Չի կարող վերադարձ լինել անցյալին, այդ թվում սահմանների առումով

    • Հարցազրույց - 18 Մայիսի 2017, 11:10
Մեր զրուցակիցն է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, Արցախի ՊՆ-ն պատժիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել։ Սա նախորդ օրը հակառակորդի դրսևորած ակտիվության պատասխա՞նն է։

Մենք համարժեք պատասխան ենք տալիս ցանկացած ահաբեկչական ոտնձգության։ Մենք երբևէ առաջինը չենք խախտում զինադադարի ռեժիմը, ընդհակառակը, միշտ կոչ ենք անում, որ հակամարտությունը չունի լուծման ռազմական ճանապարհ, ոչ թե նրա համար, որ մենք ի վիճակի չենք պաշտպանել, մեր անվտանգությունն ապահովել, այլ նրա համար, որ դա ճիշտ չէ և փակուղի է տանում։ Բայց Ադրբեջանը միշտ դիմում է արկածախնդրության։ Սա գալիս է Ադրբեջանի ղեկավարության յուրահատկությունից։

Ի տարբերություն Արցախի՝ Ադրբեջանի ղեկավարությունից և ոչ մեկը չի մասնակցել պատերազմական գործողությունների, իր կաշվի վրա չի զգացել՝ ինչ է պատերազմը, դրա համար նրանք պատերազմը դիտում են որպես մի ֆիլմ, բլոկբաստեր։ Իսկ Արցախի ողջ ժողովուրդն անցել է պատերազմով, դրա համար մենք չենք ուզում դրա կրկնությունը։ Բայց դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք, առավել ևս հաստատակամ չենք, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունն ու արժանապատվությունը։

Ադրբեջանը դիմել է սադրիչ գործողությունների և ստացել է համարժեք պատասխան։ Սա փաստորեն ահաբեկչության դեմ հակահարված էր, և կարծում եմ, որ նման հակահարվածի հիմնական մեղավորը նույն Ադրբեջանի հանցավոր իշխանություններն են, որոնք ստիպում են մեզ դիմել նման քայլերի։

Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ծառայո՞ւմ են բանակում, արդյոք նրանց  համար է՞լ այս ամենը հոլիվուդյան ֆիլմ չէ։

Իհարկե ծառայում են, ոնց կարելի է համեմատել դա ադրբեջանցիների հետ։ Մեր բնակչության մեծ մասը, հատկապես Արցախի, շատ լավ գիտի՝ ինչ է պատերազմը. Մեկը կորցրել է իր հարազատին, մեկը՝ ծնողին, մեկը՝ որդուն, մեկը՝ ընկերոջը։ Այսինքն՝ Արցախում որևէ մեկը չկա, որի համար պատերազմն անցած լինի առանց հետևանքի։

Երևի նկատի ունեք Արցախի իշխանություններին, ոչ թե Հայաստանի։

Ես նկատի ունեմ առհասարակ մեր իշխանություններին, առհասարակ մեր հասարակությանը, եկեք չտարանջատենք իշխանություններին հասարակությունից։ Դա Ադրբեջանի իշխանությունների յուրահատկությունն է, մանավանդ, որ առաջին արցախյան պատերազմում միայն Ադրբեջանի սահմանամերձ շրջաններն են զգացել՝ ինչ է պատերազմը, այն էլ ոչ լիարժեք ձևով, որովհետև պատերազմը հիմնականում ընթանում էր Արցախի ներսում և սահմանամերձ որոշ շրջաններում, որոնք մենք ստիպված ազատագրել ենք։ Ադրբեջանի այլ քաղաքներ չեն իմացել՝ ինչ է պատերազմը։ Նրանք չունեին խնդիր շրջափակման հետ, նրանք չգիտեին՝ ինչ են զրկանքները, դրա համար այսպես ասած վիրտուալ իրականության հետ գործ ունեին։ Բայց նրանք պետք է չսխալվեն, որովհետև այս անգամ, եթե Աստված մի արասցե, նման բան լինի, պատերազմը լոկալ կամ վիրտուալ բնույթ չի կրելու։ Դրա համար մենք ասում ենք, որ դեմ ենք պատերազմին, որովհետև միայն աննորմալը կարող է ուրախանալ նույնիսկ հակառակորդի երեխաների, անմեղ բնակչության մահվամբ։ Դրա համար մեր պետության ռազմավարությունն ակտիվ պաշտպանությունն է, մենք երբեք չենք դիմում ագրեսիայի, բայց կանխելու ենք ցանկացած ագրեսիայի փորձ։

Շատերը նշում են, որ «ազգ-բանակ» հայեցակարգի հիմքում պետք է առաջին հերթին հավասարության սկզբունքը դնել, որ բոլորի երեխաները պետք է ծառայեն բանակում՝ անկախ պաշտոնից ու դիրքից։ Չե՞ք կարծում, որ միայն այդ հավասարության դեպքում բանակն ընկալելի կլինի հասարակության համար։

