Եթե Սվիտալսկու ասածները չխոցեին իշխանություններին, անպատասխան կմնային

    • Հարցազրույց - 16 Հունիսի 2017, 18:55
Մեր զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

Պարոն Իշխանյան, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ապրիլի 2-ի ընտրությունները կատարյալ չէին, ԿԸՀ-ն և դատական մարմինները պետք է դարձնել հանրային վստահություն վայելող կառույցներ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ անթույլատրելի է համարել ներքաղաքական հարցերին միջամտելու Սվիտալսկու փորձը։ Ինչպե՞ս եք գնահատում Պյոտր Սվիտալսկու  գնահատականը և իշխանությունների արձագանքը։

Նախ նշեմ, որ Սվիտալսկու ելույթը բավական հավասարակշռված և ճշմարտություններ ասելու ելույթ էր՝ պահպանելով դիվանագիտական էթիկան։ Եվ այնտեղ ներքին գործերին խառնվելու որևէ խնդիր չկար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ն ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հետ միասին դիտորդություն է արել, և նա այդ դիտորդության արդյունքներին շատ լավ ծանոթ է։ Նրանք իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու։ Կրկնում եմ՝ բավական օբյեկտիվ և հավասարակշռված ելույթ էր։

Ինչ վերաբերում է իշխանությունների պատասխանին, ապա այդպիսի պատասխանը պատիվ չի բերում նրանց։ Ես կարծում եմ, որ եթե Պյոտր Սվիտալսկու ասածները ճշմարտություն չլինեին և չխոցեին իշխանություններին, թերևս անպատասխան կմնային։ Իմ կարծիքով՝ նման պատասխանը իշխանությունների կողմից ընդամենը խուճապի և թուլության նշան է։

Իշխանությունը նշում է, որ թեև կատարյալ ընտրություններ չէին, սակայն ավելի լավն էին, քանի երկու կամ հինգ տարի առաջ։ Համամի՞տ եք այդ պնդման հետ։

Այդ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ նրանք կարողացել են հասնել նրան, որ քվեարկությունը և ձայների հաշվարկը մեծ խնդիրներ չեն առաջացնում, ինչ մինչ այդ էին առաջացնում: Ընտրությունների ձևն է փոխվել, բայց բովանդակությունը՝ ոչ։ Իշխանությունն ասում է՝ որևէ ձևով մենք իշխանությունը չենք հանձնելու, պարզապես մեթոդներն են փոխվել, որ շատ ակնառու չլինեն ընտրակեղծիքները։ Մինչև քվեարկության օրն է կատարվում ամեն ինչ, որպեսզի քվեարկության հետ կապված խնդիրներ չլինեն։ Երբ որևէ երկրում ընտրություններին մասնակցում են ոչ թե քաղաքական ուժերը, այլ ընտրություններին մասնակցող կողմերից մեկը պետական լծակներով իրեն քաղաքական ուժ հռչակածն է, որն իրականում պետական լծակներ ունեցող պետություն է, և այդ դեպքում ինչ մեթոդներով է պետությունը իր պետական լծակներն օգտագործելով մնում իշխանության, դա արդեն տեխնիկայի հարց է։ Այդպիսի երկրում ընդդիմությունը որևէ շանս չունի։

Այն դեպքում, երբ նման կոշտ հայտարարություններ են հնչում իշխանության կողմից, չեն վերանայվում սխալները, հնարավո՞ր են ֆորս-մաժորներ։ Շատերը նշում են, որ ֆորս-մաժորները Հայաստանում անխուսափելի են, չեն բացառվում «Սասնա ծռերի» գործողությունների շարունակություն։

Չէի ասի՝ անխուսափելի կլինեն, բայց չեմ բացառում նման զարգացումը, սա ավելի ճիշտ ձևակերպում է։ Որովհետև ընդհանրապես երբ երկրում կանխատեսելիությունը խախտվում է, անտրամաբանական զարգացումները հնարավոր է հանգեցնեն այնպիսի զարգացումների, ինչպիսին կարող է լինել ապստամբությունը և այլն։ Դա բոլորովին չի բացառվում, որովհետև իշխանությունը նախորդ տարվա «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո որևէ եզրակացություն չարեց, ընդհակառակը, մտածեցին արդեն ճնշել են, ժողովուրդն արդեն հպատակ է դարձել, և շարունակում են նույնկերպ կառավարել, ինչ մինչև այդ։ Եվ եթե հասարակությունը դեռ վերջնականապես հպատակված չէ, ապա ամեն ինչ կարող է պատահել։

Անգամ այն դեպքում, երբ առաջիկա հինգ տարիներին ընտրություններ չկա՞ն, թե՞ կարող են լինել գործընթացներ, որոնք պայմանավորված չեն լինի ընտրություններով։

Ոչ մի բան բացառել չի կարելի։ Չի բացառվում, որ լինի ներքին հեղաշրջում, չի բացառվում, որ լինի ապստամբություն, չի բացառվում, որ լինի արտահերթ ընտրություն,  և չի բացառվում նաև, որ այս ճահճային վիճակը մնա, երբ արդեն հասարակությունը վերջնականապես հպատակեցվի և և այս վիճակը շարունակվի։ Դժվար է ասել, թե որ սցենարը կգործի։

Ինչո՞ւ ԿԸՀ-ի վրա շեշտադրում արեց Պյոտր Սվիտալսկին։

Միայն դրա վրա շեշտադրում չարեց, մի քանի կարևոր շեշտադրում արեց. Իմ կարծիքով՝ ամենակարևոր շեշտադրումը, որ արեց Սվիտալսկին, անկախ դատաիրավական համակարգի ստեղծումն է։ Կարծում եմ՝ անկախ դատաիրավական համակարգի հատվածը նրա ելույթի մեխն էր, գուցե նա այդպես չի մտածում, սա իմ կարծիքն է: Որովհետև եթե չունես իշխանության տարանջատում և անկախ դատաիրավական համակարգ, ապա այս իրավիճակը շարունակվելու է։ Սա ամենակարևոր կետն է, իսկ այս կետից հետո թերևս վստահություն առաջացնելու համար ԿԸՀ-ի կազմի փոփոխությունն է։ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, թող դա մեծամտություն չթվա, որ նախորդ տարվա քաղաքական ճգնաժամի ընթացքում 4-ի նախաձեռնությունը, որի անդամ եմ եղել նաև ես, մենք առաջարկել էինք հենց ԿԸՀ-ի կազմի փոփոխությունը, որպեսզի վստահություն ներշնչի հասարակությանը։

ԿԸՀ կազմի փոփոխությունը ի՞նչ կտա, երբ ընդունված է ասել, որ ամեն բան կանխորոշվում է Բաղրամյան 26-ում։ Եթե փոխեն անդամներին, միթե վստահություն կավելանա ընտրական գործընթացների նկատմամբ։

Փոխել ասելով մենք նկատի չունենք միայն մեխանիկական փոփոխություն, այլ ինստիտուցիոնալ փոփոխություն, որ նրանք չնշանակվեն նախագահի կողմից, պետք է այլ մեխանիզմներով ԿԸՀ կազմ ձևավորվի։

Ամենաընթերցվածը