Իրանում նախագահի ընտրություն է. Ինչ է սպասվում

    • Հարցազրույց - 19 Մայիսի 2017, 09:54
Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը

Այսօր Իրանում ընտրություններ են։ Հնարավո՞ր է արդյոք անկանխատեսելի արդյունք Իրանի ընտրություններում: Ո՞ր թեկնածուների միջև է հիմնական մրցակցությունը։

Իրանի նախագահի ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի գործող նախագահ Հասան Ռոուհանիի և Իրանի Մեշհեդ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարանային համալիրի ղեկավար Էբրահիմ Ռայիսիի միջև: Հաղթողի հիմնական ֆավորիտը գործող նախագահ Հասան Ռոուհանին է, ով ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների` պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսիից փոքր ինչ ավելի մեծ հաղթելու շանսեր ունի: Նախագահի մյուս թեկնածուները` Մոսթաֆա Հեշեմիթաբան և Մոսթաֆա Միրսալեմը, թեև չեն հանել իրենց թեկնածությունները, սակայն իրենց աջակցությունն են հայտնել, համապատասխանաբար, Հասան Ռոուհանիին և Իբրահիմ Ռայիսիին: Ինչ վերաբերում է Իրանի նախագահական ընտրությունների անկանխատեսելիությանը, ապա պետք է ասել, որ տեսականորեն հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ: Օրինակ` Իրանի նախորդ նախագահական ընտրություններին բոլորի համար անսպասելի էր, որ Հասան Ռոուհանին հենց առաջին փոլում հաղթեց պահպանողական թեկնածուներին: Այն ժամանակ կանխատեսվում էր, որ նախագահ կընտրվի երկրորդ փուլում:

Այս ընտրությունների արդյունքում վերափոխումները կշարունակվե՞ն, թե՞ տեղի կունենա հակառակը:

Իրանի նախորդ նախագահական ընտրությունները ժողովրդավարական առումով զգալի առաջընթաց էր` 2009թ. նախագահական ընտրությունների համեմատ: Հիշեցնեմ, որ 2009թ. տեղի ունեցած ընտրություններից հետ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել դրա արդյունքները, ընդդիմադիր հիմնական թեկնածու Միրհուսեյն Մոսավին իր կողմնակիցներին հանեց փողոց, և ոստիկանության ու ցուցարարների միջև տեղի ունեցան բախումներ, որի հետևանքով սպանվեցին մի քանի տասնյակ ցուցարարներ, իսկ ընդդիմադիր առաջնորդներից մի քանիսը ձերբակալվեցին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների ու հետընտրական զարգացումների, և կարծում եմ՝ այս ընտրությունները ժողովրդավարական առումով ևս մեկ քայլ առաջ են լինելու: Այս ընտրություններն ուշագրավ էին նաև այն առումով, որ առաջին անգամ Իրանի նախագահական ընտրություններին կին թեկնածուներ գրանցվեցին, չնայած Սահմանադրության Պահապանների խորհուրդը ի վերջո չհաստատեց նրանց թեկնածությունները: Դա նշանակում է, որ բոլոր հիմքերը կան, որ այս ընտրությունները հարաբերականորեն ամենաժողովրդավարական ընտրությունները կլինեն Իրանի պատմության մեջ:

Առաջիկա մեկ ամսում Վրաստանը կսկսի Իրանից գազ ներկրել: Ի՞նչ է սա նշանակում: Հարևան Վրաստանը Իրանի համար ավելի ցանկալի գործընկե՞ր է:

Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, իր առջև հստակ խնդիր է դրել դիվերսիֆիկացնել էներգակիրների ստացման աղբյուրները: Այդ դեպքում Վրաստանը կթուլացնի իր կախվածությունը ադրբեջանական գազից: Բացի դրանից, հարկ եղած դեպքում Թբիլիսին կարող է մանևրել և պահանջել, որ Ադրբեջանը գազը ավելի էժան գներով վաճառի իրեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է մեծացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Ինչպես ասում են, գնդակը մեր դաշտում է, և եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն հայտնեն, որ Իրանը ավելի շատ գազ մատակարարի Հայաստանին, ապա մեր հարավային հարևանը սիրով կմեծացնի գազի արտահանման ծավալները:

Իրանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշման կոշտացումը կարող է ի վերջո հանգեցնել նրան, որ չեղարկվեն նախկինում ձեռք բերված համաձայնությունները, որոնք մեծ հաշվով նաև Ռոուհանիի ջանքերի արդյունք էին: Հնարավո՞ր է Իրանի նոր վարչակազմը ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի:

Ես կարծում եմ, որ ամեն դեպքում նախկինում ձեռք բերված համաձայնությունները չեն չեղարկվի, քանի որ դա չի բխում ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ Իրանի շահերից: ԱՄՆ նորընտիր վարչակազմը փորձում է կոշտացնել իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ, բայց կա մի կարմիր գիծ, որը չի անցնի: Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը կբերի նրան, որ  կրկին կսրվեն ԱՄՆ-Իրան հարաբերությունները, իսկ Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ տեսնել անկանխատեսելի Իրան: Եթե մեր հարևան երկրում նախագահ ընտրվի պահպանողական և Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ գծի կողմնակից (hardliner) Ռայիսին, ապա շատ հնարավոր է, որ Իրանը ԱՄՆ նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի, ինչն էլ կբերի այդ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը: Իսկ ահա Ռոուհանիի վերընտրվելու դեպքում, ԱՄՆ-Իրան հարաբերությունները թեև կմնան լարված, բայց նոր պատժամիջոցների սահմանման հավանականությունը փոքր է:

Ամենաընթերցվածը