Դարձյալ նրանք հարձակվեցին, հրթիռակոծեցին թույլ Հայաստանը

    • Հարցազրույց - 17 Մայիսի 2017, 16:54
Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, հակառակորդը Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ կառավարվող հրթիռ է արձակել պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, վնասվել է մեկ ռազմական տեխնիկա։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։

Սա ռազմական գործողություն է, և ուրեմն առաջին հերթին մենք պետք է տեսնենք ռազմական գործողության նպատակ։ Իհարկե, նպատակը քաղաքական է։ Ադրբեջանը միշտ հայտարարում է, որ իրենք պատերազմով հետ ենք վերցնելու տարածքները։ Եվ հիմա իրենք անցել են ռազմական առավելության՝ նոր զինտեխնիկայի, և փորձում են դրանով ազդել մեր կողմի հոգեբանական հավասարակշռության վրա։ Հարցը միայն այն չէ, որ նա ունի առավելություն, Ադրբեջանը միշտ էլ ունեցել է առավելություն, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք քշում էինք իրենց կրակակետերից, որտեղից մեզ հարվածում էին՝ մեկը մյուսի հետևից ազատագրելով, այսինքն՝ այն ժամանակ նրանց զինտեխնիկան ավելի շատ էր գերակշռում, քան հիմա։ Այստեղ հարցը Հայաստանի իշխանության վերաբերմունքն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Նրանք հարվածեցին այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն իր հաղթանակն էր տոնում սեփական ժողովրդի նկատմամբ, խրախճանք և հրավառություն էր կազմակերպել այսպես կոչված հաղթանակից հետո։ Դարձյալ նրանք հարձակվեցին, հրթիռակոծեցին թույլ Հայաստանը, իսկ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որ հանկարծ չուժեղանա պետականությունը։

Վերջին շրջանի զարգացումները ինչի՞ կարող են հանգեցնել։

Կարող է բերեն ռազմական գործողությունների, եթե շարունակվի Հայաստանի իշխանությունների նման վարքը, այս վարքը կհանգեցնի պատերազմի։

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը օրերս անդրադարձել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը և նշել, որ կարգավորումը հնարավոր է խաղաղություն տարածքների դիմաց սկզբունքով։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ինչո՞ւ են հիմա նորից հնչեցնում այն։

Դրան ձգտում են խաղարարար ուժերը, դրան ձգտում են միջնորդ երկրները, բայց մեզ համար դա կատաստրոֆա է։ Ցավոք սրտի, մեր իշխանությունները, առաջին, երկրորդ և երրորդ նախագահները դրան են տարել, նրանք են բերել այդ փակուղուն։ Այդ դրությունից դուրս գալու ելքը՝ ՀՀ իշխանությունը պետք է հրաժարական տա։

Ինչպե՞ս եք գնահատում Վիգեն Սարգսյանի օրերս հնչեցրած կոչը զինծառայողներին։

Կարծում եմ՝ ուղերձը անկեղծ էր։ Եվ որպեսզի նման դեպքերը չկրկնվեն, ընդհանուր առմամբ, այո, կարող է ազդեցություն ունենալ այս հայտարարությունը։ Բայց հայկական բանակում դա չէ պրոբլեմը, բանակում ուղերձը բարոյական է, դրական է, բայց դա հարցի լուծում չէ, պետք է ռեալ քայլեր արվեն բանակում խնդիրները լուծելու համար։ Բանակում պետք է կառուցվածքային փոփոխություններ լինեն, բանակում պետք է վերացվեն միջանձնային հարաբերությունները ճշտող գրեթե բոլոր կառույցները, պետք է միայն մնա հրամանատարական հետաքննությունը, զինդատախազությունը և դատարանը, բայց այսօր դրա հետ մեկտեղ ունենք ևս 6-7 կառույց, որը քանդում է  բանակը։ Բանակում պետք է արդարություն լինի և պետք է ծառայեն բոլորը հավասար։ Արդարությունը լոկ բառ չէ, դա այն է, որ բոլորի երեխաները պետք է գնան ծառայեն, այլապես ինչ է ստացվում, իշխանությունները մատների արանքով են նայում բանակին, Հայաստանը թալանողների երեխաները չեն ծառայում, ռամիկի երեխաներն են ծառայում, ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որ զոհեր չլինեն։

Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան նույնպես պատրաստ է պայքարել «Իսլամական պետության» դեմ։ Կարծում եք՝ այս հայտարարությունը քննարկվե՞լ է ՀՀ իշխանությունների հետ։

Ոչ, ես կարծում եմ՝ ով ինչ ուզում հայտարարում է, Հայաստանին հաշվի չեն առնում, որովհետև ՀՀ իշխանությունները արտաքին հարաբերություններում այնպես են պահում, որ իրենց ծաղրում են և հաշվի չեն նստում։ Եվ իհարկե սա պետականության թուլության մասին է խոսում։ Եվ եթե Հայաստանն ունենար ուժեղ պետականություն, առանց Հայաստանի իշխանությունների հետ պայմանավորվելու նման հայտարարություն չէր արվի։ Սա, վստահաբար, առանց պայմանավորվածության հայտարարություն է։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի Արցախի խնդրում աշխուժանալու անհրաժեշտություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Այսօր բոլոր կողմերը ցանկանում են, որ Հարավային Կովկասում կոնֆլիկտը վերջանա։ Կոնկրետ ՀՀ իշխանությունները՝ սկսած 94 թվականից, բռնել են հակազգային, հակահայկական գիծ՝ տարածքներ խաղաղության դիմաց, բայց տեսեք՝ ազերիները դրան էլ համաձայն չեն, նրանք ուզում են ամբողջությամբ Ղարաբաղն ու Զանգեզուրը։ Իսկ համանախագահներն ընդամենը առաջնորդվում են կողմերի համաձայության վրա։ Կոնկրետ մեր պետական այրերը համաձայն են տարածքներ հանձնելուն։

Ամենաընթերցվածը