Սերժ Սարգսյանն այնպիսի պաշտոն կզբաղեցնի, որը թույլ կտա խուսափել Մոսկվայի քմահաճույքներից

    • Հարցազրույց - 16 Հունիսի 2017, 09:08
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, թե Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը պնդում են, որ վարչապետի հրաժարականի պատճառ չկա: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այդ պատճառն առաջանա 2018-ին, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա: Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը 2018-ից հետո:

Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ամբողջապես վերահսկում է Հայաստանի քաղաքական դաշտը՝ թե ընդդիմությանը, թե իշխանական բոլոր ճյուղերին: Այս տեսանկյունից ներքաղաքական որևէ զարգացում անհավանական է թվում: Սակայն մնում է ֆորս մաժորային իրավիճակ ստեղծելու Մոսկվայի հնարավորությունը, և ըստ լուրերի, Կարեն Կարապետյանը կարող է լինել այս հնարավորության ագենտը: Թեև Սերժ Սարգսյանը հավատարմորեն ծառայում է Կրեմլին, սակայն Ռուսատանը կարող է էքստրա պահանջներ ներկայացնել, կամ պարզապես կամակորություն հանդես բերել: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է 2018-ից հետո այնպիսի պաշտոն ունենալ, որ նրան ապահովի լիակատար վերահսկողություն, սակայն կրկին ու կրկին ազատի ֆորս մաժորներից:

Միաժամանակ, նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը փորձում է երկրում զարգացումների քաղաքական պատասխանատվությունը դնել Ազգային Ժողովի վրա, իր ձեռքում պահելով իրավիճակի լիակատար վերահսկողությունը: Թե այս համադրությունը, վերը նշածին զուգընթաց, ինչ հանգրվանի կհասցնի Սերժ Սարգսյանին, դժվարանում եմ ասել, բայց մի բան ակնհայտ է՝ նա կզբաղեցնի այն պաշտոնը, որը կամենա, պարզապես լիակատար վերհսկողությանը կավելանա Մոսկվայի քմահաճույքներից խուսափելու և պատասխանատվությունն ուրիշների վրա գցելու մոդուլը:

Ի՞նչ եք կարծում՝ կա՞ արդյոք ներիշխանական՝ Սարգսյան և Կարապետյան թևերի պայքար:

Ես չեմ կարծում, թե կա Կարեն Կարապետյանի թև: Գազպրոմի մի քանի շատ հարուստ աշխատակցի ՀՀԿ ու կառավարություն մտցնելով՝ անմիջապես թև չի ստեղծվում: Այլ հարց է, որ Կարեն Կարապետյանի եղած ֆորմալ իշխանությունը Մոսկվան կարող է ինչ-որ պահի փորձել ծառայեցնել իրեն: Այնպես որ, թևերի փոխարեն երևի կարելի է խոսել ինչ-որ պաշտոններ զբաղեցնող մարդկանց մասին, որոնց X պահին կարելի ակտիվացնել, կրկնեմ, ֆորմալ անձերին իրական դարձնելու միտումով: Սա բարդ խաղ է թվում:

Ի վերջո, Կարեն Կարապետյանին ինչ-որ բան հաջողվելո՞ւ է կոռուպցիայի դեմ պայքարում, ներդրումների հարցերում, թե ամենը մնալու է խոստումների մակարդակում:

Բայց Կարեն Կարապետյանը ինչո՞ւ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ: Նա այդ պաշտոնին նշանակվել է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարելու, այդ եղած թրենդի մեջ իր կոռուպցիոն դրայվն ավելացնելու համար: Կառավարության ցանկացած որոշման մեջ գտեք, թե կոնկրետ որ օլիգարխը ինչքան փող ունի դրանից, և ինչու է վարչապետը նման որոշում ընդունում:

Ռուսաստանում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և վանկարկում են «Պուտինը գող է» կարգախոսը: Այս ակցիաները Ռուսաստանում լուրջ փոփոխությունների կհանգեցնե՞ն: Եվ դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ հաշվի առնելով տարածված այն դիտարկումը, որ Հայաստանում իրական փոփոխություններ կլինեն Ռուսաստանում լուրջ փոփոխություններից հետո:

Հայաստանում իրական փոփոխությունների համար Ռուսաստանի փոփոխությունները անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, իսկ ներքին համակարգը շատ կուռ է և կարող է դիմակայել նաև Ռուսաստանի փոփոխություններից հետո: Սակայն Ռուսաստանում փոփոխությունների հնարավորությունը նույնպես ակնհայտ չէ: Այսօր Նավալնին փողոց է հանում հազարավոր մարդկանց, բայց չեմ կարծում, որ նա կարող է ստեղծել և կառավարել Կրեմլում հեղաշրջման գործընթացը:

Սակայն մի կարևոր մեթոդական հարցի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել. «Պուտինը գող է» լոզունգը շատ ճշգրիտ, հարմար և մոբիլիզացնող լոզունգ է: Եթե մեր ընդդիմադիրները ընկալեն և աշխատեն այս լոզունգով, կարծում եմ, շատ ավելի մեծ հաջողությունների կհասնեն: Ժողովրդավարությունը, հայրենասիրությունը և նմանները գեղեցիկ են, բայց ոչ այդքան ուժեղ: Եթե քաղաքացուն հասցնեն այն ուղերձը, որ իշխանավորը գող է և գալիս է իշխանության գողության համար, ապա նա անգամ կարող է ընտրակաշառք չվերցնել, քանի որ չի ցանկանա տաս հազար դրամի դիմաց թույլ տա, որ իրեն թալանեն: