«Երեք մարդու անուն կտամ»

    • Հարցազրույց - 19 Մայիսի 2017, 13:55
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահի թեկնածու էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, ինչո՞ւ բոլորի համար անակնկալ ԱԺ նախագահի պաշտոնին ՀՀԿ-ն առաջադրեց Արա Բաբլոյանի թեկնածությունը, մինչդեռ շրջանառվում էին բոլորովին այլ անուններ, մասնավորապես՝ Ձեր անունը։ Մինչ այդ ՀՀԿ-ն խոսում էր սերնդափոխության, ավելի երիտասարդ կադրեր առաջ քաշելու մասին, ինչո՞ւ ընտրությունը կանգնեց ապաքաղաքական կերպարի վրա։

Նախ նշեմ, որ տարբեր անուններ շրջանառում էր ոչ թե ՀՀԿ-ն, այլ մամուլը։ Նաև իմ անունն էր շրջանառվում։ Դա բացարձակապես մամուլի շրջանառության թեմա էր, մեր կուսակցությունն այդ հարցը քննարկել է միայն նախօրեին և այդ քննարկման ժամանակ եղել է բացառապես Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Բնականաբար, այդ թեկնածությունը հանրապետության նախագահը քննարկել է նաև գործադիր մարմինի ներկայացուցիչների հետ։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ այս փուլում Արա Բաբլոյանի թեկնածությունը ճիշտ է, որովհետև նա բավական ուսյալ, բավական փորձառու, բավական պրոֆեսիոնալ անձնավորություն է։ Մարդ, որը փորձ ունի աշխատելու և գործադիրում, և օրենսդիրում, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Բաբլոյանը կարող է շատ լավ կազմակերպել աշխատանքը տարբեր խմբակցությունների հետ։

Լինելով ՀՀԿ խմբակցության անդամ՝ նա կարող է շատ ազատ աշխատել տարբեր խմբակցությունների հետ։ Ես չեմ ասում, որ այլ թեկնածուներ չեն կարող աշխատել։ Հաշվի ենք առել նրա փորձը, փորձառությունը, անցած ճանապարհը, նրա հեղինակությունը հասարակության մեջ և կանգնել իր թեկնածության վրա։ Ես շնորհակալ եմ իմ կուսակցությանը, շնորհակալ եմ հանրապետության նախագահին, որ երրորդ անգամ անընդմեջ ինձ վստահում են ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոնը։ Սա խոսում է այն մասին, որ իմ աշխատանքը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում գոհացնում է կուսակցությանը, գոհացնում է կուսակցության նախագահին, իսկ դա շատ բարձր վստահության պաշար է ինձ համար։ Ես երբեք չեմ փորձել առհասարակ տարբեր պաշտոններում հայտնվել։ Ես թիմային մտածելակերպ ունեցող մարդ եմ, ունեմ թիմի զգացում, և թիմի ղեկավարը որտեղ ինձ տեսնի, այնտեղ էլ կլինեմ։ Մեկ անգամ չէ, որ այդ մասին ասել եմ։

Փաստորեն ՀՀԿ-ում էլ են վերջին րոպեին որոշումներ կայացվում, ԱԺ նիստից մեկ օր առաջ։

Վերջին րոպեին չէ, քննարկման օրը նշանակված է եղել, մենք քննարկել ենք։ Սա եղել է կոլեգիալ որոշում։

Անդրադառնալով ինքնաբացարկի դիմումները հետ վերցնող պատգամավորներին՝ Ծառուկյանը հայտարարեց, որ «բզբզացողներ» կան՝ չմանրամասնելով, թե որ կողմից է այդ բզբզոցը։ Իշխանությո՞ւնն է այդ «բզբզացողը»։

Կարող եք դիմել պարոն Ծառուկյանին և պարզել, թե որտեղից են այդ «բզբզացողները»։ Հաստատ Հանրապետականում բզբզացողներ ու ծվծվացողներ չկան, և համոզված եմ, որ պարոն Ծառուկյանը հաստատ ՀՀԿ-ին նկատի չի ունեցել։

