Կա մի զանգված, որ տևական ժամանակ կեղտ է ման գալիս ԵԼՔ դաշինքի վրա

    • Հարցազրույց - 18 Մայիսի 2017, 18:37
Մեր զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը

Պատկերացնո՞ւմ եք արդյոք Ձեր աշխատանքը ԱԺ-ում, IT ոլոտից  քաղաքականություն, հիմա արդեն խմբակցության քարտուղար։

Ես այս խորհրդարանը դիտարկում եմ որպես հնարավորությունների խորհրդարան։ Մենք մտել ենք ԱԺ ինը մանդատով՝ բոլոր հնարավորություններն օգտագործելու, երկրում որոշ փոփոխություններ իրականացնելու, մանավանդ արժեհամակարգի, առնվազն մարդկանց մոտ պատգամավորների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության դաշտում։ Իրականում լուրջ բեռ ենք մեր ուսերին վերցրել, որովհետև մենք, ունենալով քաղաքացիական ակտիվ անցյալ, հիմա մտնում ենք մի դաշտ, որտեղ արդեն առաջին «լիգայում» ենք խաղում, և առաջին հերթին պատասխանատվություն ենք կրում մեր ընտրողների առաջ։ Մենք երկար ժամանակ խոսում էինք «ընտրողի ինստիտուտն ընդդեմ քվեարկողի» մասին, և սա հենց այդ ընտրողի ինստիտուտի կայացումն է, որովհետև մարդիկ, ովքեր մեզ ընտրել են, այդ նույն մարդիկ են, ովքեր  գալիս են մեր դրամահավաքներին, և հիմա մեզնից պահանջելու են և դրանով նաև մեզ վերահսկելու են։ Եվ մենք հիմա հնարավորություն ունենք շատուշատ բաներ փոխել միայն մեր աշխատանքով։ Մենք ցույց տվեցինք, որ եթե մարդն ունի գիտելիք և չի տրտնջում աշխատանքից, պատրաստ է քրտնաջան աշխատել, կարող է հասնել շատ բաների։ Այն, որ մենք հիմա ԱԺ-ում ենք, մեր գիտելիքների, մեր հմտությունների և նաև մեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ ԱԺ-ում նույն ոճով աշխատելու ենք և փորձելու ենք հնարավորինս շատ փոփոխություններ բերել ի շահ մեր երկրի, ի շահ մեր ժողովրդի։

Շատերը նշում են, որ կարճ ժամանակ անց ԵԼՔ դաշինքը կպառակտվի։ Ի՞նչ եք կարծում, արդյոք կկարողանա՞ք առաջիկա տարիներին առանց պառակտվելու աշխատել և մյուս ընտրություններին շատ ավելի լուրջ հայտ ներկայացնել և արդյունք գրանցել։

Դուք հիշում եք, երբ մենք ընտրում էինք դաշինքի առաջին համարը,  շատ հետաքրքիր մթնոլորտում անցավ։ Եվ երբևէ Հայաստանի քաղաքական դաշտում նման երևույթ տեղի չէր ունեցել, դրական մթնոլորտում անցավ, բոլորը շնորհավորեցին նրան, ով ընտրվեց։ Եվ մեր դաշինքում այդպիսի ջերմ և քաղաքակիրթ մթնոլորտ է տիրում, և ոչինչ չի խանգարի մեզ առաջիկա հինգ տարիներին։ Անգամ կոնֆլիկտին մոտ որևէ բան չկա դաշինքի ներսում։ Իսկ կա համացանցային ակտիվիստների զանգված, որ տևական ժամանակ կեղտ են ման գալիս ԵԼՔ դաշինքի վրա։ Ում հետ ասես մեզ կապեցին, բայց երբեք փաստեր չեղան, և հիմա էլ փորձում են մեր առաջիկա հաջողությունների դեմ խոսել՝ իրենց Վանգայի տեղը դնելով և փորձելով կանխագուշակումներ անել, թե երբ կպառակտվենք։ Եվ եթե ներկա լինեիք խմբակցության ղեկավարի ընտրությանը, կտեսնեիք, որ երբևէ նման ջերմ մթնոլորտում, քննարկումների արդյունքում չեն ընտրել խմբակցության ղեկավար։

