Խնդիրը թողնվել է ռուսական պետության քայքայման հաջորդ փուլին. պետք է դրան պատրաստ լինենք

    • Հարցազրույց - 13 Հուլիսի 2017, 20:30
Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո կարելի՞ է ակնկալել սահմանի լարվածության նվազում, թե՞ պետք է սպասել Բաքվի կողմից ռազմական նոր սադրանքների։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը։

Երկու նախարարների հանդիպումից ղարաբաղյան հարցի լուծման առումով որևէ արդյունք անիմաստ է սպասել։ Նրանք այդպիսի լիազորություն, այդպիսի իրավունքներ, այդպիսի տեսակարար կշիռ չունեն։ Նրանք չեն «ղարաբաղյան խնդիր» կոչվածի հեղինակները։ Ղարաբաղյան խնդիրը, ընդհանրապես, Հայկական հարցն առաջացել է Օսմանյան կայսրության և ռուսական իմպերիայի փլուզման ժամանակ: Դա քննարկվել է Վերսալյան կոնֆերանսում, Սևրի պայմանագիրը ձևակերպելու ժամանակ, հետո քննարկվել է Լոզանում։ Դրանից հետո այն քննարկվել է Յալթայում և Պոտսդամում։ Եվ վերջին հաշվով ղարաբաղյան հարցը քննարկվել է Ռեյկյավիկում և Սովետական Միության քայքայումից հետո ավտոնոմ մարզերի կարգավիճակը քննարկելու ժամանակորոշում է կայացվել, որ նախևառաջ հարկավոր է սառը պատերազմում պարտված ռուսական իմպերիայից պոկել, ինքնորոշման իրավունքով ազատել սովետական հանրապետությունները, իսկ ինքնավար մարզերը, ինքնավար հանրապետությունները թողնել ռուսական պետության քայքայման հաջորդ էտապին։

Տեսեք, թե ինչքան բարդ է ղարաբաղյան հարցը, և այն չի կարող Ադրբեջանի և Հայաստանի որևէ պաշտոնյայի քննարկման արդյունքում լուծում ստանալ կամ փոփոխվել ստատուս քվոն։ Սա իմպերիայի լիկվիդացիայի հետ կապված խնդիր է, և դա կապված է թաթարական հանրապետության, կովկասյան հանրապետությունների, ընդհանրապես ազգային փոքրմասնությունների ինքնավարության հետ: Ղարաբաղի հարցն այս մեծ շրջանի մեջ է, բայց կարող են լինել և դեպքեր, եթե մենք հանձնվենք, չդիմանանք, չունենանք խոհեմություն, կամք, չունենաք քաջություն, անձնազոհություն, կարող ենք և Ղարաբաղը հանձնել, և Արմավիրի մարզը Էջմիածնով հանձնել։

ԼՂ խնդրի լուծումը երկու բանալի ունի՝ մեկը Օսմանյան Թուրքիայի ժառանգորդի՝ Էրդողանի, մյուսը՝ Սովետական Միության ժառանգորդ պուտինյան Ռուսաստանի ձեռքում է: Այսինքն՝ Մամեդյարով, Նալբանդյան, Արշակյան… մեր ձեռքում չէ բանալին, բանալին նրանց մոտ է, և նրանք պետք է լուծեն այդ հարցը: Դիվանագիտական լուծման բանալին նրանց մոտ է, իսկ ռազմական լուծումը, իրական լուծումը մեր զինվորների սվինների վրա է:

Թրամփի ու Պուտինի հանդիպումից հետո, ըստ փորձագետների, հնարավոր է Ռուսաստանի հանդեպ ճնշումն ուժեղանա, և հնարավոր է «մեծ պայթյուն» Ռուսաստանում։  Եթե այդ պայթյունը լինի, ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստանը։

Ընդհանրապես խառնակ և մշուշոտ ժամանակներում փոքր պետությունների, փոքր ազգությունների վիճակը ծանրանում է, որովհետև արջերը կարող են վնասել փոքր երկրներին: Իհարկե, վտանգավոր է, աշխարհում քաոս է, գերտերությունները զբաղված են մեծ պրոբլեմներով, փոքր ժողովուրդների անվտանգության հարցը անպայման բարձրանում է, և իհարկե մեզ վտանգ է սպառնում, և վտանգ է սպառնում ոչ միայն այն պատճառով, որ գլուխները խառն է, այլ նաև այն պատճառով, որ Ռուսաստանը գնում է դեպի բռնապետություն։ Բռնապետական Ռուսաստանը, անազատ Ռուսաստանը վտանգավոր է և ռուս ժողովրդի համար, և այնտեղ ապրող այլ ժողովուրդների համար, ինչպես նաև հարևանների։

Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, Պուշկինի «Ոսկե ձկնիկին» կարող եմ հիշել. երբ ռուսները խառնվում էին Հայաստանի ընտրություններին, նախկին Սովետական Միության տարածքում իրենց դրածոներին էին նշանակում որպես ղեկավար, պատգամավոր, ներկայացուցիչ, նույնիսկ սպորտսմեն դոպինգով և դեմպինգով: Այդ ժամանակ աշխարհը մատների արանքով էր նայում, մինչև որ Ուկրաինայում տիկին Նուլանդը սկսեց «բլիթներ» բաժանել: Այսինքն՝ Ուկրաինայում Ամերիկան ցույց տվեց, որ կա սահման, որն անցնում է  Ռուսաստանը: Հասկացրեցին, որ Ուկրաինան իր ազդեցության տարածքը չէ, այլ Ուկրաինայի ժողովրդի, որ Ուկրաինան հարգարժան պետություն է, որովհետև այդ երկրի ժողովուրդը պետք է ինքն ընտրի իր նախագահին: Նրանք արդեն ոչ միայն Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի ընտրություններին էին մասնակցում, այլ որոշեցին այնտեղ՝ օվկիանոսների թագուհուն փոխել, այսինքն՝ իրենք կանգնելու են տաշտակի առջև: «Ոսկե ձկնիկի» տատիկն ստանալու է իր ճաքած տաշտակը, համը հանել է: Ամերիկան դա չի ների: Ամերիկան, վերջին հաշվով, ազատության դրոշակակիրն է, և եթե ԱՄՆ նախագահն էլ պետք է լինի դրածո, կիսաբռնապետական երկրի ամբիցիոզ, անհաջող, ձախողված, հնացած իմպերիայի դրածո, ուրեմն պետք է երկրագնդից հեռանալ, իզուր էր քաղաքակրթությունը: ԱՄՆ-ն դա չի ների, Ռուսաստանը ունենալու է շատ լուրջ պրոբլեմներ, և մենք պետք է դրան պատրաստ լինենք: Արդեն այսօր հայտարարել են, որ ԵԱՏՄ-ում առևտրի պայմանները մեղմանում են, զուգահեռ առևտուր կարող է լինել: Այսինքն՝ արդեն հետողորմյա է գնում: Այս տարի աշնանը Ռուսաստանը պետք է 60 միլիարդ դոլարի պարտք փակի, իսկ նա տնտեսություն չունի, ունի լուրջ պրոբլեմներ, և այդ պրոբլեմները մենք չենք առաջացրել: Ինչպես ասում են՝ ինքն էլ թող իր հարցերը լուծի, նրանք բարդ ժամանակներ են ապրում:

Ռուսաստանը վերջերս զենքի հերթական խմբաքանակը փոխանցեց Ադրբեջանին, այդ թվում՝ հեռահար հրթիռներ։ Հայաստանը չպե՞տք է կոշտ արձագանքեր դրան։

Իսկ ո՞վ պետք է արձագանքի, Հայաստանի իշխանություննե՞րը: Նրանք ինչպես կարող են գնահատել, նրանք դա չեն կարող հասկանալ, եթե հասկանում էլ են, ծպտվում են: Ռուսաստանն ընդհանրապես մեր ռազմավարական դաշնակիցը չէ, մենք նրանց վասալն ենք, նրանք մեր շահերը հաշվի չեն առնում, նրանք դրա մասին չեն էլ մտածում: Իսկ մեր՝ Հայաստանի, կողմից, ովքե՞ր պետք է ըմբոստանան՝ կալվածատերե՞րը, որ իրենց կալվածքներին կարող է վտանգ սպառնալ: Նրանք այդքան խելք և քաջություն չունեն: Հայաստանի իշխանությունները Հայաստանին չեն ծառայում, նրանք ծառայում են իմպերիային, նրանց հատուկ հերթով, ցուցակով ընտրել են, անուն առ անուն ընտրված են: Այս հարցը նրանց չի հետաքրքրում, և նրանք չեն կարող այդ հարցը բարձրացնել:

Ռուսաստանում հնարավոր պայթյունը, փոփոխությունները կարո՞ղ են Հայաստանում իրական փոփոխությունների համար հիմք հանդիսանալ:

Անպայման: Այնտեղից փոփոխությունները գալու են Հայաստան, ճիշտ այնպես, ինչպես 1917 թվականին: Հենց որ սուզերենը թուլացավ, այստեղ վասալները թուլանալու են: Այստեղ պատասխանատվության հարց է առաջանալու ճիշտ այնպես, ինչպես պերեստրոյկայի ժամանակ, երբ կոմկուսն ու ԿԳԲ-ն թուլացան, Հայաստանում իշխանությունը խուճապի մատնվեց և հեռացավ: Բայց մի կարևոր բան կար. նոր իշխանությունը մեծահոգի էր, ներողամիտ էր, իշխանությունում գտնվող հակապետական հանցագործներին, հայ ինքնության դեմ մարտնչած իշխանավորներին չպատժեց, նույնիսկ գնահատական  չտրվեց այդ 70 տարվան: Գնահատական չտրվեց 1920 թվականի ռուս-թուրքական ագրեսիային, գնահատական չտրվեց Կարսի, Մոսկվայի պայմանագրերին, որովհետև այն իշխանությունը, որ եկավ Մոսկվայի թուլացած իշխանության հետևանքով, նախապատրաստված ռեզերվային իշխանությունն էր Հայաստանում, և նախորդ իշխանավորներին ներգրավեցին նոր իշխանության մեջ, ինչը շատ վատ հետևանքներ ունեցավ: Այս անգամ հանցագործները, նրանք, ովքեր պայքարել են հայկական պետության ուժեղացման դեմ, ապահովել են տնտեսական ճգնաժամ, նրանք, ովքեր մեր երկիրը վաճառել են, դա պետական դավաճանություն է, այդ գործիքները պետության դեմ են եղել, այս անգամ նրանք պատասխան են տալու: Եվ ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ բոլոր պետություններում այսօրվա արդեն ծայրագավառները՝ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում, այդտեղի իշխանությունները պատասխանատվության են ենթարկվելու:

Ամենաընթերցվածը