Այդուհանդերձ, «Ծառուկյան» դաշինքը վերահսկելի՞ ընդդիմություն է։ Դուք Ազգային ժողովում ինստիտուցիոնալ ընդդիմություն տեսնո՞ւմ եք։

Ես հույս ունեմ, որ և «Ծառուկյան» դաշինքը, և «Ելք»-ը կլինեն ինստիտուցիոնալ ընդդիմություն, դա է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը։

Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ հենց առաջին նիստի ժամանակ «ԵԼՔ» դաշինքը բոյկոտեց Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի ելույթները և չմտավ դահլիճ։

Դա իրենց իրավունքն է, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մեր ընդդիմությունը վեր կանգնի այդ ձևական ակցիաներից։ Նիստերին մասնակցելով կամ չմասնակցելով չի որոշվում՝ դու ընդդիմություն ես, թե ոչ։ Ես կարծում եմ, որ նրանք դեռևս ընտրական գործընթացների, ընտրական հնարքերի ազդեցության տակ են։ Ես եթե լինեի ընդդիմություն, այդպես չէի անի։ Ես չեմ կարծում, որ նման ակցիաներով է որոշվում՝ դու ընդդիմություն ես, թե ոչ։ Եթե այդպես է, կարող են ընդհանրապես նիստերին չգալ, քանի որ նիստը վարելու է Շարմազանովը, որը Հանրապետական կուսակցության ամենահանրապետական դեմքերից մեկն է։

Իր 1,5 ժամանոց ելույթում Սերժ Սարգսյանը ծավալուն հատված տրամադրեց նաև Արցախի խնդրի կարգավորմանը։ Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը բացեց փակագծերը, թե ինչ տարբերակ է դրված սեղանին՝ մանրամասն ներկայացնելով նաև Կազանյան փաստաթուղթը, քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին և Վարդան Օսկանյանին։ Ինչո՞ւ էր հիմա պետք  խոսել ԼՂ խնդրի կարգավորման մասին, ինչ-որ բա՞ն է տեղի ունեցել։

Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական մարմինն է, ԱԺ ամբիոնը Հայաստանի ամենաբարձր ամբիոնն է, և ո՞ր ամբիոնից, եթե ոչ Ազգային ժողովի, հանրապետության նախագահը պետք է խոսեր դրա մասին։ Ես կարծում եմ, որ թե առիթն է շատ կարևոր և շատ ճիշտ ընտրված, թե ելույթ ունենալու տեղը, վայրը, ժամը՝ ընտրություններից հետո բոլոր հարցերին պատասխան տալու համար։ Ես կարծում եմ, որ չկար ավելի հարմար տեղ այդ մասին խոսելու։ Եթե նույն բանն ասեր Մոսկվայում, ասելու էին՝ ինչու է Մոսկվայում ասում։ Եթե նույն բանն ասեր Վաշինգտոնում, կասեին՝ ինչու Վաշինգտոնում, եթե դա ասեր նախագահական նստավայրում, էլի հարցը հնչելու էր։ Ես կարծում եմ՝ամենաճիշտ ժամանակն ու ամենաճիշտ վայրն էր ընտրված, քանի որ մանավանդ խորհրդարանական համակարգում ՀՀԿ-ի դերն այս Ազգային ժողովում ամենամեծն է, խորհրդարանը երկրի հիմնական քաղաքական մարմինն է, Հայաստանի Հանրապետությունն Ազգային ժողովից ավելի բարձր քաղաքական ամբիոն չունի։

Առաջիկա մեկ տարում արագ զարգացումնե՞ր են սպասվում՝ հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, Մամեդյարովի, Հոգլանդի հայտարարությունները։

