ՀՀ-ն, ինչպես ուզում է գոտին ձգի, երկնիշ աճ պետք է ապահովի և կարող է ապահովել

    • Հարցազրույց - 17 Հունիսի 2017, 11:15
Մեր զրուցակիցն է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը

Պարոն Բոստանջյան, կառավարության ծրագիրը մյուս շաբաթ կբերվի ԱԺ։ ՀՀԿ խոսնակը ասել է, որ նախատեսում են տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 5-ամյա ծրագրով 25 տոկոս աճ, 12 տոկոսով գործազրկության նվազում: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, այն իրագործելի և հավակնոտ։

Տնտեսական զարգացման սցենարը հինգ տոկոս աճի տեսքով, հավատացնում եմ, ՀՀ համար արտակարգ բան չէ։ ՀՀ-ն, ինչպես ուզում է գոտին ձգի, երկնիշ աճ պետք է ապահովի և կարող է ապահովել։ Դրա համար բոլոր նախադրյալները կան։ Ըստ էության՝ մենք փոքր-ինչ դրական տեղաշարժի պարագայում էլ հինգ տոկոս և ավել կարող ենք ապահովել։ Հավատացնում եմ՝ եթե իրենք ամրագրում են հինգ տոկոս, նշանակում է էլի զգուշավորություն են հանդես բերում, հատկապես որ վաղը հանկարծակի իրենց գործունեության արդյունքում չասեն, որ իրենց նշաձողին չհասան։ Իսկ ես ասում եմ՝ տնտեսական առումով մենք գտնվում ենք այնպիսի տխուր, կոլապսային իրավիճակում, որ այդ պարագայում մեր ցանկացած զարգացում, ես իրական զարգացման մասին եմ ասում, ընդհուպ թույլ կտա մինչև անգամ գերազանցել տասը տոկոսը։

Կառավարության  կարճաժամկետ ծրագիրն այս ամիսներին տեսել ենք, հիմա երկարաժամկետ ծրագիրն է ներկայացվելու։ Հաշվի առնելով կառավարության ներկայացրած ծրագրերին Ծառուկյան դաշինքի դեմ քվեարկելը, ենթադրվո՞ւմ է, որ կառավարության ծրագրին էլ դեմ կքվեարկեք։

Անշուշտ, չեմ կարող կտրուկ հայտարարություն անել, մինչև խմբակցության կողմից ընդհանուր դիրքորոշում չլինի, բայց բոլոր պարագաներում դեմ լինելու ինստիտուտը, ըստ էության, գոնե իմ կտրվածքով չի եղել այնպիսին, որ ինքնանպատակ մի բան լինի։ Եվ եթե դեմ քվերակություն է  եղել, հավատացեք, որ դա մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ կենացանման խոսակցությունների ենք առնչվել, որը չի կարող կենսագործվել։ Եվ երբ կառավարության ծրագիրը ներկայացնեն, կծանոթանանք, հասկանալի է, որ մանրամասն չպետք է լինի ծրագիրը, բայց բոլոր դեպքերում հանրապետության համար չափազանց կարևոր ու առաջնահերթ խնդիրների վերաբերյալ պետք է նաև քաղաքական գնահատականներ ֆիքսեն այդ ծրագրում։ Եթե հանկարծ այդ գնահատականները չլինեն, կնշանակի էլի առնչվելու ենք բարի ցանկությունների հետ։

Այդ ծրագիրը կարճաժամկետ է, թե երկարաժամկետ, թողնենք մի կողմ, բայց ցանկացած երկրում պետությունն իր առջև ծառացած անհետաձգելի ու կարևոր խնդիրների վերաբերյալ ամրագրում է քանակական մակարդակներ՝ աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակի բարձրացում, ժողովրդագրական վիճակի բարելավում, ծնելիության աճ։ Դա իմ հայտնագործությունը չի, ամբողջ աշխարհում է այդպես։ Եթե դրանց վերաբերյալ քանակական ցուցանիշները չլինեն, կնշանակի գործ ունենք բարի ցանկությունների հետ, որոնք իրականանալու առումով  ջրի վրա գրված մի բան է ստացվելու։

Կարծում եք՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը նույնպես կձախողվի՞, ինչպես եղել է նախորդների դեպքում՝ հաշվի առնելով, որ բարի ցանկություններով տնտեսությունը չեն կարող առողջացնել, որ երբեմն վիրահատական միջամտություններ են պետք։

Անկախ նրանից, որ մենք հիմա ընդդիմություն ենք, բայց մենք մեր երկիրը սիրող մարդիկ ենք և չենք ուզենա, որ կառավարությունը ձախողվի։ Մեր ցանկությունն ու ձգտումը դա է։ Ձախողումը տեղի է ունեցել տարիներ շարունակ, և մենք հիմա վստահության սարսափելի դեֆիցիտի առջև ենք կանգնած, դրա համար էլ հիմա մտահոգություն ունենք, որ կարող է չստացվի։ Բայց, բոլոր դեպքերում, մենք ուզում ենք, որ ստացվի։

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ապրիլի 2-ի ընտրությունները կատարյալ չէին, ԿԸՀ-ն և դատական մարմինները պետք է դարձնել հանրային վստահություն վայելող կառույցներ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ անթույլատրելի է համարել ներքաղաքական հարցերին միջամտելու Սվիտալսկու փորձը։ Ինչպե՞ս եք գնահատում Պյոտր Սվիտալսկու գնահատականը և իշխանությունների արձագանքը։

Իհարկե, ես կիսում եմ Սվիտալսկիի գնահատականները։ Բոլոր դեպքերում, մենք գործ ունենք Եվրամիությունում բարձր պաշտոն զբաղեցնող մարդու հետ, որը երբևիցե չի կարող իմիջիայլոց խոսքեր ասել։ Սվիտալսկիի ասածներն իրականությանը համապատասխանում են և իրենց բնորոշ դիվանագիտական էթիկայի շրջանակներում հասկացնում են, որ ժամանակն է, նաև ցանկալի է քաղաքակիրթ հարաբերությունների ամրագրում, վստահության ինստիտուտի բարձրացում։ Եթե մենք կողմնապահ ռեժիմով չնայենք, դրանք շատ ցանկալի խորհուրդներ ու գնահատականներ են, որոնցից մենք պետք է եզրահանգման գանք։ Մենք կառաջնորդվենք ԵՄ դեսպանի խոսքով, թե չենք առաջնորդվի, նա այդ կապակցությամբ դարդ չի անի։

Ձեր կարծիքով, կա՞ արդյոք հակասություն Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան թևերի միջև։

Ես դա չեմ կարող ասել։ Առնվազն կարող եմ ասել, որ ձեր նշած անունների կտրվածքով իրենք ասում են, որ էդպիսի բան գոյություն չունի։ Իսկ կուլտուրան պահանջում է, որ մենք մեր կողմից բաներ չբստրենք։

Ամենաընթերցվածը