Ամենաշատը քննադատվեց 15000 դրամների առաջարկը։ Նաև նշվեց, որ ԵԼՔ դաշինքից որևէ մեկը չգտնվեց, որ չհամաձայնվեր այդ առաջարկին, բոլորը փորձեցին պաշտպանել այդ առաջարկը։

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դաշինքի որոշումները կայացնում ենք կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ դաշինքում մինչև յուրաքանչյուրը չի փաստում, որ որոշումը ճիշտ է, եթե նույնիսկ մի փոքր կասկածում է, վստահելով գործընկերներին՝ համաձայնվում է մինչև վերջ պաշտպանել այդ որոշումը, և դա է ուժեղ թիմի գրավականը։ Թեև շատերը կային, որ դեմ էին արտահայտվել այդ նախագծին, շատերը կային, որ թերահավատորեն էին վերաբերվում դրա արդյունքներին, բայց բոլորը պաշտպանեցին այդ գաղափարը։ Իսկ քննադատողներին կտայի այս հարցը՝ իսկ ինչ եք արել դուք ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, բոլորը գիտեն, թե ով է իրենց բակում բաժանում ընտրակաշառք, ինչո՞ւ չեն զանգել ոստիկանություն։ Իրենց ժարգոնով ձևակերպած՝ իրենք ոստիկանություն զանգողը չեն և գողական են, բայց ուզում են պայքարել ընտրակաշառքի դեմ, պետք է ուղղակի բռնել և ծեծել ընտրակաշառք բաժանողին, բայց իրենք ոչինչ չեն արել ընտրակաշառքի դեմ պայքարելու համար։ Շատ մտորումների արդյունքում՝ հասկանալով, որ ռիսկի ենք դիմում, գնացինք այդ ռիսկին, որ կարողանանք պայքարել ընտրակաշառքի դեմ։

Այդ նախագիծը, ըստ էության, տապալվե՞ց։

Պրոյեկտը չտապալվեց, և դա ապացուցում են ընտրության արդյունքները։ Մենք ոչ մի ձայն չենք կորցրել Երևանում մեկ ամիս առաջ ընտրություններում մեր ձեռք բերած ձայներից։

Բայց ոչ էլ ավելացրել եք այդ թիվը։

Տեսեք՝ միգուցե այն չաշխատեց ձայներ ավելացնելու համար, և կաշառվող զանգվածը, որ հույս ունեինք ազատել կաշառք վերցնելու դրդապատճառներից, ուղղակի չգնացին այդ քայլին, և գնացին սուսուփուս վերցրին այն կաշառքը, և անգրագետ, կույր ներկայանալով՝ թողեցին, որ իրենց փոխարեն քվեարկեն։ Այս պարագայում միգուցե, բայց պրոյեկտը միանշանակ վնաս չտվեց։ Եվ մենք այսօր ունեն ԱՅՈ քվե Երևան քաղաքում և պետք է փորձենք բազմապատկել։ Եվ առաջիկա տարիներին մեր խնդիրը դա է լինելու։

Այսինքն՝ արձանագրում եք, որ հենց այդ հատվածի հետ հնարավոր չեղավ աշխատել այս ընթացքում։

Ժամանակը շատ կարճ էր, մեկ ամիսը շատ քիչ ժամանակահատված էր։ Եթե ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան դիմած չլիներ և խորհրդարանն ավելի վաղ ձևավորված լիներ, միգուցե մենք նաև մեր խորհրդարանական աշխատանքով կկարողանայինք ցույց տալ, թե քաղաքական դաշտում գործող ինչ թիմ ենք, քանի որ մեզ մարդիկ տեսել են որպես ակտիվիստ, որպես մեր աշխատանքում հաջողված մարդիկ, բայց չեն տեսել քաղաքական ռեալ գործունեությամբ զբաղվելիս։ Առաջիկա ժամանակահատվածը լինելու է ռեալ քաղաքական աշխատանք կատարելու ժամանակահատվածը, և մենք ցույց կտանք, որ պրոֆեսիոնալ ենք ցանկացած ոլորտում։

Ամենաընթերցվածը