Իհարկե, քանի որ մեր բանակը դեռևս պրոֆեսիոնալ չէ, այսինքն ունենք համընդհանուր զորակոչ, ապա դեմ ենք, որ մտածենք, թե կան կատեգորիաներ, որոնք չպետք է ծառայեն։ Բայց մարդիկ կան, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն ծառայել, մարդիկ կան, որոնք կարող են ազատվել ծառայությունից իրենց մասնագիտության հետ կապված։ Չեմ ասում, որ դա կրի զանգվածային բնույթ, բայց ցանկացած նորմալ երկրում կան կատեգորիաներ, որոնք չեն ծառայում։ Պարտադիր չէ, որ բոլորը գնան բանակ, առավել ևս կանայք, ես անձամբ դեմ եմ դրան։ Կանայք կարող են կամավոր բանակ գնալ, բայց պարտադիր չպետք է լինի։ Ի վերջո, հայ կինը մեր օջախի պահապանն է։ Իսկ մնացած մասով, հիմա մենք ունենք համընդհանուր զորակոչ, մեր բանակը պրոֆեսիոնալ չէ։ Գուցե ինչ-որ ժամանակ դառնա պրոֆեսիոնալ, թեև կան պրոֆեսիոնալ կատեգորիաներ, ասենք սպայական անձնակազմի մի մասը, պայմանագրային զինծառայողներ։

Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքով։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ձեր կարծիքով ինչու է նա նորից հնչեցնում այն։

Մենք բազմիցս անդրադարձել ենք կարգավորման փիլիսոփայությանը։ Այստեղ կա մի կարևոր նրբություն։ Ընդհանրապես դա տրամաբանական բան է, մենք այստեղ չպետք է հայտնագործություն անենք։ Երբ խոսվում է այս կամ այն քայլերի մասին, երբ կողմերից մեկը ինչ-որ պատրաստակամություն է հայտնում ինչ-որ քայլ կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, նա առնվազն պետք է ակնկալի, որ մյուս կողմը պետք է համարժեք քայլ կատարի։ Հիմա տեսեք, երբ Ադրբեջանը նման հայտարարություն է անում, ինձ թվում է՝ սա ահաբեկչության ևս մեկ ձև է։ Սա ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պարզապես չի ուզում կարգավորում և քողարկված ձևով բանաձևեր է ներկայացնում, որ հետո ասի՝ դե ես ներկայացրել եմ, եթե ստացվի համաձայնել, դուք եք մեղավոր, որ ձեր ճակատագիրն այնպես է, որ նոր ցեղասպանություն տեղի ունեցավ։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում «տարածքներ խաղաղության դիմաց»։ Այդ կատեգորիաները համարժե՞ք են իրար հետ։ Ես սա հարցնում եմ որպես տրամաբանություն ունեցող մարդ։ Խաղաղության դիմաց կարող է լինել միայն խաղաղությունը։ Երբ Ադրբեջանն ասում է՝ տվեք մեզ տարածքներ, մենք ձեզ խաղաղություն ենք տալիս, այսինքն՝ խաղաղության խոստում։ Ասենք թե տեսականորեն համաձայնում ենք, ու վաղը իրենք իրենց խոստումը չեն պահում, Արցախը դառնում է անկլավ, ինչպես եղել է 1988-91 թվականներին։ Իմիջիայլոց, այդ սահմանները կենսունակ չէին, և դա ցույց տվեց պատերազմը, այդ սահմանները հակառակորդի համար գայթակղիչ է, որ կարող են շրջափակել և ոչնչացնել Արցախը, որովհետև երբ դու պաշարված ես, անհնար է երկար դիմադրել։ Այսինքն՝ մենք հրաժարվում ենք մեր անվտանգության համակարգից, մեր սահմաններից, ինչը մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է, ու Ադրբեջանը վաղը իր խոստումը չի պահում։ Ինչպես բազմիցս խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ մի քանի զինադադար է կնքվել։

Ադրբեջանը խախտում է իր սեփական օրենքներն ու սահմանադրությունը, երկրի փոխանախագահ է նշանակում առաջին տիկնոջը, ինչը հակասում է հենց իրենց օրենքներին։ Կամ մի պետություն, որ հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, մի մոլագարի, որը գլխատել է քնած հայ սպային, մի պետություն, որտեղ նախագահը բարձր պարգևների է արժանացնում մի անձի, որը գլխատել է պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին, մի պետություն, որ հայտարարում է՝ խոցելու է Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող քաղաքացիական օդանավերը, նման պետությունը կարող է վաղն իր խոստումը պահե՞լ։ Եվ Մամեդյարովի նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի՝ բանակցություններին պատրաստ չլինելը, և սա ժուլիկություն է, որը պարզապես լուրջ չէ։

Խաղաղությունը կարող է լինել միայն խաղաղության դիմաց։ Ուզում են հստակեցնել սահմանների՞ հարցը, թող գան հստակեցնեն։ Կա Շահումյան շրջանի խնդիր, Գետաշենի, Մարտունաշենի, կա Հյուսիսային Արցախ, և եթե ուզում ես քննարկել, պետք է համապարփակ ձևով քննարկել, բայց ասել՝ տարածքներ խաղաղության դիմաց կամ նավթատարի բացում տարածքների դիմաց, պարզապես լուրջ չէ։ Եվ իրենք մեկ բան շատ լավ պետք է հասկանան՝ չի կարող վերադարձ լինել անցյալին, այդ թվում նաև սահմանների առումով։ Տեսեք՝ Ադրբեջանի ներկայիս տարածքները քանի տոկոս են ավելանալու, եթե նա ստանա այն տարածքները, որոնք ուզում է՝ հինգ տոկոսով, մեր դեպքում նշանակում է զիջել 65 տոկոսով, արդյոք սա համարժե՞ք է: Սա ամբիցիաների խնդիր չէ, սա անվտանգության խնդիր է, որից կախված է մեր պետության և ժողովրդի ապագան։

Ամենաընթերցվածը