Չապրե՞նք մեր հայրենիքում

    • Հարցազրույց - 19 Հունիսի 2017, 09:25
Մեր զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը

Պարոն Կարապետյան, ապրիլյան պատերազմական գործողություններից հետո այս մեկ տարվա ընթացքում մեզ հետ զրույցում դուք նշում էինք, որ առաջնագիծն ամրացվել է, բայց հիմա երկու օրում 4 զոհ ունենք։ Սա ինչի՞ հետևանք է։

Զոհեր միշտ էլ կլինեն։ Ես հիշում եմ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էին, թե վթարներից քանի մարդ է մահացել։ Ըստ այդ տրամաբանության՝ մենք հիմա մեքենա չպետք է վարենք, բայց ես հենց հիմա մեքենայի ղեկին եմ ու ամառանոցից գնում եմ տուն։ Հիմա չգիտեմ՝ քշե՞մ, թե չքշեմ։ Նույնն էլ սահմանին է, մենք մեր ընտանիքները, մեր հայրենիքը պետք է պաշտպանե՞նք, թե ոչ։ Ուրեմն այդ պաշտպանության ընթացքում զոհեր էլ կլինեն։ Այլ բան, որ պետք է վերլուծել զոհերի քանակը, պարզել, թե ինչու են զոհվում, այդ հարցերին մեծ ուշադրություն դարձվի։

Իսկ որ ես ասել եմ և ասում եմ՝ գործ է արվել պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ, դա չի նշանակում, որ ամեն ինչ արված է։ Ես միայն ասում եմ, որ արվել է աշխատանք, որը չի կարելի չնկատել։ Իսկ անելիք դեռ շատ-շատ կա, հատկապես կառուցվածքային առումով։ Բայց բաներ կան, որ արվել են, բաներ կան, որ անգամ չուզենաս տեսնել, միևնույն է, աչքդ է մտնում։ Իհարկե, ամեն մի զոհի համար ես էլ եմ սգում, ես ինքս էլ որդիներ ունեմ, հայր եմ, ու ամեն մարդ իր վրա է պատկերացնում տեղի ունեցածը։ Բայց սա է իրականությունը, ես համոզված եմ, որ հարկավոր է ավելին անել, որ զոհերը քիչ լինեն, ընդ որում, հավատացեք, եթե ավելի շատ աշխատենք զինվորի հետ, կարողանանք լավ բացատրել իրավիճակը, իրենք էլ ցանկանան հասկանալ, ապա զոհերն ավելի քիչ կլինեն։ Այս դեպքում խոսքը ոչ թե զենք-զինամթերքի օգտագործման կամ ինժեներական աշխատանքների մասին է, այլ հենց զինվորների հետ աշխատանքի։ Անգլիական բանակի կանոնադրության մեջ գրված է, որ եթե դու սպանվել ես, մեղքը քոնն է։ Սա, իհարկե, չափազանցված բան է, բայց իմաստն այն է, որ եթե բոլոր կանոնները զինվորը, սպան պահպանեն, չխախտեն, ապա նրանց սպանելը գրեթե անհնար է։ Աշխարհում վիճակագրություն գոյություն ունի, ըստ որի 10 հազար կրակած փամփուշտից մեկ մարդ է զոհվում։ Այնպես չէ, որ ամեն կրակոցից մարդ է զոհվում։ Նմանատիպ հարցեր շատ կան, որ սովորական բնակիչը չգիտի, իսկ զինվորներն էլ դեռ երեխա են, ամեն բան մինչև վերջ չեն հասկանում։ Տարիներով բացատրում են, մինչև սկսում են հասկանալ, ժամանակ է անցում։

Այսօր Էջմիածնի տոնն է, մեր եկեղեցու տոնն է, որը ես միշտ նշում եմ և հոգու խաղաղություն մաղթում։ Լավ կլինի, եթե ամբողջ ժողովուրդը նշի, նաև բանակը նշի, որովհետև կյանք տվողը, կյանք վերցնողը, մեզ պաշտպանողն Աստված է։ Ամեն բան Աստծո կամոք է լինում, մեր գործունեությամբ և Աստծո կամոք։ Մենք պետք է ուզենանք, պետք է չարչարվենք, զոհաբերենք ամեն ինչ, պարտադիր չէ մենք զոհվենք, կարող ենք ժամանակը զոհաբերել, գումար զոհաբերել։ Երբ Աստված տեսնում է, որ դու ուզում ես՝ տալիս է։ Դրա համար այս տոները պետք է նշել ուրախությամբ ու սրտով։ Սա չի նշանակում, որ դիրքերը թողնենք, գնանք եկեղեցի։

Ի վերջո, սահմանին ու շփման գծում այս լարվածություն ինչի՞ կարող է հանգեցնել, հնարավո՞ր է պատերազմի վերսկսման հանգեցնի։

Ես բազմիցս ասել եմ, որ պատերազմ լինելու է, աշխարհով մեկ է լինելու։ Իսկ թե երբ է լինելու, ոչ մենք գիտենք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան։ Նույնիսկ պատերազմը պլանավորողները դա չգիտեն։ Դե հիմա, կլինի՝ կլինի։ Պատերազմ է լինելու նաև Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, այդ ամենը մենք տեսնելու ենք։

Ի դեպ, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քաղաքական կուսակցությունների ֆորումն էր տեղի ունենում Արցախում, երբ Հայաստանից պաշտոնյաներ, ԱԺ նախագահն էր Արցախում։

Ես դրանք չեմ կապում իրար հետ։ Լարվածություն ժամանակ առ ժամանակ լինում է և լինելու է։ Պատկերացրեք, հենց դուք դուրս եք գալիս բակ, ձեր հարևանը մի վատ արարք է անում։ Հիմա դուք չպե՞տք է տնից դուրս գաք, որովհետև ձեր հարևանը էշություն է անում։ Հիմա մեր հարևանի խելքը տեղը չի։ Այս խնդրի լուծումը մեկն է, պետք է հասնել Բաքու։ Ի վերջո, չապրե՞նք մեր հայրենիքում։

Ամենաընթերցվածը