Այս ամիս ամեն ինչ կպարզվի

    • Հարցազրույց - 13 Հուլիսի 2017, 09:15
Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Պարոն Տեր-Թադևոսյան, նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը, կարո՞ղ ենք ասել, որ դա հերթական անպտուղ և անարդյունք հանդիպումն էր։

Ես նման հանդիպումներով չեմ հետաքրքրվում։ Այդ հանդիպմանն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և կարծես իրենց համար ամեն բան պարզ է։ Ես կարծում եմ՝ ամեն հանդիպում պետք է թեկուզ մի փոքր առաջընթաց արձանագրի, բայց հանդիպում են ու ոչինչ տեղի չի ունենում, ոչ մի արդյունք չկա դրանցից, ինչպես կրակել են, այնպես էլ շարունակում են կրակել։ Հիմա ամենակարևորն այն է, որ թեկուզ փոքր հրադադարի հասնենք, անգամ դա չկա հիմա:

Ռուսաստանը վերջերս զենքի հերթական խմբաքանակը փոխանցնեց Ադրբեջանին, այդ թվում՝ հեռահար հրթիռներ։ Հայաստանը չպե՞տք է կոշտ արձագանքեր դրան։

Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ելույթ է ունենալու, տեսնենք ինչ կասի։ Գուցե պետական մակարդակով հայտարարություն անի։

Իսկ հայկական կողմն ունի՞ «Սոնցեպյոկի» համարժեք հրթիռներ։

Այո, արդեն ունենք, մի քանի տեսակ ունենք, որոնց մի մասը մենք ենք արտադրում։ Այդ թվում արտադրում ենք նաև անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները բանակցությունների մասին ինչի՞ մասին են խոսում։ Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չի ընդունել հայկական պայմանները, իսկ բանակցային գործընթացը վերսկսվել է առանց նախապայմանների։

Իսկ ե՞րբ են Ադրբեջանն ու Հայաստանն ընդունել միմյանց պայմաններն ու առաջարկները։ Հենց սկզբից էլ կողմերը չեն ընդունել հակառակորդի մոտեցումները։ Ամենասկզբից էլ հակամարտության կարգավորման համար կա երկու տարբերակ՝ տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։ Այս երկու սկզբունքները ոչ մի կետում չեն հատվում։ Իսկ երկու կողմն էլ հավատարիմ է իր դիրքորոշմանը և մեկ քայլ անգամ չի նահանջում։

Շատ փորձագետներ նշում են, որ Ադրբեջանը գնալով ավելի է սրում իրավիճակը, որը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

Ես այդ տեսակետը չեմ կիսում, բայց մյուս կողմից լարվածությունը հասել է գագաթնակետին։ Շատ բան ցույց կտա այս ամիսը։ Հուլիսին տեղի ունենալիք իրադարձությունները ցույց կտան հետագա գործողությունների ընթացքը հակամարտության գոտում։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ պատերազմ չի լինի, բայց պատերազմի վտանգը միշտ պահպանվում է։

Պարոն Տեր-Թադևսյան, Դուք միշտ նշում եք, որ Ադրբեջանը չի գնա պատերազմի, քանի որ այդ երկրում կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք պատերազմի դեպքում կհայտնվեն մեր թիրախում։ Իսկ հնարավո՞ր է՝ ինչ-որ կետից ամեն ինչ փոխվի, և Ալիևը գնա իրական պատերազմի։

Ալիևը շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում։ Նա ասում է, որ ոչ թե Հայաստանի հետ է պատերազմում, այլ սեփական տարածքում։ Հիմա Ադրբեջանը այնպիսի քաղաքականություն է վարում, որ պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Ադրբեջանը վերջերս մի քանի լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրեց ու հիմա իրենց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե կայծակնային հարձակումով կարող են լուծել Ղարաբաղի հարցը, ինչպես ժամանակին դա փորձեց անել Վրաստանի նախագահը Հարավային Օսիայում։ Բայց Ղարաբաղի դեպքում դա չի անցնի, սա Հարավային Օսիան չէ և ոչ էլ հարավօսեթական հակամարտությունը։ Դրա համար ես կարծում եմ՝ պետք է սպասել մինչև ամսվա վերջ, երբ արդեն Ադրբեջանը կբացի իր բոլոր խաղաթղթերը և պարզ կլինի, թե ինչ է ուզում Ալիևը, ով է նրան աջակցում և այլն։ Ամենակարևորն այն է, որ Ալիևին չի պաշտպանում Ռուսաստանը։ Պատահական չէ, որ Մոսկվան հայտարարեց, որ Ղարաբաղի հակամարտությունը միայն չի վերաբերում Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանի վրա ամենամեծ ազդեցությունն ունի Թուրքիան։ Ինչպես Թուրքիան կպահի իրեն, դրանից կախված կլինի նաև Ադրբեջանի վարքը։ Այդ ամենի վրա ազդում են նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Մի խոսքով, շատ հարցեր կպարզվեն այս ամսվա ընթացքում։ 

Ամենաընթերցվածը