Պարոն նախագահը շատ հստակ խոսեց. մենք բանակցություններն արհեստական դանդաղեցնելու կողմնակից չենք։ Նա հստակ նշեց, որ հայկական կողմերը չեն բանակցությունները տորպեդահարողները։ Հայկական կողմերը բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են։ Նախագահը հստակ նշեց, որ դրա պատճառը Ադրբեջանն է, երկրորդ, երբ խոսում ենք փոխզիջման մասին, պետք է տարբերակենք, թե ինչ է փոխզիջումը, ինչ է միակողմանի զիջումը։ Մենք երբեք միակողմանի զիջումների չենք գնալու։ Սա, բնականաբար, շատ լավ առիթ է, որ երկրի նախագահը ներկայացնի այն իրականությունը, որ կա 1997 թվականի փաստաթղթի և այսօրվա փաստաթղթի միջև։ Շատ կարևոր էր, որ նա խոսեց նաև մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։

Նաև հիշեցրեց Վարդան Օսկանյանին, որ այդ փաստաթղթի հայրն էր, բայց կարծես թե հրաժարվեց դրանից։

Այո, և սրա մեջ ամենակարևորն այն է, որ պարոն նախագահը մեջբերեց Ալիևի խոսքերը, թե համանախագահները ճնշում են մեզ, որպեսզի ճանաչենք Արցախի անկախությունը։ Սա ամենակարևոր ցուցիչն է։ Եթե մեր հակառակորդ երկրի նախագահն ընդունում է, որ իր վրա կա ճնշում, այդ դեպքում ինչպե՞ս է հայկական դիվանագիտությունը հետընթաց արձանագրել։ Այդ իմաստով, կարծում եմ՝ սա հենց այն տեղն էր, որտեղ հանրապետության նախագահը պետք է ամբողջությամբ ներկայացներ թե տնտեսական, թե քաղաքական, թե արտաքին քաղաքական, թե անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ իր տեսլականը։

Սերժ Սարգսյանը խոսեց նաև արտագաղթից, սոցիալական ու տնտեսական ծանր վիճակից։ Եթե այս մեկ տարվա ընթացքում էլ Կարեն Կարապետյանին չհաջողվի տնտեսական զարգացման արագ տեմպեր արձանագրել, ինչպես չհաջողվեց նախորդ կառավարությանը, փոփոխության հարց կդրվի՞։

Այսպես թե այնպես, երբ ավարտվեն նախագահի լիազորությունները, կառավարությունը 2018 թվականին հրաժարական է տալու, և պետք է լինի նոր կառավարություն թեկուզ ֆորմալ առումով։ Թե այդ կառավարությունն ինչպիսի տեսք կունենա, ով կղեկավարի, ժամանակը ցույց կտա։ Մենք այսօր ապրում ենք 2017 թվականի մայիսին, և ես պատրաստ չեմ խոսել 2018-ի ապրիլյան զարգացումների վերաբերյալ։

Նոր Ազգային ժողովը տարբերվո՞ւմ է նախորդից, նոր շունչ կա՞ այստեղ։

Ամբողջությամբ մի նոր խմբակցություն է եկել, դուք տեսնում եք, որ նրանք ունեն իրենց աշխատանքի ձևը։ Նաև ՀՀԿ խմբակցությունում չկան 36 պատգամավորներ, որոնք կային նախկինում։ Ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել։ Ես պարզունակ համեմատություն եմ համարում, երբ ասում են՝ սա է լավը, թե նա։ Կարծում եմ՝ ամեն մեկն իր դերակատարումը պետք է ունենա։ Ես չեմ ուզում հետ նայել, մենք պետք է վերցնենք այն ամբողջ լավը, որ եղել է նախկին գումարման Ազգային ժողովում և առաջ շարժվենք։ Նախորդ գումարման ԱԺ-ում նաև ընդդիմության մեջ ունեցել եմ շատ լավ ընկերներ։ Իհարկե, շատ դեպքերում միգուցե ունեցել ենք գաղափարական բախումներ, բայց որ նրանք եղել են ու կան ՀՀ պետական շահերի պաշտպանը, ես մի գրամ չեմ կասկածում։ Եթե պետք է, կարող եմ նաև անուններ ասել, օրինակ՝ Հրանտ Բագրատյան, Թևան Պողոսյան, Ալեքսանդր Արզումանյան։ Էլի կան մարդիկ, պարզապես այս երեքին եմ առանձնացնում։ 

Ամենաընթերցվածը