՝ և մարդկային, և գործնական։ Որևէ խնդիր մեր միջև չի եղել և խոստանում եմ, որ չի լինելու։ Ովքեր ցանկանում են դա տեսնել, չեն տեսնելու։ Ամեն մեկս կատարում է իր գործառույթները, իսկ մարզպետը մարզի ղեկավարն է և իրավունք ունի և համայնքնապետերին, և մարզում գործող հիմնարկ-ձեռնարկություններին կոորդինացիոն ու ղեկավար առումով ցուցումներ ու խորհուրդներ տալու, նաև ժողովներ անցկացնելու։

Վանաձորում «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» շարունակում են բոյկոտել ավագանու նիստերը։ Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը։

Ես ավագանիների խնդրին վաղուց չեմ անդրադառնում, որովհետև քաղաքը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, քան անբան մարդկանց անբան հայտարարություններին անդրադառնալը։

Այսինքն՝ նրանք անբան մարդի՞կ են։

Դե եթե մարդիկ պետք է իրենց գործով զբաղվեն, բայց չեն զբաղված, բնականաբար, անբան են, անգործության են մատնված։

Ավագանում  օժանդակություն  Դուք այդպես էլ չունեցաք։

Ես ունեմ ժողովրդի օժանդակությունը, ես ժողովրդի քվեն եմ ստացել, և այդ քվեն իրացնում եմ։ Ժողովուրդը հոկտեմբերի 2-ին ուղիղ ընտրությամբ ինձ ձայն է տվել։ Ես բացարձակ մեծամասնությամբ, առավելագույն ձայներով անցել եմ և հոկտեմբերի 10-ին էլ ժողովրդի քվեով ընտրված ավագանիների գերակշիռ մասն է ինձ ձայն տվել։ Հետևաբար, այդ շահարկումները չգիտեմ ինչ կարգի են դասվում։ Ես այլևս նման հայտարարություններին, կոչերին չեմ անդրադառնում, ես զբաղված եմ քաղաքի խնդիրներով։

Իսկ իշխանությունները գո՞հ են Ձեր աշխատանքից։

Բայց ինչո՞ւ պետք է իշխանությունները գոհ լինեն, իշխանության մի մասն էլ մենք ենք։ Նախ մենք պետք է գոհ լինենք, նոր հետո իշխանությունները։

Գո՞հ եք ձեր աշխատանքից։

Մենք դեռևս գոհ չենք, որովհետև քաղաքում կուտակված շատ խնդիրներ կան, և այդ խնդիրների լուծման ճանապարհն ենք մենք անցնում։ Հետևաբար, այս պահին շատ սխալ կլինի ասել՝ մենք գոհ ենք մեր աշխատանքից։ Քայլեր արվում են, այդ քայլերը դեռևս բավարար չեն, որպեսզի ինչ-որ լավ արդյունք այս պահին արձանագրենք, որովհետև և տնտեսության, և քաղաքի վիճակն այնքան բարվոք չէ, որ մենք կարողանանք այս պահին հայտարարել, թե գոհ ենք մեր աշխատանքից։ Դա սխալ հայտարարություն կլինի։

Որոշ ժամանակ առաջ նշվում էր, որ ավագանու հետ կապված այդ հանգույցը կբացվի, խնդիրը լուծում կստանա։

Ավագանու հանգույցը վաղուց բացված է, ավագանու նիստերը մենք գումարում ենք, արդեն 4 նիստ ենք գումարել։

Բայց առանց ընդդիմադիրների եք գումարում։ Ավագանիների մեծ մասը չի մասնակցում։

Դա արդեն ընդդիմադիրների խնդիրն է։ Ավագանու նիստերը բաց են, նախապես նիստերի մասին հայտարարվում է։ Դրանք բաց են և լրատվամիջոցների, և առավել ևս ավագանու անդամների առջև։

Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու անդամները ցանկություն չե՞ն հայտնել մասնակցել նիստերին։ Դուք կուլիսների հետևում նրանց հետ որևէ խոսակցություն ունեցե՞լ եք։

Ես ներկայացնում եմ Հանրապետական կուսակցությունը, ինձ ինչո՞ւ եք հարցնում «Հայկական վերածնունդի» մասին։

Դե որովհետև հիշում ենք, որ հենց ընտրության օրը դուք գրկեցիք Հեղինե Բիշարյանին, կարծեք դրանով շնորհակալություն էիք հայտնում Ձեր ընտրության համար։

Դա արդեն մեկ տարվա վաղեմություն ունի, ես վաղուց դա մոռացել եմ, ես նայում եմ առաջ, քաղաքի խնդիրները լուծելու ճանապարհին եմ, չեմ ուզում անդրադառնալ ընտրական կամ հետընտրական գործընթացներին ու զարգացումներին։ Մենք կանաչապատման, ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացնում, այնպես որ եկեք սպասենք ավելի լավ արդյունքների, իսկ այն մարդիկ, որոնք ընդամենը չարախոսության, չարախնդության համար են, նրանց համար Վանաձորը ոչ թե բնակավայր է, այլ կռվի դաշտ։ Ինձ համար Վանաձորը շարունակում է մնալ փոքր հայրենիք։

Ամենաընթերցվածը