Մենք չենք կարող մեծ զիջումների գնով գնալ խաղաղության։ Դա կլինի պարտություն

    • Հարցազրույց - 19 Հունիսի 2017, 17:37
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ վերջին օրերին շփման գծում 4 զոհ ունեցանք։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը սրանով ցանկանում է հասնել նրան, որ փոխվի Մինսկի խմբի ձևաչափը։ Այս առումով մտահոգություններ ունե՞ք։

Մենք Ադրբեջանի դրած խնդիրներով չենք շարժվում, հիմա քննություն է ընթանում, դեպքերի հետ կապված ուսումնասիրությունները կավարտվեն, կլինեն պարզաբանումներ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, բնականաբար, պետք է այս ամենից հետևություններ անի։ Նախորդ անգամ արդեն Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական հայտարարություն էր արել։ Հիմա ստացվում է, որ Բաքուն այսպես է արձագանքում Մինսկի խմբի հայտարարությանը։ Մենք այդ հարցը դեռ չենք քննարկել, ուսումնասիրություններ են ընթանում։ Թե մենք, թե Մինսկի խումբը սրանից պետք է հետևություններ անենք։

Ապրիլյան պատերազմից հետո 1 տարուց ավելի է՝ խոսվում է սահմանը ավելի ապահովված լինելու անհրաժեշտության մասին, ու հիմա նորից նման դեպքեր են գրանցվում։ Ի՞նչն է պատճառը։

Ոչ ոք երաշխավորված չէ նման դեպքերից։ Սահմանի հսկողությունն ուժեղացված է ու վերազինված, բայց ոչ ոք երաշխավորված չէ, որ նման բաներ չեն լինի։ Ամեն ինչի պատասխանը տրվելու է։ Պատերազմն ավարտված չէ, թշնամին անկանխատեսելի է։ Որքան էլ մենք ժամանակակից տեխնիկայով վերազինենք մեր սահմանը, միևնույն է, նման դեպքեր կարող են լինել։

Շատերը նշում են, որ պետք է ընդօրինակել ահաբեկչության դեմ պայքարի այլ երկրների փորձը։

Ո՞ր փորձը նկատի ունեք։ Դուք եվրոպական երկրների փորձը վերցրեք, թե ինչպիսի ահաբեկչություններ են այնտեղ լինում, Իրանում տեղի ունեցած վերջին դեպքը վերցրեք։ Մենք բոլորս միացել ենք այդ պայքարին։ Բայց ինչպես «Իսլամական պետությունն» է անկանխատեսելի, այնպես էլ դրա մի տարրերից մեկը հանդիսացող Ադրբեջանն է անկանխատեսելի։ Մենք առայժմ պետք է զգոն ու պատրաստ լինենք ցանկացած նման տիպի երևույթներին պատասխան տալու։ Առայժմ մենք դա կարող ենք անել։ Մենք չենք կարող մեծ զիջումների գնով գնալ խաղաղության։ Դա կլինի պարտություն, և մենք դրան չենք գնա։

Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը, որպեսզի հասնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը։

Ադրբեջանի նպատակն իր հանրության ուշադրությունը ներքաղաքական իրավիճակից շեղելն է։ Ադրբեջանն ունի ներքաղաքական լուրջ խնդիրներ և նման լարումներ առաջացնելով փորձում է հանրության ուշադրությունը շեղել դրանից։ Դա շատ բացասական է անդրադառնում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման  վրա։ Դուք ավելի լայն եք մտածում, բայց ինձ թվում է իրականությունն այդքան լայն չէ, որքան դուք եք մտածում։

Սահմանին լարվածությունը հաջորդեց Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելությանը։ Հնարավո՞ր է, որ սրանով Բաքուն շանտաժի է դիմում։

Ադրբեջանը չի ենթարկվում ոչ միջազգային կանոններին, ոչ միջազգային պայմանագրերին, որոնց տակ ստորագրել է։ Բաքուն բանակցային փուլում ասում է մի բան, իր գործողություններով անում է մեկ այլ բան։ Ինձ թվում է, որ արդեն պետք է ոչ թե հասցեական հայտարարություններ արվեն, այլ միջազգային պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ։

Շատ փորձագետներ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսումը։ Ձեր կարծիքով, սահմանին լարվածությունը կաճի՞։

Դուք հարց եք տալիս, որի պատասխանը ես չգիտեմ։ Ենթադրություննե՞ր պետք է անենք, ժողովրդին ավելի լարվածության մե՞ջ պահենք, ասելով՝ այո, պետք է աճի լարվածությունը, կամ ոչինչ չի լինելու։ Նորից եմ կրկնում՝ թշնամին անկանխատեսելի է, ամեն ինչի պետք է պատրաստ լինենք։

Ամենաընթերցվածը