Ինչպես է առաջացել ավտոկայանատեղիների վճարի թանկացման խնդիրը

    • Հարցազրույց - 13 Հուլիսի 2017, 13:09
Մեր զրուցակիցն է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը

Պարոն Քեյան, Փարկինգ սիթի սերվիսը վարորդներին տեղեկացնում է, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100 դրամ` ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար և 24.2 դրամ ԱԱՀ: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել, երբ քաղաքապետարանից արձագանքում են, որ թող տերմինալներում  վճարեն, ով չի ուզում թող SMS հաղորդագրությունից չօգտվի։

Պետք է կառուցողական մոտեցում ցույց տանք, որ այս հարցը լուծվի, ընդհանուր հայտարարի պետք է գանք։ Այստեղ պետք է մեծ դեր խաղան օպերատորները՝ իրենց սակագները վերանայելով և իրենց գործի էությունը փոխելով։ Երբ փորձում ես հասկանալ՝ ինչ է կատարվում, այստեղ ավելի շատ շահույթ ստանում է օպերատորը։ Օպերատորները պետք է հարցի արդիական մոտեցում ցուցաբերեն և սակագները վերանայեն։ Կա նաև հարկման խնդիր, որը օպերատորների կողմից սխալ է կիրառվում։ Նույն հարցը բարձրացրել եմ օպերատորների մոտ, տեսնենք ինչ արձագանք կտան, և հորդորելու ենք, որ վերանայեն իրենց սակագները և անիմաստ ավելացումներ չլինեն։ Ինչ վերաբերում է տերմինալներին, քաղաքապետարանը տերմինալների մասով դեռ շատ անելիքներ ունի, որ պետք է  համապատասխան տարածքները կահավորի, իրենք էլ տեղյակ են, որ Երևան քաղաքի մի շարք հատվածներում նման տերմինալներ գրեթե գոյություն չունեն, և այդ դեպքում ինչպես են քաղաքացիները վճարելու։ Այսօր քաղաքապետարանը նման կարծիք էլ է արտահայտում, որ որտեղ դեռ չենք կահավորել, զերծ կմնանք տուգանելուց՝ մինչև համապատասխան կահավորանքը լինի։

Կարծում եք՝ կապի օպերատորները բիզնես շա՞հ են հետապնդում։ Նախորդ տարեվերջին  «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի ֆինանսական հոսքերի տօրինումն ու կառավարումն անցան քաղաքապետարանին։ Տեսակետ կա, որ փոխարենը վարորդների համար բեռի թեթևացում լիներ, ավելացնո՞ւմ են։

Մինանշանակ, բիզնես շահ է նրանց կողմից։ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը նախկինում առանձին կառույց էր, ինքն էր տնօրինում իր եկամուտները, իսկ հիմա քաղաքապետարանի բյուջե են գնում մուտքագրվող գումարները։ Քաղաքապետարանը այդ ծառայության դիմաց վճարումները չի կարողանում անել օպերատորներին, օպերատորներն էլ բավական մեծ գումարներ են պահանջում, այս ամբողջ ավելացումը օպերատորների ավելացումներն են, իրենց հարկերի, իրենց միջնորդաճարների գումարներն են, որը օպերատորը չի ուզում կորցնել, և ոչ էլ քաղաքապետարանն է ուզում իր բյուջեից այդ հատուցումները կատարել։

Beeline-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել են, որ իրենք կապ չունեն SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիների վճարի թանկացման հետ:

Այստեղ հարցը օպերատորների թանկացման խնդիրը չէ։ Քաղաքապետարանից իրենք միջնորդավճար են պահում 100 դրամի դեպքում մոտ 30 դրամ, քաղաքապետարանին տալիս էին 70 դրամ, հիմա քաղաքապետարանը ասում է, որ չի ուզում իր միջոցներից այդ հարկերը վճարել, ասում է՝ դուք ձեր հաշվարկն այնպես արեք, որ ես իմ 100 դրամը մաքուր ստանամ։ Սա նախկինում էլ է եղել, բայց նախկինում որպես առանձին կառույց՝ «Փարկինգ սիթի սերվիսը» ունեցել է հնարավորություն իր հաշվին այդ միջոցները և գումարները տրամադրել օպերատորներին, իսկ քաղաքապետարանը չի պատրաստվում իր միջոցներից տրամադրել, քանի որ ասում է՝ ես նման իրավասություն չունեմ այդ ծառայության դիմաց գումար վճարելու։

Պատասխանատվությունը քաղաքապետարանի վրա՞ է մնում։

Այո, պատասխանատվությունը քաղաքապետարանի վրա է մնում, բայց պետք է նշել, որ միջնորդավճարն էլ անհամեմատ բարձր է, իրենց մոտ սխալ է կատարվում ավելացված արժեքի հարկը։ Ըստ էության իրենք sms ծառայություն չեն վաճառում քաղաքացիներին, և այստեղ երկկողմ պայմանագիրը սխալ է կքնված։ Իրենք վճարահաշվարկային ծառայություն են մատուցում, որը ԱԱՀ-ով չի գանձվում, այսինքն՝ մայր գումարի՝ հարյուր դրամի վրա պետք է ԱԱՀ չկիրառվեր, բայց կիրառվում է, ինչը օպերատորների սխալն է։ Միանշանակ է, որ օպերատորները պետք է փոխզիջման գնան, վերանայեն իրենց գները, օրինակ՝ մեկ sms-ից 24 դրամ շահույթ ստանալը շատ մեծ շահույթ է, և պետությունն էլ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի, որ օպերատորները հաշվի նստեն պետության  հետ և միայն իրենց բիզնես շահը չհետապնդեն։ Որոշ դեպքերում թող իրենց բիզնես շահից հրաժարվեն՝ հօգուտ քաղաքացիների, քանի որ հենց այդ քաղաքացիների շնորհիվ է իրենց բիզնեսն այսօր գործում։ Այնպես չէ, որ այլ տեղերից են գումարներ ստանում, քաղաքացիներին ծառայություն են մատուցում, քաղաքացիներն էլ իրենց ծառայություններից օգտվում են, իրենք էլ եկամուտ են ստանում։ Եվ թող այս ծառայությունից ավելի քիչ միջնորդավճար ակնկալեն։

Վարորդներն այսօր ո՞ր տուգանքներից են ավելի շատ բողոքում, տեսախցիկների՞, արագաչափերի՞, թե կարմիր գծանշանների։

Արագության տուգանքներն այդքան շատ չեն, որքան նկարահանման, քաղաքապետարանի տուգանքների չափն այնպես չէ, որ քիչ են, երկուսն էլ շատ են, այսօր ՃՈ-ի կողմից արձանագրված խախտումներն ավելի շատ են, քան կարմիր գծերի կողմից արձանագրվածները։

Ամենաընթերցվածը